ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Ղազախստանը, որը փորձում է կողմ քաշվել համաշխարհային տեղեկատվական պատերազմներից, ներքաշված է գլոբալ առճակատման մեջ: Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Ղազախստանն իբրեւ Կենտրոնական Ասիայի առանցքային հանրապետություն ընտրված է որպես նոր հարթակ տեղեկատվական պատերազմի հերթական ռաունդի համար: Եվ եթե առաջ պաշտոնական Աստանան կողմ էր քաշվում դրանում մասնակցությունից, ապա այսօր կանգնած է ընտրության առջեւ, թե ինչպե՞ս կպահեն իրենց իշխանություններն այսուհետեւ: Այստեղ արժե հասկանալ, որ աշխարհում այսօր հայտնվել է երկու Ղազախստանՙ մեկը իրական, որը շարունակում է խաղաղ ապրել եւ աշխատել: Երկրորդըՙ վիրտուալ, որը ներկայացնում է ծռմռված եւ հաճախ գրոտեսկային պատկեր: Առաջինի հետ ես էլ եմ ծանոթ, քանի որ գործերով լինում եմ Աստանայում, իսկ երկրորդի հետ զարմանքով սկսեցի ծանոթանալ վերջերս: Ինչո՞ւ զարմանքով: Այն պատճառով, որ առաջին անգամ տեսա, թե ինչպես են տեղի ունենում անկախ պետության տեղեկատվական ռմբակոծումները: Թե ինչպես աշխարհի տարածքից «կրակահերթերով» մշակում են ինտերնետային բոտերը եւ տրոլի բլոգերները, որոնք ինտերնետ տարածքը կեղտոտում են տարբեր տեսակի զեղծումներով եւ կեղծիքներով: Այսօր, նույնիսկ չլինելով Ղազախստանի գծով մասնագետ, կարելի է տեսնել, թե ինչպես է աճել բացասական տեղեկատվության թրաֆիքը այդ երկրի մասին: Բնական է, որ հարց է առաջանում, ընդհանրապես ի՞նչ է կատարվում: Ինչպես պարզվեց, հարցերի հարց դարձավ հողի հարցը: Հենց այդ թեման է գերակշռում սոցիալական ցանցներում, հանրապետության պետական եւ ոչ պետական ԶԼՄ-ներում: Խոսքը Ղազախստանի Հանրապետության Հողային օրենսգրքի մեջ ընդունված ուղղումների մասին է, որոնք կարծես օտարերկրացիներին թույլ են տալիս ղազախստանյան հողը ձեռք բերել իբրեւ մասնավոր սեփականություն: Բնական է, որ դա առաջացրել է հասարակության դժգոհությունը: Սակայն իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ հողը չէ գլխավորը: Առավել եւս, որ սոցիալական դժգոհության համար առիթը, մեղմ ասած, հայտնվեց դատարկ տեղում: Եթե նայենք ավելի խորը, ապա աղմուկը բարձրացավ հողային օրենսգրքի լրացումների եւ փոփոխությունների շուրջ, որոնք ծրագրված էին գործի դնել 2016թ. հուլիսի 1-ից: Դրանք, մասնավորապես, ենթադրում են հողակտորների ձեռքբերում որպես մասնավոր սեփականությունՙ աճուրդների միջոցով: Սակայն այդ նորմը վերաբերում է լոկ ղազախստանցիներին: Այդ փաստի մասին անդորրը խախտողները խորամանկորեն լռում են: Այսինքնՙ հողի որեւէ վաճառքի մասին խոսակցություն չի էլ եղել: Օտարերկրյա ներդնողները Ղազախստանում իրավունք ունեն վարձակալել հողը եւ միայն այդքանը: Օրենսդրության լրամշակման համաձայն, որը արվել է 2014թ., այդ ժամկետը երկարաձգվել է 10-ից 25 տարի: Բայց կարեւոր է ուշադրություն դարձնել մի էական մանրուքի: Այդ օրենսդրական նորմը առնվազն մեկ եւ կես տարեկան է ու ավելի վաղ այն երբեք դժգոհություն չի առաջացրել: Երկրորդ, վարձակալման ժամկետի ավելացումը համապատասխանում է Ղազախստանի Հանրապետության ռազմավարական խնդիրներին գյուղատնտեսության մեջ ներդրողներ ներգրավելու ուղղությամբ: Չէ՞ որ սա շատ մեծ կապիտալներ պահանջող ոլորտ է, եւ եթե պետք է ստացվի արդյունք, տասը