ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱԾ ԱՐԴԻԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԼԻԻՐԱՎ ԱՆԴԱՄ ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Մտորումներ Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ Հանրահայտ արեւելագետ-պատմաբանի այս ծավալուն հոդվածը ստացել էինք Ամանորի նախօրեին: Տարեվերջի մեր համարում բնականաբար չէինք կարող սկսել հոդվածի հրատարակումը- արձակուրդային ավելի քան երկշաբաթյա ընդմիջումը շատ երկար կլիներ բովանդակության ընկալման տեսակետից, եւ, միաժամանակ, շատերին կարող էր այն թվալ, որ մեր հանրապետության 25-ամյակի առթիվ ընդամենը պարտականական եւ պարագայական մի նյութ, ինչպես սովորաբար լինում է մեր իրականության մեջ: Այնինչ, ներկա եւ հաջորդ երկու համարներում հրապարակվող հոդվածը, հեղինակի մոտեցումներին հավատարիմ, պարունակում է խիստ ուշագրավ ընդհանրացումներ, որոնք դուրս են հոբելյանական ու պարագայական շրջանակներից եւ հանդիսանում են, մեր կարծիքով, մնայուն գնահատականներ, անգամՙ ուղեգիծ մեր ժողովրդի հետագա պատմության համար: Մինչ հոդվածաշարն սկսելը ուրախությամբ տեղեկացնենք, որ դեկտեմբերի 20-ին, Մայր աթոռ Սբ. Էջմիածնում, ձեռամբ Ամենայն հայոց հայրապետի, պրոֆ. Ն. Հովհաննիսյանն արժանացավ «Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ» շքանշանին, որի համար ջերմորեն շնորհավորում ենք նրան: Խմբ. 1. ՀԱՅԵՐԸ ՊԵՏՈՒԹԵՆԱՍՏԵՂԾ ԱԶԳ Աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկըՙ հայ ժողովուրդը, ունի իրեն բնորոշ մի շարք բարձրարժեք որակներ եւ յուրահատկություններ: Նա պետութենաստեղծ ազգ է եւ այդ առումով տարբերվում է շատուշատ ժողովուրդներից: Դարերի ընթացքում նա բազմիցս ստեղծել է իր պետականությունը, կորցրել, նորից ստեղծել եւ նորից կորցրել: Բայց անկախ պետականություն ունենալու հայերի ձգտումը մնացել է անկոտրում: Եթե թվարկելու լինենք հայոց պետականություններն ըստ դինաստիաների, ապա կստացվի հետեւյալ պատկերը. Երվանդունիների թագավորություն (մ.թ.ա.570-մ.թ.ա.201թթ.), Արտաշիսյան թագավորություն (մ.թ.ա. 189-մ.թ.1թթ.), Արշակունիների թագավորություն (66-428թթ.), Բագրատունիների թագավորություն ( 885-1045թթ: ): Եվ ամենակարեւորըՙ հայերը պատկանում են այն քիչ ժողովուրդների շարքին, որը մ.թ.ա. I դարում ստեղծել է կայսրություն, եւ նրա կայսրըՙ Տիգրան Մեծը, կրել է «Արքայից արքա» տիտղոսը: Պետության գաղափարն ամուր նստած է հայության գեներում, եւ նա ուր գնում է, որ երկրում հաստատվում է, պետության գաղափարն իր հետ է տանում : Դրա վառ օրինակը Կիլիկիան է, որտեղ Մեծ Հայքից կենտրոնացված հայությունը 1080թ. ստեղծեց իր նոր պետությունըՙ Կիլիկիայի Ռուբինյան Հայկական Իշխանապետությունը, որը 1198թ. վերածվեց Կիլիկիայի Հայկական Թագավորության: Նա գոյություն ունեցավ ավելի քան 300 տարիՙ 1080-1375թթ : Հաստատվելով օտար երկրներում, հայկական հավաքականությունը որպես կանոն ակտիվ դերակատարում է ունեցել օտար ժողովուրդների