ՇԻՐԱԿԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի Աշնանը հիմնադրման ու գործունեության 20-ամյակը կնշի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը: Ինչպես մասնագետներն են վկայում, հանրապետության երկրորդ քաղաքում արդեն գոյություն ունեցող Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության գիտահետազոտական ինստիտուտի կողքին նաեւ հումանիտար ակադեմիական կառույցի ստեղծումը հասունացած խնդիր էր դեռ անցյալ դարի 70-80-ական թվականներին, եւ անգամ քննարկվում էին այստեղ գիտության այդ երկու թեւերի առկայության պայմաններում ակադեմիայի հյուսիսային մասնաճյուղ ստեղծելու հետ կապված հարցեր: Բայց այն ժամանակ դրան վիճակված չէր իրականանալ: Իսկ կենտրոնի ստեղծման խթան ու հիմք դարձան հետերկրաշարժյան տարիներին Շիրակի պատմամշակութային ժառանգությանը նվիրված նախ հանրապետական, ապա միջազգային դարձած պարբերաբար գումարվող գիտաժողովները, որոնց սկիզբը դրվեց կիսամութ ու ցուրտ 1994 թվականին, տարերային աղետից դեռ կիսավեր Գյումրիում: Մարզում բացահայտված գիտական հատկապես երիտասարդ ներուժի հնարավորություններն ու հայագիտական հետազոտությունների մակարդակը, տեղում բազմակողմ ուսումնասիրության արժանի պատմամշակութային հարուստ նյութի առկայությունը եղան այն հենքը, որի վրա 1997 թվականին ստեղծվեց ու սկսեց գործել Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, նախՙ որպես Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի մասնաճյուղ, ապա 2002 թվականիցՙ ինքնուրույն կառույց ակադեմիայի համակարգում: Որքան մեզ հայտնի է, սա հանրապետությունում առայժ միակ ակադեմիական հայագիտական կառույցն է մայրաքաղաքից դուրս: Մարզի տարածքում նորահայտ հնագիտական հուշարձանների ուսումնասիրություն, Ախուրյան գետի ավազանի մ. թ. ա. 1-ին հազարամյակի հնագույն պատմություն (ցեղեր, ցեղային երկրներ, սովորույթներ, հավատք, առասպելաբանություն), Շիրակի նոր եւ նորագույն պատմություն, Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրու նյութական ու հոգեւոր մշակույթ, պատմաազգագրություն, աղետի գոտու ազգահոգեբանական հետազոտություններ ու բանահյուսություն, Շիրակի ժողովրդական, աշուղական եւ կոմպոզիտորական երաժշտական ժառանգություն, արդի խոսվածքներ. ահա ըստ 20-ամյակի առիթով հրապարակված տեղեկանքիՙ այն հիմնական գիտական ուղղությունները, որոնցով աշխատում են կենտրոնի 18 գիտաշխատողները, այդ թվում գիտության երկու դոկտորներն ու 13 թեկնածուները: Անցած 20 տարիների ընթացքում այստեղ ուսումնասիրվել են շուրջ մեկ տասնյակ հնագիտական հուշարձաններ, այդ թվումՙ Բենիամինի անտիկ դամբարանադաշտը, Անիի քարանձավային արվարձանը Ախուրյանի կիրճում, Հայկաձորի ուշուրարտական ամրոց-բնակավայրը, Մեծ Սեպասարի վաղբրոնզեդարյան տաճարական համալիրը, Ազատանի եռաշերտ մշակույթ ունեցող երեքհազարամյա բնակավայր-դամբարանադաշտը, Ջրափիի երկաթիդարյան բնակավայրը եւ այլն: Կատարվում է Շիրակ պատմագավառի եւ հարակից տարածքների հնագույն պատմության մի շարք հիմնախնդիրների, Ալեքսանդրապոլի գավառի ժողովրդագրության եւ քաղաքական պատմության, հասարակական-քաղաքական ու կրթա-մշակութային կյանքի մի շարք վիճահարույց հարցերի նորովի ուսումնասիրություն: Հավաքվել ու մշակվում է ազգագրական հարուստ նյութ, ընթանում են մի կարեւոր ձեռնարկիՙ Շիրակի մարզի բնակավայրերի ազգագրական անձնագրերի ստեղծման աշխատանքներ, ինչը հնարավորություն կտա ստեղծելու մարզի ամբողջական ազգագրական ատլասը: Ուսումնասիրվում է տարածաշրջանի ծիսատոնական համակարգն իր ներկայիս փոխակերպումներով, պարբերաբար կազմակերպվում են Տեառնընդառաջի, Սբ. Զատկի, Սբ. Սարգսին նվիրված մարզային տոնակատարություններ, հացի, ազգային խոհանոցի, նաեւ ավանդական երաժշտության փառատոներ եւ այլն: Եռամյա պարբերականությամբ գումարվում են նաեւ Շիրակի պատմամշակութային ժառանգությանը նվիրված գիտաժողովներըՙ հանրապետության եւ արտերկրի բազմաթիվ գիտնականների մասնակցությամբ: Հրատարակվել են արդեն տեղի ունեցած բոլոր 9 գիտաժողովների նյութերի ժողովածուները, կենտրոնի «Գիտական աշխատություններ» ժողովածուի 20 հատորներ: Այս տարիների ընթացքում կենտրոնի աշխատակիցների հրատարակած 520 գիտական հոդվածներից 70-ը լույս են տեսել արտերկրում: Հրատարակվել են նաեւ 20 մենագրություններ, «Շիրակի հնագիտական եւ պատմաազգագրական ուսումնասիրություններ» մատենաշարի 2 պրակներ: |