ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՆՈՐ ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱ Պ. Ք. Ս. Տարասով. «Ժամանակը չէ՞ պատրաստվելու Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերի չեղարկմանը» Թուրքիայի Պահեստի սպաների կազմակերպության նախագահ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Էրդողան Կարաքուշը հայտարարել է, որ «Քրդստանի անկախացումը ձեռնտու չէ Հայաստանին»: Նրա խոսքերով, «Հայաստանը երբեք չի հրաժարվել առասպելական «Մեծ Հայաստան» ստեղծելու մտքից»: Ինչպես պնդում է Կարաքուշը, եթե հանրաքվեի արդյունքում ստեղծվի անկախ Քրդստան, ապա դա անհարմարություններ կստեղծի Հայաստանի համար, չէ՞ որ քարտեզի վրա անկախ Քրդստանի հայտնվելը կարող է ի դերեւ հանել «Մեծ Հայաստան» ստեղծելու հայերի իղձերը, քանի որ ներկայիս Թուրքիայի արեւելքին հավակնում են ինչպես քրդերը, այնպես էլ հայերը: Հիշեցնենք, որ Իրաքի հյուսիսում գտնվող ինքնավար Քրդստանի ղեկավարությունը, չնայած Բաղդադի իշխանությունների ընդդիմությանը, ԱՄՆ-ի եւ նրա որոշ դաշնակիցերի մեղմ առարկություններին, Թուրքիայի եւ Իրանի կտրուկ հակադարձմանը, պատրաստվում են անկախության հանրաքվե անցկացնել առաջիկա սեպտեմբերի 25-ին: Առայժմ խոսքը ոչ թե «Մեծ Քրդստան» ձեւավորելու, այլ Իրաքի հյուսիսում փոքր տարածք զբաղեցնող անկախ Քրդստան ստեղծելու մասին է: Եվ այդ նախագիծը առավել քան երբեւէ մոտ է իրականացմանը, ինչը, անկասկած, խթանում է քրդական շարժումը ամբողջ Մերձավոր Արեւելքի տարածքում: Central Asia Monitor կենտրոնի գնահատումների համաձայն, «արաբական գարնանից» եւ սիրիական ճգնաժամի ծագումից առաջ քրդերի քաղաքական եւ այլ պայքարի համար բարենպաստ պայմաններ հասունացել էին միայն Թուրքիայում: Պատահական չէ, որ պաշտոնական Անկարան սկզբնական շրջանում փորձում էր սիրաշահել «սեփական» քրդերին, բայց ուշացրեց երկրի հարավ-արեւելքում տնտեսական, վարչատարածքային եւ քաղաքական բարեփոխումների իրականացումը: Իսկ երբ սիրիական ճգնաժամի սկզբնական փուլում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրի քրդերին շնորհեց լայն իրավունքներ, դա Անկարային աքցանի մեջ առավ Սիրիայի եւ Իրաքի քրդերի միջեւ: Դրա արդյունքում սահմանամերձ եւ բարեկամական քրդական ուժերը սկսեցին միաձուլման գործընթաց, որը ներկայումս հասնում է թուրքական պետականությանը սպառնացող չափերի: Որքան էլ տարօրինակ թվա, տարածաշրջանում «Իսլամական պետության» հայտնվելը առավել արդիական դարձրեց քրդական հարցը: Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը «Ռեգնում» գործակալության կայքում գրում է, որ այս կապակցությամբ թուրք փորձագետներից շատերը, ինչպես նաեւ զինվորականության ներկայացուցիչները սկսել են երկյուղներ արտահայտել երկրի ներկայիս սահմաններում Թուրքիայի գոյության հեռանկարների վերաբերյալՙ մատնանշելով կառավարող «Արդարության եւ զարգացման կուսակցության» քաղաքական լուրջ սխալները: Առաջին. Իրաքի 2003թ. պատերազմի սկզբում Անկարան ընդունեց ԱՄՆ-ի դիրքորոշումը, որի համաձայն քրդական շարժումը Մերձավոր Արեւելքում սկսել է հանդես գալ որպես ինքնուրույն քաղաքական գործոն: Երկրորդ սխալն այն է, որ Անկարան մասնակից դարձավ «արաբական գարնան» գործողություններինՙ ղեկավարվելով Արեւմուտքի առաջարկած նպատակներով: Էրդողանի այն հաշվարկը, թե իրեն կհաջողվի հասնել ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտերկրում քրդական շարժման թուլացմանը, իրեն չարդարացրեց: Իրաքի հյուսիսում քրդական պետության ստեղծումից եւ Սիրիայում քրդերի թեկուզ հավանական ինքնավարության հռչակումից հետո Լոզանի 1923թ. հաշտության պայմանագրով նախատեսված սահմանները կարող են փոփոխվել: Ներկայումս թուրքական միջավայրում քննարկվում է «Մեծ եւ փոքր Քրդստանների» սահմանների եւ էթնիկական քրդական ընդհանրության հարցը: Այս կապակցությամբ Պահեստի սպաների կազմակերպության նախագահ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Էրդողան Կարաքուշը վերհիշել է «Մեծ Հայաստանը»ՙ նշելով, որ Իրաքի հյուսիսում անկախ Քրդստանի ստեղծումը ոչ միայն անհարմարություններ կստեղծի Հայաստանի համար, այլեւ հայ-քրդական խնդիրներ կառաջացնի: Թուրքիայի արեւելքում, որը Հայաստանը համարում է իր տարածքը, գլխավորն այն է, որ Թուրքիան որոշել է խաղարկել հայկական խաղաքարտը որպես չարյաց փոքրագույն, որպեսզի հնարավոր լինի խուսափել հենց Թուրքիայում քրդական պետականության ստեղծումից: Կիրառական իմաստով, դեպքերի ենթադրյալ ընթացքը կարող է նշանակել նախ եւ առաջ թուրք-հայկական փոխհարաբերությունների կարգավորում, երկրորդՙ Աթաթուրքի հետ կնքված Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը ուժը կորցրած ճանաչելու պատրաստակամություն, պայմանագրեր, որոնք որոշեցին Թուրքիայի հետ Անդրկովկասի հանրապետությունների սահմանները: Դրանից հետո «Մեծ Քրդստանի» հետ Թուրքիայի սահմանների հարցը կարող է որոշվել թուրք-քրդական-անդրկովկասյան մակարդակով: Եւ երրորդ, Արեւմուտքը հայ ժողովրդի իսկական բարեկամների վերաբերյալ արշավ կծավալի Ռուսաստանի հետ Հայաստանի կապերը խզելու նպատակով, որպեսզի Երեւանին թողնի առանց Մոսկվայի օգնության: Փաստորեն Թուրքիան կարող են վերածել նոր Հարավսլավիայի: Ինչպես գրում է Yeni Shafa թերթը, Անկարային փորձում են ներշնչել, որ Մերձավոր Արեւելքում Թուրքիայի սահմանն ավարտվում է: Իսկ առայժմ Թուրքիան, իր դաշնակիցներին կորցնելով, ստիպված է Սիրիայի հարցում դաշինք կազմել Ռուսաստանի եւ Իրանի հետՙ միաժամանակ փորձելով ամբողջովին չխզել կապերը ԱՄՆ-ի հետ: Սակայն «անկախ Քրդստանի» ստեղծման գործընթացն արդեն սկսվել է: Խնդիրն այն է, թե նա ինչպես, ում հետ եւ ինչ դրոշով կշարունակի առաջ շարժվել: |