պետական կառավարման համակարգում, այդ պետությունների ամրապնդման ու կայացման գործում, որը հաստատվում է բազմաթիվ օրինակներով: 867-1057թթ. Բյուզանդական կայսրությունում հաստատվել էր Հայկական դինաստիան, որի հիմնադիը եղել է Բարսեղ Առաջինը: Կայսրությունը, մոտ երկու դար, կառավարել են հայազգի կայսրերը: Սակայն հայերի ղեկավար դերակատարումը չի սահամանափակվել միայն Բյուզանդիայով: Հայկական դինաստիան բախտորոշ դերակատարում է ունեցել Ռուսիայի ճակատագրում, կապված 988թ. Ռուսիայի քրիստոնեության ընդունման հետ : Բյուզանդիայի հայազգի համակայսրերիՙ Բարսեղ Երկրորդ Բուլղարասպան եւ Կոնստատին եղբայրների քույրՙ իշխանուհի Աննան համաձայնվում է ամուսնանալ Ռուսիայի իշխան Վլադիմիր Սվյատոսլավովիչի հետ, պայմանով, որ նա ընդունի քրիստոնեություն: Վերջինս համաձայնվում է եւ «Վերադառնալով մայրաքաղաք (Կիեւ-Ն.Հ.) Վլադիմիրը հրամայում է ոչնչացնել կուռքերը, իսկ ժողովուրդը մկրտվեց Դնեպրում»: Ռուսիան ընդունում է ուղղափառ ( ) քրիստոնեություն: Իսկ պրավոսլավիեն ռուսական պետության հիմքերի հիմքն է: Մյուս կողմից, եթե մի պահ ենթադրենք, որ Ռուսիան ընդուներ իսլամ, ապա դժվար է պատկերացնել, թե ինչպես կընթանար համաշխարհային պատմությունը: Հայոց իշխանուհի Աննան, որը դարձավ Ռուսիայի իշխանի առաջին տիկին, բախտորոշ եւ դրական դերակատարում ունեցավ ոչ միայն Ռուսիայի, այլեւ համաշխարհային պատմության մեջ: Որոշ իմաստով բացառիկ է եղել հայկական քաղաքական էլիտայի եւ ընդհանրապես հայության դերը Արաբական խալիֆայությունում, նրա պետական կյանքում եւ քաղաքականության մեջ, որի մասին են վկայում հետեւյալ փաստերը: Արաբները Հայաստանը նվաճել են VII դարի 40-ականներին : 660 -750թթ. Արաբական խալիֆայությունը կառավարում էր Օմայան դինաստիան, որի կենտրոնը համարվում էր Սիրիան, իսկ մայրաքաղաքըՙ Դամասկոսը: Օմայանները շարունակելով իրենց նվաճողական քաղաքականությունը, իրենց տիրապետությունն են հաստատում ոչ միայն Հայաստանում, այլեւ Վրաստանում, Աղվանքում եւ մերձկասպյան շրջաններում: Օմայան խալիֆա Աբդ ալ-Մալիքը 693թ. ստեղծում է Ատրպատականի, Հայաստանի եւ Ջազիրայի (Միջագետքի) կուսակալությունը եւ նրա փոխարքա նշանակում իր եղբորըՙ Մուհամմադ իբն Մրվանին: Վերջինս 701թ. խալիֆայության կազմում ստեղծում է մի նոր վարչատարածքային միավոր, կոչելով այն Արմինիա: Նրա մեջ մտնում են Հայաստանը, Վիրքը (Ջուրզան ),Առանը (Աղվանքը ) եւ մերձկասպյան շրջանները, որոնց հիման վրա հետագայում ձեւավորվեցին Շիրվանը եւ Դերբենդը (Բաբ ալ Աբվաբ): Արմինիայի մայրաքաղաքը դարձավ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Դվինը` արաբական հնչեղությամբ Դաբիլ: Պատմության մեջ դա բացառիկ երեւույթներից մեկն է, որը սակայն ունի իր բացատրությունը: Արաբները լավատեղյակ էին հայերի պետութենակերտ ունակություններին եւ կարողություններին: Դրա վերաբերյալ գիտելիքները նրանք ձեռք էին բերել դեռեւս մ.թ.