RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017



Տեղադրվել է` 2017-04-04 23:57:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 6340, Տպվել է` 493, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՈՆՈՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ՄԻՋԵՎ

Քարոզարշավը մտել է եզրափակիչ փուլ, սակայն հիմա անգամ կարելի է պնդել` այս փուլում եւս բոլորովին չի փարատվել ընտրողի այն շփոթվածությունը, որը կար ընտրարշավի առաջին օրերին: Ընտրողը քրտնած է, կարելի է ասել` սառը քրտինքի մեջ է, մեծ հաշվով նա չգիտի` ինչ անի, ում ընտրի եւ տարուբերվում է շտաբների դռների ճեղքերին փողի հույսով նայելու ու թագավոր տղերքի տպավորիչ, բազմախոստում ճառերի արանքում:

Քարոզարշավի ընթացքում, ինչպես ափի մեջ, երեւացին բոլոր այն արատները, որոնք առկա են մեր երկրում:

Նախ այն, որ ընտրողը չի հավատում պետությանը, պետական համակարգին, ավելի շատ նրա համար նշանակություն ունեն անձերը` թագավորներ, բարերարներ, կոնկրետ փող տվողներ, սիրուն վարչապետ, տեղական «ասողներ» եւ այլն: Սա պետության զգացողության պակասի հետեւանք է, ինչի ի վերջո մեղավորությունն իշխանությանն է, որը չի կարողացել տասնյակ տարիներով ամրապնդել այդ զգացողությունն իր գործունեությամբ:

Անգամ իշխող կուսակցության նորամուծությունն է նպաստում դրան, երբ թվում է, թե ընդամենը մեկ հոգի է աշխատում երկրում` ուրիշ մարդ, կառուցվածք չկա, ու այդ մեկն էլ տանում է քարոզարշավը: Մի կողմից թվում է, թե դա նպատակին կծառայի, հավատ առաջացնելով, որ իշխող կուսակցության` հակակրանք առաջացնող դեմքերը կանցնեն պատմության գիրկն, ու մի բան կփոխվի: Մյուս կողմից` այդպես ոչնչացվում է համակարգային մտածողության վերջին փշուրը` ամրապնդելով այն պսեւդոգաղափարը, որ կարեւորը ոչ թե պետության կառուցվածքներն են, այլ անձը, փրկիչը:

Այս օրերին ընդհանրապես ամբողջովին ի հայտ են գալիս այն արատները, որոնք օլիգարխիական, մենաշնորհված տնտեսությամբ պետության արգասիք են. ցցուն երեւում է, թե ինչպես են այսուայն մենաշնորհյալներն իրենցով արել Հայաստանի տարածքները, բաժանել ունեցվածքի պես, ինչպիսի կենտրոնախույս մոտեցումներ կան այդ տարածքներում, որ անգամ վարչապետին, որը որպես պետության դեմք պետք է ընկալվեր, ասվում է, թե տվյալ տարածքից մի ձայն անգամ չի ստանալու իշխող կուսակցությունը, այդ տարածքն այսինչինն է:

Դուք կարծում եք`Արշակունիների կամ Բագրատունիների իշխանությունները ժամանակին այլ կերպ են թուլացե՞լ:

Այդ պարագայում զարմանալի չէ, որ գործող իշխանությունը, ճարահատյալ մոնոքարոզչության սնանկությունը ծածկելու, ընտրողի զգոնությունը թուլացնելու եւ շեղելու համար, չի խորշում տարատեսակ տեխնոլոգիաներ կիրառելուց, այդ թվում` զանազան շոուներից, որոնք նախ մոդելավորվում են սեփական ԶԼՄ-ներում, ապա իրականացվում են: Այդ համատեքստում են եւ Սամվել Բաբայանի ձերբակալությունը, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի երրորդ գալուստը` Արցախյան հարցի վերաբերյալ նրա հայտնի տեսակետների վերստին հայտածումով (մոռացվել է գետը երկրորդ անգամ չմտնելու անթույլատրելիությունը, «Հաց բերողին» երկրորդ անգամ ձերբակալելու տխուր հետեւանքը ձեզ օրինակ): Երբ ընտրողը շշմի ինֆորմացիոն հարձակումից եւ տրվի այդ երկու թեմայի բուռն քննարկմանը, կարելի է նաեւ նրան ձեռնասուն դարձնել:

Համենայնդեպս`վարչապետը ժամանակին գլխի չընկավ, որ անընդմեջ խոսելը կարող է հոգնեցնել ընտրողին, արժեզրկել նրա կերպարը, այդ մասին փիար մասնագետները շատ լավ գիտեն ու նրան պիտի որ ասած լինեին: Միգուցե նաեւ վարչապետի կերպարը գունաթափելու եւ մոտիկ ապագայում նրան շանս չտալու այս կե՞րպն է մտածվել:

Մոնոքարոզչության մյուս տարբերակը եւ միգուցե ամենամարդաշատը Գագիկ Ծառուկյանինն է, նրա բառերն էլ արդեն սպառվում են` նույն մտքերը կրկնում ու կրկնում է, բայց շարունակում է ծանրաձողը պահած կանգնել: Երկուսի քարոզչությունն էլ հիշեցնում է ավելի շուտ հանուն վարչապետական աթոռի գլադիատորական պայքար, առհասարակ` Հայաստանում նոր դեմքով (ոչ թե բովանդակությամբ) իշխանություն ձեւավորելու պայքար, քանի որ հենց այդ նպատակն են դրել այս անգամվա ընտրությունները: Հավանաբար այդ նոր դեմքում կարեւոր չի լինելու ՀՀԿ-ի առավելությունը, այլ` բոլոր այն ուժերի համամասնորեն ներկայությւոնը, որոնք կառավարելի են:

Տեր-Պետրոսյանի երրորդ գալուստը

Մեր նախկին գործընկեր, այժմ կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրել է. «2008թ-ին ով կմտածեր որ Հ1-ը Facebook-ում գովազդ կտարածի Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը նայելու մասին, իսկ Լեւոնը Հ1-ի լրագրողին տաղավարում կասիՙ ես Ձեզ քանի անգամ բացատրեմ, ու այդ հատվածը չեն մոնտաժի: Նույն թվականին ո՞վ կմտածեր, որ Հ1-ի տաղավարում լրագրողը կեղտոտ հարցեր կտա Վարդան Օսկանյանին ու աշխատանքից չի ազատվի: 2008-ին Հ1-ը ծաղրում ու պախարակում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, հատկապես Լեւոնի պարելը: Իսկ Օսկանյանի համար Հ1-ով ելույթ ունենալը խաղ ու պար էր: Հիշեցնեմ որ Հայաստանում իշխանափոխություն չի եղել: Հիշեցնեմ նաեւ որ Հ1-ի ագրեսիվ պահվածքի արդյունքում շատ մարդիկ դուրս եկան փողոց ու նրանցից 10-ը զոհվեցին: Կյանքը հիշողության ու մոռացության կռիվ է: Ստիպված ես կյանքին երբեմն հումորով նայել», պատկերավոր նկարագրել է քաղաքական դաշտի մետամորֆոզները մեր նախկին գործընկերը:

Հ1-ի «Օրակարգից դուրս» վերջին հաղորդման` Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույցի վերաբերյալ հանրության արձագանքը բուռն է, որը հենց ցուցիչ է նրան, որ նրա արծարծած խաղաղության թեման, իսկ ավելի ստույգ` Արցախի շուրջ անվտանգության գոտու տարածքների զիջումը` աներաշխիք խաղաղության դիմաց, արձագանք չի գտնում հայ մարդկանց շրջանում, ի տարբերություն Կոնգես-ՀԺԿ դաշինքի, որն իր նախընտարական կարգախոսն է դարձրել թեման:

Տեսնես մեկը կա՞ Ադրբեջանում, որ առաջարկի հաշտվել հայերի հետ` վերադարձնելով Գանձակը, Շահումյանը, Մարտունաշենը, Գետաշենը:

Կամ ինչու այդ հարցը քիչ է, թե դարձել է ընտրություններին մասնակցող ուժերից մեկի կարգախոսը, դեռ նրա ղեկավարին էլ հրավիրում են ավանդույթով պետության խոսափող համարվող հեռուստաընկերություն ու լսում են նրա բազմիցս ծամված ու լավ քննադատված մտքերը նորից ու նորից: Արդյոք այս պահին մեզ պարտադրվո՞ւմ է Մադրիդյան փաստաթղթի ստորագրումը, ու իշխանությունը, համարձակություն չունենալով այդ մասին խոսել, Տեր-Պետրոսյանի ու նրա գլխավորած ուժի միջոցով է ստուգում ազգի հակազդեցության աստիճանը: Եթե դա է` համենայնդեպս իմացավ. 1997 թվականից ի վեր ոչինչ չի փոխվել, ու ով խոսեց «օկուպացված« տարածքները խաղաղության դիմաց վերադարձնելուց ու միջազգային խիստ թեական երաշխիքներից, նա հաջորդ օրվանից ղեկավար չի լինի Հայաստանում: Սա ԵՏՄ մտնելու, կամ ԵՄ-ի հետ փաստաթուղթ ստորագրել-չստորագրելու հարց չէ, որ անսպասելի դեմ տրվի, սա վերաբերվում է զույգ երկրների` Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը, դրա մասին պիտի հարցնել բոլորից: Քանի որ ոչ մի թուղթ, անգամ եթե նրա անունը խաղաղության համաձայնագիր է, չի կարող միջազգային այնպիսի երաշխիք դառնալ, որ ստորագրման հաջորդ օրերին խելապակաս Ալիեւը չգնդակոծի Ստեփանակերտն ու Շուշին: Երաշխիքն անվտանգության գոտին է, ոչինչ չի փոխվել, միջազգային կառույցներն, էլ խաղաղության թղթի կտորի առկայությամբ, թե առանց նրա`սովորաբար չեն միջամտում այնքան, մինչեւ կատարվելիքը կատարվում է: Իսկ «Սերգո ջան, վատ ես ապրելու, քանի Արցախի հարցը չի լուծվել» գաղափարի` նոր փաթեթավորմամբ մատուցելն ու «պրագմատիկ», «ռացիոնալ» կամ այլ տերմիններով այն համեմելը միայն վիրտուոզ աճպարարություն է, ուրիշ ոչինչ, որն իրագործելու դիմաց Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կանցնի խորհրդարան:

Ինչ է գուժում Սամվել Բաբայանի ձերբակալությունը

Ընտրարշավը ոչ միայն «զարդարվեց» դանակահարություններով, ծեծկռտուքով, միմյանց պիտակավորելով, այլեւ դավադրությունների տեսության մի նոր, հերթական արարով. բա չեք ասի` «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր են փորձել Վրաստանով տեղափոխել Հայաստան, ու դա կապված է «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի համակիր Սամվել Բաբայանի հետ, համենայնդեպս` ըստ ԱԱԾ հաղորդագրության: Առաջին հայացքից այլ տպավորություն, քան քաղաքական մրցակցին հասցվող հարվածն է, մարդու մտքով չի անցնում, քանի որ Բաբայանն ՕՐՕ դաշինքի ստվերային գեներատոր է համարվում, իսկ ՕՐՕ-ն օրեցօր ավելի թափով է ընդդիմադրի վերմակը քաշում իր վրա եւ փորձում տիրապետել ընդդիմադիր ընտրազանգվածին: Հակառակ պարագայում ստիպված պետք է մտածենք, թե որքան պետք է դատելու հետ խնդիրներ ունեցած լիներ Արցախյան պատերազմում հաղթած հրամանատարը, որ ընտրությունները քթի տակ, երբ նրա ամեն քայլին կարող էին հետեւել, նման բան անի: Եւ ինչու միանգամից բալիստիկ հրթիռ չի ներկրել այդ դեպքում` միանգամից ձեռքի հետ կխփեր Ադրբեջանին էլ: Ամեն դեպքում ՕՐՕ-ի գորշ կարդինալին ներկայացվելիք մեղադրանքը շատ լուրջ է` ապացուցման համար ջանքեր գործադրելու առումով, մանավանդ` Ս. Բաբայանն արդեն ցուցմունք է տվել ու չի ընդունել մեղադրանքը, իսկ միջազգային արձագանքի տեսակետից էլ այս ամենը շատ հեռուն կարող է տանել` Հայաստանում, ուրեմն, կան անպատասխանատու անձինք, որոնք կարող են զանգվածային ոչնչացման զենք ներկրել, սա համարյա տարածաշրջանային մասշտաբի սկանդալ է:

Մի զուգահեռ ինձ հանգիստ չի տալիս. նույն ժամանակի մեջ, երբ Տեր-Պետրոսյանը խոսում է խաղաղությունից, «օկուպացված» տարածքները վերադարձնելուց ու Արցախյան հիմնահարցի լուծման մոտակա հավանականությունից , ձերբակալում են Արցախյան պատերազմի հաղթանակի սիմվոլներից մեկին: Միգուցե սա նույն շրջանակից եկող պահանջների տրամաբանության մեջ է, անգամ Տեր-Պետրոսյանն էր նշում, որ Արցախյան կարգավորման քարտ-բլանշը հիմա տրված է Ռուսաստանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 24-03-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