RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 13-01-2017



Տեղադրվել է` 2017-01-12 23:46:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 78162, Տպվել է` 643, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՎՈՒՇԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԴԻՆ ԵՎ ՄԻ ՔԻՉ ՀՈՂ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զինուժի դիվերսիոն փորձի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն չտարածեց։ Այսպես մեկ օր, երկու օր, հետո Նոր տարի, հետո հետտոնական խումհար, հետո ավանդական սպաս եւ միայն 12 օր անց Մինսկի խումբը հայտարարություն տարածեց դեկտեմբերի 29-ի դեպքի առնչությամբ։

Անկեղծ ասած, այս հայտարարությունը կարող էր որոշիչ լինել հակամարտության արագ կարգավորման հարցում։ Բանն այն է, որ դեկտեմբերյան դիվերսիայից հետո, հայկական կողմը հստակ հայտարարեց, որ իր տարածքում ադրբեջանցիները թողել են սպանված դիվերսանտի դի եւ առհասարակ հայկական կողմն ունի անհերքելի ապացույցներ, որ նախահարձակ կողմը եղել է հենց Ադրբեջանը։ Այսինքն Մինսկի խումբն իր հայտարարության մեջ, բնականաբար պետք է հաշվի առներ հայկական կողմի ասած այդ ապացույցները, մանավանդ, որ դրանք, ինչպես Երեւանն էր պնդում, անհերքելի են։ Մյուս կողմից, ադրբեջանական կողմը, բնականաբար, հայտարարեց ճիշտ հակառակը, դե այն, որ նախահարձակ են եղել հայերը, իրենք ինչո՞ւ պետք է հարձակվեն Տավուշի վրա, ավելին, Բաքուն միջազգային հանրության, կոնկրետ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ հայկական կողմը պահում է ադրբեջանցի զինվորի դինՙ հրաժարվելով այն հանձնել Ադրբեջանին, ինչն անթույլատրելի է։

Եւ ահա Մինսկի խմբի համանախագահները, այս ամենը մարսելով, տարածեցին իրենց հայտարարությունը։ Միանգամից ասեմ, այն ամենեւին էլ որոշիչ չէՙ հակամարտության արագ կարգավորման տեսանկյունից։ Համանախագահները կրկին հավասարության նշանով կողմերին կոչ են անում պահպանել հրադադարի ռեժիմը, հավատարիմ մնալ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի, պայմանավորվածություններին։ Բայց եթե ամեն ինչ այսպես էլ ավարտվեր, սարսափելի ոչինչ չէր լինի, այնինչ կա։ Եռանախագահները առանց Երեւանի անունը տալու, շեշտում են հակառակորդ կողմի դիերը պահելու անթույլատրելիությունը եւ պահանջում են անհապաղ վերադարձնել դիերը, ավելի կոնկրետՙ ադրբեջանցու դին, քանի որ դեկետմբերյան դիվերսիայից միջազգային հանրությանը հայտնի է միայն այդ դին։ Սա արդեն համանախագահների կողմից ուղղակի ճնշում է Հայաստանին։ Ինչը նշանակում է, որ կամ հայկական կողմի ներկայացրած անհերքելի ապացույցները լավ էլ հերքվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից, ինչը քիչ հավանական է, եթե առհասարակ հավանական է, կամ էլ հայկական կողմն առհասարակ չի էլ ներկայացրել այդ անհերքելի ապացույցները Մինսկի խմբին, այլ բավարարվել է հայտարարությամբ, որ տիրապետում է դրանց, վստահ լինելով, որ եթե Մինսկի խմբին պետք է, թող դիմենՙ տրամադրենք։ Չեն դիմել, քանի որ իրենց պետք չէ, չենք ներկայացրել, քանի որ մեզ է՞լ պետք չէ