ա . I դարում, երբ հայոց Արտաշիսյան Տիգրան Երկրորդ արքան Հայկական պետությունը վերածեց կայսրության եւ սկսեց կրել «Արքայից արքա» տիտղոսը: Այդ կայսրության միջուկը կազմում էին արաբական երկրներըՙ Սիրիան, Լիբանանը, Իրաքը, Հորդանանը, Պաղեստինը եւ կայսրության սահմաններն ընդհուպ մոտեցան Եգիպտոսին: Եվս մեկ կարեւոր հանգամանք: Սիրիան այդ ժամանակ գտնվում էր ներքաղաքական ծանր դրության մեջ եւ ելքը գտավ նրանում, որ մ.թ.ա. 83թ. դիմեց արքայից արքա Տիգրան Մեծին, խնդրելով Սիրիան վերցնել իր հովանավորության ներքո: Հայոց արքան բավարարում է սիրիացիների խնդրանքը եւ այդ նույն թվականին մտնում է Սիրիա, ապա նաեւ վերոնշյալ արաբական երկրները, որոնք մնում են հայկական կայսրության կազմում մոտ քառորդ դար: Պատմական այս կարեւոր իրողությունը խոր հետք է թողել արաբների պատմական հիշողության մեջ, որն իր արտացոլումը գտավ 701թ. աբական խալիֆայության կազմում ստեղծված մի նոր վարչատարածքային միավորի անվանման մեջ, կոչելով այն ոչ թե Վրաստանի կամ Շիրվանի վարչատարածքային միավոր , այլՙ Արմինիա, որն ըստ էության պետություն էր պետության մեջ: 1074 թվականին ծանր դրության մեջ հայտնված Եգիպտոսի Ֆաթիմյան խալիֆա ալ- Մուսթանսիրը օգնության համար դիմում է Ակրի կառավարիչ հայազգի Բադր ալ- Գամալ ալ-Արմանիին, հրավիրելով Կահիրեՙ իրավիճակը փրկելու, անհնազանդ թուրքական գվարդիականներին սանձահարելու եւ երկրում կարգ ու կանոն հաստաելու համար: Ալ-Արմանին (Հայը) շատ արագ եւ փայլուն կերպով իրականացնում է իր առաքելությունըՙ ջախջախիչ պարտության մատնում թուրքական զորքերին եւ այլ անհնազանդ եւ խռովարար ցեղերի, պատժում նրանց, կարգ ու կանոն հաստատում Եգիպտոսում եւ ամրապնդում իր իշխանությունը : Նա դառնում է Եգիպտոսի վեզիր, զորքերի հրամանատար, գլխավորում վարչական ապարատը, դատական համակարգը, ֆաթիմյան քարոզչական համակարգը, խալիֆան նրան նշանակում է էմիր ալ-մումինինՙ հավատացյալների էմիր, իսլամի սուր եւ շնորհում բազմաթիվ այլ կոչումներ: Բադր ալ-Արմանիի զորքերը կազմված էին բացարձակապես հայերից: Երբ խալիֆա ալ-Մուսթանսիրը դիմեց Բադր ալ-Արմանիին ՙ խնդրելով ստանձնել Եգիպտոսի կառավարչի պաշտոնը, նա պայման դրեց խալիֆայի առջեւ, որ իր հետ միայն իր ընտրած զորքերը պետք է լինեն, որոնք հայեր էին: Եվ խալիֆան համաձայնվում է: Զինվորական պաշտոններում ալ-Արմանին նշանակում է միայն հայերի: Իսկ զորքերը կազմված էին հայ հեծյալներից եւ հետեւակից: Փաստորեն Բադր Գամալ ալ-Արմանին իր ձեռքում է կենտրոնացնում խալիֆայության կառավարման ամբողջ ղեկը , որը նրա մահից հետո (1094թ.) անցնում է նրա որդունՙ Աֆդալին եւ նրանց հայազգի հաջորդներին: Շնորհիվ ալ-Արմանիի, Աֆդալի եւ նրանց հաջորդած մյուս հայազգի կառավարիչների հմտության եւ խելացի կառավարման, ինչպես ընդունված է պատմագիտության մեջ, մի ամբողջ հարյուրամյակ կասեցվեց Եգիպտոսի Ֆաթիմյան խալիֆայության (909-1171թթ.) անկումը: Դրա համար արաբները պարտական են միայն ու միայն հայերին: Հայ պետական եւ քաղաքական գործիչներն անջնջելի հետք են թողել նաեւ Եգիպտոսի XIX