ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՓՈԽԱՐԻՆՎԵԼ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Խնդիր, որ իրենց առջեւ դնում են անգամ գերտերությունները Վերջապես կառավարական մակարդակով անդրադարձ եղավ այնպիսի կարեւոր հարցի, ինչպիսին ներմուծման փոխարինումն է տեղական արտադրանքով: Խնդիր, որն իրենց առջեւ դնում են անգամ աշխարհի հզորագույն երկրներ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, զարմանալի տարօրինակությամբ երբեք չի եղել Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: Երեկ, առաջին անգամ Հայաստանի Հանրապետության գոյության ընթացքում, Հայաստանի վարչապետը հանձնարարական տվեց տնտեսական զարգացման եւ ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներինՙ ուսումնասիրել եւ 20 օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալՙ ըստ առանձին ապրանքների: Մինչդեռ այս մոտեցումը պետք է լիներ ռազմավարականՙ Հայաստանի անկախության ամբողջ շրջանի բոլոր կառավարությունների համար: Ինչեւէ... Ակնհայտ է, որ մեր ներքին շուկայում շատ հաճախ գերակշռում են ապրանքներ, որոնց տեղական համարժեքներըՙ գնային եւ որակական մրցունակ չափանիշներով, արտադրվում են տեղում: Կան նաեւ ապրանքներ, որոնք տեղում չեն արտադրվում, բայց որոշակի բարենպաստ մեկնարկային պայմաններ ստեղծելու պարագայում հնարավոր կլինի դրանց տեղական արտադրությունը կազմակերպել եւ սպառել ոչ միայն ներքին շուկայում, այլեւ արտահանել: Եթե դիտարկենք ներմուծվող ապրանքախմբերը, անմիջապես աչքի կզարնեն այն ապրանքները, որոնց ներմուծումը կարող է կրճատվել տեղական արտադրության հաշվին: Գյուղատնտեսության ոլորտիցՙ 2016-ի 11 ամիսների ընթացքում ներմուծել ենք մոտ 148 մլն դոլարի բուսական ծագման արտադրանքՙ մրգեր եւ բանջարեղեն: Դրանց մեջ մեծ բաժին են կազմում ոչ միայն տեղում չաճող բանանը, անանասը, նարինջը կամ նմանատիպ այլ գյուղմթերքներ, այլեւ խնձորը, տանձը, սալորը եւ այլն: Եթե այս ապրանքների դեպքում խնդիրը գյուղատնտեսության զարգացման համար ընդհանուր առմամբ նպաստավոր պայմաններ ստեղծելն ու արտադրվող բերքի ծավալների ավելացումն է, ապա մյուս դեպքերում խոսքը արդյունաբերական ապրանքների մասին է: Պատրաստի սննդի արտադրանքՙ անցած տարվա 11 ամիսներին ներմուծել ենք մոտ 309 մլն դոլարի ապրանքներ: Միանշանակ է, որ այս ոլորտն ամենամեծ հնարավորություններն ունի փոխարինելու ներմուծվող ապրանքների մեծ մասին: Մսամթերքի, կաթնամթերքի ապրանքատեսականի, քաղցրավենիքներ, ոգելից եւ ոչ ոգելից խմիչքներ եւ այլնՙ բոլորը տեղում արտադրվում են: Ալյուրի արտադրության ծավալները հնարավոր է մեծացնել հացահատիկի ինքնաբավության ավելացմանը զուգահետ: Ձավարեղենի տեսակների մեծ մասը Հայաստանում հնարավոր չէ ստանալ, բայց վերը թվարկված ապրանքները կարող են եւ պետք է լրջորեն նեղացնեն եւ զբաղեցնեն ներմուծվողի տեղը Հայաստանի ներքին շուկայում: Քիմիական արդյունաբերության ապրանքների ներմուծումը հունվար-նոյեմբերին գրեթե 300 մլն դոլարի: Սրանց որոշ մասը տեղում չի արտադրվում, շատերի արտադրությունը տեղում կազմակերպելը իրատեսական չէ: Օրինակՙ չենք կարող արտադրել եվրոպական որակի օծանելիք կամ կոսմետիկ միջոցներ, բայց լվացող, մաքրող միջոցներ, հիգիենայի պարագաներ տեղում արտադրվում են եւ կարող են փոխարինել ներմուծվողներից շատերին: Վերջին տարիներին հայկական դեղամիջոցների արտադրությունը նույնպես զարգացման միտումներ է դրսեւորում: Գոնե այն դեղերը, որոնք տեղում արտադրվում են, կարող են փոքրացնել ներմուծվողների տեղը ներքին շուկայում: Վերոնշյալ ժամանակահատվածում մոտ 240 մլն դոլարի թեթեւ արդյունաբերական ապրանքներՙ ներառյալ կոշկեղեն են ներմուծվել: Ընդ որում, դրանց զգալի մասը թուրքական արտադրության են: Հատկապես ավելի քան 30 մլն դոլար ներմուծված կոշկեղենի փոխարինումը բարձր վարկանիշ եւ ավանդույթներ ունեցող հայկական կոշիկներով միանգամայն իրատեսական է: Առավել եւս, որ ներկայումս գործում են կոշիկ արտադրող հայկական մի շարք ընկերություններՙ իրենց հայտնի դարձած ապրանքանիշներով: Թվարկվածը միայն առավել մեծ ծավալների ներմուծում ունեցող ապրանքներն են, որոնց կարող են էապես փոխարինվել տեղականներով: Սակայն, եթե Հայաստանում արդեն պլանշետներ եւ սմարթֆոններ են արտադրվում, ապա միանշանակ է, որ հնարավոր են մրցունակ արտադրություններ ստեղծել նաեւ այն ոլորտներում, որտեղ դեռ ստեղծված չեն: Կրկին անգամ հարկ է փաստել, որ Հայաստանի տնտեսության զարգացման գրավականը ոչ թե այս կամ այն ապրանք (բանան, վառելիք, հացահատիկ, շաքարավազ եւ այլն) ներմուծողների քանակն ավելացնել-պակասեցնելն է, ինչի մասին հաճախ են խոսում քաղաքական գործիչնեըր, այսպես կոչված փորձագետներն ու լրատվական դաշտի ներկայացուցիչներից ոմանք, այլ ներմուծման փոխարինումը տեղական ապրանքներով: Հենց այս հարցի վրա պետք է շատ ավելի մեծ ուշադրություն կենտրոնացնել : |