Բայց սա դեռ ամենակարեւորը չէ։ Ընդունենք, որ իսկապես միջազգային իրավունքի տեսանկյունից, իրոք անթույլատրելի է հակառակորդ կողմի դիերը պահելը եւ դրանք իրենց երկրներին չհանձնեՙլը։ Եթե հիշում եք, երբ ադրբեջանական կողմը հրաժարվում էր հայկական կողմին հանձնել իր խոցած հայկական ուղղաթիռի զոհված անձնակազմի դիերը (որոնք հայկական կողմը իրականացրած փայլուն օպերացիայի արդյունքում դուրս բերեց չեզոք գոտուց), այդ ժամանակ էլ Մինսկի խումբը Ադրբեջանից էր պահանջումՙ վերադարձնել դիերը։ Այսինքն այստեղ այնքան էլ ճիշտ չէ նշել, թե Մինսկի խումբը ճնշում է Երեւանին, փոխարենը պետք է նշել, որ Մինսկի խմբի եւ ողջ միջազգային հանրության համար իրոք անթույլատրելի է հակառակորդի դիերը պահելը։ Այստեղ առաջանում է ամենաուշագրավ հարցը։ Այդ պարագայում, ինչո՞ւ է Երեւանը պահում ադրբեջանցու դին։ Հասկանալի է, որ ինչ-որ նպատակ ուներ, բայց ի՞նչ։ Չի բացառվում, որ այդ դին այն անհերքելի ապացույցներից մեկն էր, որոնց հայկական կողմը տիրապետում է, ըստ որոնց ադրբեջանական կողմն է նախահարձակ եղել եւ հետեւաբար Երեւանը չէր ցանկանա զրկվել իր տիրապետած անհերքելի ապացույցներից թեկուզ մեկից ու սպասում էր Մինսկի խմբի համանատասխան արձագանքին։ Մինսկի խմբի արձագանքն էլ համապատասխան չեղավ եւ պատահական չէ, որ ՀՀ ԱԳՆ-ն աննախադեպ արագ եւ, եթե կարելի էՙ նուրբ-կոշտ արձագանքեց այդ հայտարարությանը։ Նախարար Նալբանդյանը հայտարարեց. «Հուսով ենք, որ եռանախագահները հետեւողական կլինեն` անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսեւորմանը` հատկապես, երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում։ Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել»։ Նալբանդյանի այսՙ թվացյալ նուրբ հայտարարությունը իրականում կոշտ է, քանի որ սրանով ՀՀ արտգործնախարարը փաստորեն հասկացնում է Մինսկի խմբի համանախագահներին, որ Երեւանը նրանցից հայտարարություն էր պահանջում (ակնկալում), ոչ թե դեպքից 12 օր անց, այլՙ անհապաղ, եւ ավելի հասցեական, խստորեն դատապարտող, ինչը փաստորեն, տեղի չունեցավ։ Ավելին, կարելի է ենթադրել, որ հայկական կողմը ադրբեջանցու դին Բաքվին չի հանձնել հենց այս նպատակով, քանի որ ակնկալել է ստանալ Մինսկի խմբի այնպիսի հայտարարություն, որտեղ ներկայացվի Ադրբեջանի նախահարձակ լինելը։ Չմոռնանք, որ նախքան Մինսկի խմբի հայտարարությունը, երբ ՀՀ ՊՆ-ից հետաքրքրվել էին, թե ե՞րբ է հանձնվելու Ադրբեջանին նրա սպանված դիվերսանտի դին կամ հանձնվելո՞ւ է արդյոք, ՊՆ-ից պատասխանել էին, որ այդ հարցերով զբաղվում է Կարմիր խաչը կամ ՀՀ ԱԳՆ-ն։ Այսինքն հենց ՀՀ ԱԳՆ-ի պլաններում է եղել դիվերսանտի դին չհանձնելը։

Ի՞նչ է այս ամենը նշանակում։ Շատ չվախենաք, բայց մի սարսափելի բան։ Այն, որ Նոր տարում, 2017-ի առաջին օրերին աշխատել է Մինսկի խումբը, աշխատել է Բաքուն, ավելին այս երկուսը միասին էլ են աշխատել, իսկ Երեւանն իր անհերքելի ապացույցներն ամուր փակածՙ համբերատար սպասել է, թե երբ պետք է Վաշինգտոնից, Մոսկվայից եւ Փարիզից դիմեն իրեն, որ այդ ապացույցները ներկայացնի։ Բանն այն է, որ եթե Մինսկի խմբի հայտարարությունը փաստորեն անտեսում է հայկական կողմի տիրապետած անհերքելի ապացույցները, փոխարենը պահանջում անհապաղ հանձնել սպանված ադրբեջանցու դին (այդ ապացույցներից մեկը, եթե ոչ միակը), կնշանակի, որ եռանախագահներն իրենց հայտարարությամբ ամբողջությամբ բավարարում են Բաքվի շահերը

Թե ի՞նչ կորոշի այսքանից հետո Երեւանը, հանձնե՞լ դին, թե՞ որեւէ այլ լուծում գտնել այս խնդիրը լուծելու, որը հենց Երեւանն էլ ստեղծեց ինքն իր համար, դժվար է ասել։ Մի բան միանշանակ է։ Մինսկի խմբի հետ աշխատել է պետք, բայց ոչ թե Վիեննայի կամ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ՀՀ Սահմանադրությունից առավել պահպանելով, կամ ադրբեջանցի դիվերանսատների (որոնք էլի են լինելու) դիերը (որոնք եւս էլի են լինելու) սառը-սառը պահելով, այլ մի քիչ տաքանալով։ Սահմանի՞ն, չգիտեմ, բայց գիտեմ, որ այդ սահմանը տաք պահող Ադրբեջանի պահանջով Մինսկի խումբը պահանջում է Հայաստանից անհապաղ Ադրբեջանին հանձնել սպանված ադրբեջանցի դիվերսանտի դին Եւ հարակից շրջաններըՙ համաձայն մադրիդյան սկզբունքների։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 13-01-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