դարի պատմության մեջ: Բավական է նշել, որ Եգիպտոսի առաջին վարչապետը եղել է Նուբար Նուբարյանը, որն անգնահատելի դեր է խաղացել Եգիպտոսի անկախության եւ ինքնության պահպանման գործում: Հայերը XIX դարում ազդեցիկ դիրքեր են ունեցել ցարական Ռուսաստանում, երբ ռուսական ցար Ալեքսանդր II կայսրության ներքին գործերի նախարար նշանակեց Ռուսաստանի պետական Դումայի անդամ հայազգի զորապետ Միքայել Լոռիս-Մելիքովին, օժտելով նրան բացառիկ իշխանությամբ: Նա փաստորեն դարձավ Ռուսաստանի վարչապետ դիկտատոր (1880-1881թ.), կայսրության երկրորդ դեմքըՙ ցարից հետո: Լոռիս Մելիքովը ցարին է ներկայացնում վարչական եւ տնտեսական վերափոխումների մի ընդարձակ ծրագիր, ըստ որի ցարական Ռուսաստանը ինքնակալ միապետությունից վերածվում էր Սահմանադրական միապետության: Ցարը հավանություն է տալիս Լոռիս-Մելիքովի այդ ծրագրին եւ նույնիսկ 1881թ. մարտի 13-ին ստորագրում համապատասխան հրամանագիր (), այսինքն միայն մի քայլ էր մնացել Ցարական Ռուսաստանը սահմանադրական միապետության վերածելու համար, սակայն նույն օրըՙ 1881թ. մարտի 13-ին, Ալեքսանդր II-ը ահաբեկչության զոհը դարձավ: Նրան հաջորդած Ալեքսանդր III չեղյալ հայտարարեց իր հոր բարեփոխումների վերաբերյալ բոլոր հրամանները, իսկ զորապետ Լոռիս Մելիքովը հեռացավ քաղաքական ասպարեզից: Հայերը նշանակալի դեր են խաղացել նաեւ շահական Իրանի պետական եւ քաղաքական կյանքում (Մալքոմ խան, Եփրեմ խանՙ Իրանի դիկտատոր) եւ Օսմանյան կայսրության պետական համակարգում (արտաքին գործերի նախարար Գալուստ Նորատունկյան, ֆինանսական համակարգում եւ այլ ոլորտներում): Բուն Հայաստանում հայոց պետականությունը վերականգնվել է 1918թ. մայիսի 28-ին, երբ Արեւելյան Հայաստանում հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Այն 1920թ. նոյեմբերի 29 -ին խորհրդայնացվեց, իսկ 1922թ. դեկտեմբերի 30-ին մտավ նորաստեղծ Խորհրդային Միության կազմի մեջ, որով սկսվեց Հայաստանի Երկրորդ Հանրապետության շրջանը: Անգնահատելի է հայ ականավոր պետական, քաղաքական-կուսակցական եւ ռազմական գործիչների ներդրումը Խորհրդային Միությանՙ որպես պետության, կայացման ու հզորացման գործում: Խորհրդային Միությունն անհնար է պատկերացնել առանց Անաստաս Միկոյանի, որը գտնվել է կուսակցական եւ պետական համակարգի ամենաբարձր պաշտոններում, այդ թվում եղել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության նախագահ, որը համազոր է պետության պրեզիդենտի պաշտոնին, Հովհաննես Թեւոսյանի, որը զբաղեցրել է խորհրեւդային Միության Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալի բարձր պաշտոնը, ՌՍՖՍՀ-ի եւ ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի տեղակալ Լեւոն Կարախանի, Խորհրդային Միության Մարշալ Հովհաննես Բաղրամյանի, Նավատորմի ադմիրալ Հովհաննես Իսակովի, ԽՍՀՄ Զրահատանկային զորքերի գլխավոր Մարշալ Համազասպ Բաբաջանյանի, ԽՍՀՄ Ավիացիայի Մարշալ Արմենակ Խանփերյացնի (Խուդյակովի) եւ շատուշատ այլ ականավոր գործիչների: Շարունակելի |