տարին ուղղակի բավարար չէ: Բայց ինչո՞ւ հենց այսօր է շեշտակի մեծանում բացասական հռետորաբանությունը: Ինչո՞ւ է «վարձակալություն» բառը հետեւողականորեն փոխարինվում «վաճառք» բառով: Ինչո՞ւ է ինչ-որ մեկը հետեւողականորեն ցանկանում համոզել ժողովրդին, որ օտարերկրյա վարձակալողը անպայմանորեն «օկուպացնելու է» իրեն հատկացված հողակտորը: Ամեն ինչ շատ պարզ է դառնում, որովհետեւ չլիներ հողի թեման, անպայմանորեն կառաջանար ուրիշը: Չէ՞ որ անդրկուլիսյան քաղտեխնոլոգները, որոնք թողարկում են Ղազախստանում ապակայունացման սցենարը, գործում են մի սկզբունքովՙ ինչքան ահավոր է սուտը, այնքան հեշտ են մարդիկ դրան հավատում: Այդ նույն շարքից են բացահայտ ֆեյքերը, որոնք վարկաբեկում են Ղազախստանի իրավապահ մարմինների հեղինակությունը: 2016թ. մայիսի 1-ին, իսկ դա Միասնության տոնն է, սոցիալական ցանցները եւ բջջային հավելվածները պայթեցրեցին արյունաքամ եղած մարդու լուսանկարը, որը կարծես թե տուժել էր Կըզըլօրդա քաղաքում ոստիկանի ձեռքից: Սակայն պարզվեց, որ այդ լուսանկարը վերցված է «AJANSHABERLER» կայքից եւ վերաբերում է այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել 2015թ., ըստ երեւույթին, Չինաստանում: Սակյան դա բազմաթիվ փաստերից մեկն է, որը վկայում է, որ ինչ-որ ուժեր Ղազախստանին տեղեկատվական պատերազմ են հայտարարել: Ինչպես հողային հակամարտությունը բառացիորեն քամված էր մատից, այնպես էլ այլ արդիական թեմաներ գիտակցաբար կեղծվում ենՙ մարդկանց գիտակցության մեջ դնելով ապակայունացնող հրահանգներ: Հաճախ դրան նպաստում է ձգձգվող հումքային ճգնաժամը, նավթի եւ մետաղների գների անկումը: Չէ՞ որ Ղազախստանը, որը, ճիշտ է, իրականացնում է մեծ ինդուստրիալիզացիա, սակայն մնում է առայժմ գլխավորապես հումքային երկիր: Իշխանությունների ինստիտուցիոնալ նախաձեռնությունները, որոնք Ղազախստանում կոչվում են «Ազգի պլան-100 քայլ», հենց ուղղված են վերացնելու ածխաջրածնային կախվածությունը: Տնտեսության մեջ դա դրսեւորվում է համաշխարհային շուկայում ազատ տիրույթներ փնտրելու մեջ, որտեղ Ղազախստանը կարող էր դառնալ իսկապես մրցունակ: Այդպիսի տիրույթներից մեկը հենց գյուղատնտեսությունն է: Հենց այս ոլորտում գործարկվում է 22 խոշորագույն ծրագիր 1 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով: Բայց սա էլ միայն սկիզբն է: Ղազախստանի նախագահի վերջին արտասահմանյան այցերը ցույց են տվել, որ այդ ոլորտը առաջացնում է Իրանի եւ Թուրքիայի, էլի մի քանի երկրների մեծ հետաքրքրությունը: Ամբողջությամբ վերցրած, այս ամենը երկրին պետք է որ տա նոր ներդրումներ եւ առաջադեմ տեխնոլոգիաներ: Թույլ կտա զարգացնելու հանրապետության գյուղատնտեսական ներուժը: Ղազախստանում փաստարկում են, թե այդպես է ժամանակին վարվել նաեւ Թուրքիան: Անվճար օտարերկրյա բիզնեսին վարձակալության տալով միջերկրածովյան ափամերձ տարարծքները, եւ արդյունքում կառուցել հզոր զբոսաշրջային ինդուստրիա: Այսինքն, օգուտներն ակնհայտ են, բայց ի՞նչ է կատարվում արդյունքում: Տեսնում ենք, որ հանկարծ, ամենաանհարմար պահին սկսում են հանրային քննարկումներ հողային հարցով, որն անսպասելիորեն ստանում է հզոր պոռթկում: Չնայած խոշոր հաշվով երկրում իրավիճակը մնում է կայուն, սակայն սոցիալական ցանցերում եռում են բոլորովին էլ ոչ կատակային