ՉՀՈԳՆԵՑԻ՞Ք ԱՐԾՐՈւՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ Ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկում Հայաստանի մասին 7.5 րոպեանոց ռեպորտաժը հերթական ոգեւորության ու հպարտության ալիքն առաջացրեց հայերիս մեջ: Գուցե իրավամբ, գուցե ոչ: Բայց դեռ երկար կխոսենք դարերի խորքից եկող կամ դարերի խորքում այդպես էլ մոռացված-մնացած մշակույթի մասին: Կհպարտանանք ու դեռ երկար ժամանակ, թեկուզ առանց հասկանալու, ատենախոսություններ կպաշտպանենք «Շնորհալու ազդեցությունը...», «Նարեկացու համամարդկային պոեզիան...» ու էլի նմանատիպ թեմաներով, եւ հեռուստացույցը միացնելով` կփշաքաղվենք քաղցր-մեղցր կլկլոցներից կամ կիսամերկ պարուհիների տեսքից: (Չնայած Ապրիլյան պատերազմից հետո կտրուկ աճել է նաեւ ազգային-հայրենասիրական որակյալ երգերի ու տեսահոլովակների քանակը): Ո՞վ ենք մենք, տեր Աստված, վերջապես: Գուցե հենց Նարեկացին ու Քուչակը, Չարենցն ու Սեւա՞կն են «թյուրիմացաբար» հայ ծնվել, հայերեն գրել, աղոթել հայերեն: Գուցե մենք ենք ազգովին մի մեծ թյուրիմացության մեջ, թե իբր այս ու այն ենք տվել մարդկությանը, որ ուրիշները դեռ ծառերի վրա` մենք արդեն համակարգիչ ու iPhone ունեինք, ու դա էլ` ամենաքիչը: Ո՞րն է մերը, հոգեհարազատը` անաղարտ հայերենը, գողտրիկ հայրենները, թե՞ «քուչի լեզուն» ու «մարշռուտկային» ասուխոսը: Ինչին ենք հավատում եւ ինչը մերժում, ինչից ենք տխրում եւ ինչով ուրախանում, ինչպես ենք սիրում եւ ինչպես` ատում: Ո՞վ ենք մենք վերջապես` դեգրադացվող մի հասարակությո՞ւն, որտեղ հարուստներն իրենց փորից ու թիկնապահի վզից այն կողմ չեն տեսնում, իսկ աղքատները ժամ առաջ ձգտում են փախչել «սիրելի» հայրենիքից` հեռուներում երբեւիցե հարստանալու եւ ինչու ոչ` իրենք էլ այդ ժամանակ իրենց փորից ու թիկնապահի վզից այն կողմ չտեսնելու մարմաջով: Ձեւին աղոթող, բովանդակությունից խրտնող ու չհասկացող մի հանրություն, որտեղ չարության պատճառ միայն աղքատությունը չի կարող լինել, այլապես բոլոր հարուստները բարության մարմնացում կլինեին, բոլոր ապահովվածներն էլ` հանդուրժողականության վառ օրինակ: Ինչն է մեր այսքան անհանդուրժողականության պատճառ, ինչն է մեր այսքան չարացած պոռթկման առիթ: Ինչու են ժպիտներն այսքան կեղծ ու կեղծիքը` այսքան ամենուրեք: Որն է մեր կերպարը` աշխատասեր, բազմափեշակ, ընտանիքասեր, կնամեծար ու մեծահարգ մարդը, թե՞ հակառակ սեռին միայն մի տեսանկյունից ընկալող, ճիշտ ու սխալից բան չհասկացող, բայց իբր «ճշտին նվիրված», շքեղ մեքենամեջ արարածը: Ինչու ենք մեզ իրավունք վերապահում բոլորին վերեւից նայելու` ազգովին` այլ ազգերի, անհատապես` մեր պես մյուս անհատների, որոնք մարդ են վերջապես, ասում են` Աստծո նմանությամբ, ու այդքանի հետ էլ` դեռ մի բան էլ` ազգակից ու հայ: ...Ո՞ւր են ճշմարիտ հեղինակությունները` մտավորական թե պարզապես մտածող մարդիկ, որ իրենց տեղը զիջել են «հեղինակություններին» ու թույլ տվել, որ երկիրը դարձնեն մի ընդհանուր «զոն»` իր ուրույն օրենքներով: Լավ, է, ժողովուրդ, չե՞ք հոգնել համատարած բթությունից, անտարբերությունից, «ախպերականությունից», իբր աշխատելուց, իբր` ընտրելուց, իբր ապրելուց: Թե այնքան ենք վերաձեւվել, որ արդեն շատ ուշ է ինչ-որ բան փրկելու ու դրանից կառչելով` առաջ շարժվելու համար: Իսկապես առաջ շարժվելու, ոչ թե, ասենք, հերթական պաշտոնյայի բերանով իբր խորիմաստ մտքեր եւ տնտեսական աճի կամ զարգացման մասին մտքեր լսելով` առաջ գնալու իմիտացիա անելու համար: Մի՞թե չեք հոգնել ամենքին ու ամեն ինչում կասկածելուց, դժգոհելուց, գռփելուց, «քցելուց», խաբելուց, քծնելուց, քսմսվելուց, երեսնիվայր ցեխի մեջ թավալվելուց, կեղծելուց, հայհոյելուց, հուսալքվելուց, չժպտալուց ու... չապրելուց: Մի՞թե չեք հոգնել նույնիսկ հոգնելուց: Մի քանի մարդ է մնացել այս երկրում (չնայած ընտրացուցակներում ավելացել են), ու նույնիսկ եթե անուղղելի իդեալիստ լինեմ` գուցե հավաքվեք այդ մի քանի մարդով ու որոշեք, որ բավական է արդեն... Բավական է չտեսնել, չզգալ, իբր պետություն ունենալ, իբր հայրենիքի մասին մտածել, իբր ընտրություններ բեմադրել, ու էլի լիքը «իբր»-ներ, որ քանդում են առանց այդ էլ չկառուցված մեր տունն ու մարդավայել ապրելու երազանքն ավելի հեռու` հարյուրամյակներ այն կողմ շպրտում: Ու եթե անկեղծ մի բան է մնացել այս երկրում ու մեր հոգիներում` դա ատելությունն է, չարությունը, ագահությունը ու մեծամտությունը: «Իբր» չէ՞ նաեւ երկրից փախչելը` անվերադարձ, երկիրը թողնելով չգիտես ում, բանակն` առանց զինվորի, հողն առանց մշակողի` մեր երեխաներին կտակելով ՈՉԻՆՉ: |