1 ՄԻԼԻՈՆ ԳԼԵՆԴԵՅԼՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ Հ. Ծ. Կալիֆոռնիայի օրենսդիր մարմինը հաստատել է 2016-17 ֆինանսական տարվա բյուջեն, որն ընդգրկում է մեկ միլիոն ամերիկյան դոլար հատկացնել Գլենդեյլում ամերիկահայկական թանգարան կառուցելու, ինչպես նաեւ 500 հազար դոլարՙ «Լարք երաժշտական ընկերությանը» աջակցելու համար: Այս մասին է տեղեկացնում Սակրամենտոյից (Կալիֆոռնիա) ստացված հաղորդագրությունը: Թանգարանը կամուրջ է հանդիսանալու խթանելու իրարհասկացողությունը Լոս Անջելեսում եւ նրա շրջակայքում ապրող ամենատարբեր մշակույթների ներկայացուցիչների միջեւ, ինչպես նաեւ պահպանելու հայկական ժառանգությունն ու մշակույթը եւ օտարներին տեղեկացնելու հայոց պատմությանը: «Անցյալի մեր պատմությունը ներկայացնող հայկական այս թանգարանը հիանալի հավելում է լինելու մեր նահանգի մշակութային եւ պատմական կառույցներին», նշել է այս առթիվ 46-րդ շրջանային խորհրդի անդամներից Ադրին Նազարյանը : Մյուս կողմից «Լարք երաժշտական ընկերությունը» հայ երաժիշտների մի խումբ է, որ մեծ ժողովրդականություն է վայելում եւ ընդարձակելով իր գործունեությունը ավելի քան 300 համերգներ է կազմակերպել, 5 խտասկավառակ լույս ընծայել եւ խրախուսել երիտասարդներին մասնակցելու նահանգային եւ միջազգային մրցույթների: Դրամական աջակցությունը խրախուսելու է խմբին էլ ավելի ընդարձակելու իր գործունեության ծավալները: |