կրքերը, որոնց նպատակներից մեկը իշխանության բացասական իմիջի կերտումն է: Թե սա ինչ է իր մեջ պարունակում, հասկանալի է ցանկացած մեկին: Առնվազն, ներդրողները, որոնցից շատերը ծրագրում են մտնել Ղազախստան, կվերանայեն իրենց քաղաքականությունն այդ երկրի հանդեպ: Որոշ ոչ կառավարական կազմակերպություններ Ղազախստանի բարեկեցության նկատմամբ իրենց մտացածին հոգատարության մեջ վարում են ուղղակի քայքայիչ գործունեություն: Պայքարը ներդրողների հետ, նրանց ունեցվածքի ազգայնացման կոչերը, կրթական բարեփոխումների քննադատությունները, գործի են դրվում ցանկացած փաստարկներ: Եվ եթե դրանք չկան, ապա հորինվում են: Հայտնի է, որ նման դեպքերում փնտրվում է որեւէ սակրալ կերպար, որը կարող է ապահովել սոցիալական պայթյուն: Ոստիկանների կողմից ծեծված հնարված կերպարը միայն մեկ փորձ է «վառելու» հասարակությանը, փորփրելու հանրային կարծիքը: Այնպես որ, իմ կարծիքով շատ շուտով արժե սպասել ինչ-որ սադրանքներ: Իհարկե, շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ո՞ւմ է պետք քայքայել կայունությունը մի երկրում, որն աշխարհում զբաղեցնում է 9-րդ տեղն իր տարածքով եւ գտնվում է աշխարհի երկու հզոր դերակատարներիՙ Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ: Այս հարցը բաց եմ թողնում, որովհետեւ կոնսպիրոլոգիական տեսությունների կողմնակից չեմ: Բայց դրա փոխարեն հեշտությամբ կարելի է ասել, թե ի՞նչ կլինի, եթե Ղազախստանում փորձեն կրկնել Ուկրաինայի կամ Ղրղզստանի սցենարները: Այդ դեպքում պետք է հիմնավորապես մոռանան երկրի տնտեսության ամրապնդման մասին, այն այդպես էլ կմնա հումքային ասեղի վրա եւ կլինի շատ խոցելի: Դա կարող է քայքայել Ղազախստանի ծրագրերըՙ դառնալու տրանսպորտային եւ ֆինանսական հաբ Եվրասիայում: Մասնավորապես, եթե խոսել տարանցիկ ներուժի մասին, ապա Աստանան ակտիվ մասնակիցն է «Մեկ գոտիՙ մեկ ուղի» ծագրի: Այն երկիրը դարձնում է տրանսպորտային կամուրջ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ, իսկ նկատի ունենալով Թուրքմենստանի եւ Իրանի միջով դեպի Պարսից ծոց ճանապարհի բացումը, ճանապարհ է բացում Հյուսիս-Հարավ առանցքով: Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւն այսօր հանդիսանում է անվիճելի միջնորդ, որը հնարավորություն է տալիս կառուցելու սերտ փոխհարաբերություններ ԵԱՏՄ-ի եւ Եվրոպական Միության միջեւՙ փորձելով մոտեցնել երկու ինտեգրացիոն միավորումների դիրքորոշումները: Հենց դեպի Ղազախստան են գնում այն պետությունների ներդրումները, որոնք դժվարություններ են զգում Ռուսաստանի հետ աշխատանքում (խոսքը, մասնավորապես, թուրքական բիզնեսի մասին է): Այսպիսով ամբողջական կարծիք է ձեւավորվում, որ տեղեկատվական հարձակումը նպատակ ունի պայթեցնելու ոչ միայն բուն Ղազախստանի տնտեսական աճը, որքան նաեւ նրա հարեւանների: Ինձ թույլ եմ տալիս մտածել, որ ոչ մեկը նպատակ չունի ավերել Ղազախստանը որպես ինքիշխան պետություն: Վերջին հաշվով այդ երկրի ամրության պաշարը շատ մեծ է: Բայց կյանքը բարդացնել միշտ կարելի փորձել: Աճող գլոբալ առճակատման համապատկերում նման ռազմավարությունը կարող է հետապնդել մի քանի նպատակներ եւ դրանցից մեկը ստիպելն է Աստանային փոխելու իր բազմավեկտոր քաղաքականությունը, ընտրելու ինչ-որ մեկի կողմը հասունացող գլոբալ առճակատման մեջ: |