«ՀԱՅԿԱՆԴՈՒԽՏԸ» ԴԱՏԻ Է ՏՎԵԼ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը հունվարի 10-ին վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել «Հայկական վերածնունդ» կուսակցության դեմ: Արմենուհի Ղազարյանը հայտնել է, որ իր պահանջն այն է, որ առոչինչ ճանաչվի «Հայկական վերածնունդ» կուսակցության կանոնադրությունը, քանի որ նշված կուսակցությունը հիմնադիր համագումար չի արել, եւ այդ կանոնադրությունը համագումարով չի հաստատվել: Պահանջում է նաեւ պետական ռեգիստրում ՀՎ-ի գրանցումը, որպես կուսակցություն, ճանաչել առոչինչ: Տիկին Ղազարյանի խոսքով` 2016 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցած հիմնադիր համագումարը ոչ թե եղել է «Հայկական վերածնունդ միասնություն» կուսակցության հիմնադիր համագումարը, այլ` «Հայկական վերածնունդ» կուսակցության: Ըստ նրա` սրանք տարբեր բաներ են, եւ դատարանը չի կարող հաշվի չառնել դա: Ղազարյանի կարծիքով` Արթուր Բաղդասարյանը սովորական խաբեբա է: «Մարդուն ճանաչելու համար նրա կողքին պետք է լինես: Շատ կուսակցություններ համախմբվել էին մեկ գաղափարի շուրջ: Երկիրը գտնվում է շատ ճգնաժամային վիճակում: Ուզում էինք օգտակար լինել ամբողջ ժողովրդին, այդ նկատառումներով բոլորս գնացինք այդ քայլին, համախմբվեցինք այդ գաղափարի, այլ ոչ թե Արթուր Բաղդասարյանի անձի շուրջ: Հետո պարզ դարձավ, որ այնտեղ ոչ մի գաղափար էլ չկա, այլ միայն անձի պաշտամունք է»,- շեշտեց նա` հավելելով, որ Արթուր Բաղդասարյանը խաբել է ժողովրդին, հատուկ հրահանգով նպատակ է ունեցել համախմբել այդքան կուսակցություններ` քաղաքական դաշտը մաքրելու համար: Ըստ Ղազարյանի` իր օրինակին են հետեւել նաեւ շատ անհատներ, կուսակցություններ ու ՀԿ-ներ, որոնք իր նման հավատացել էին Բաղդասարյանին: |