ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ 2017 Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, քաղաքագիտության դոցենտ «Ազգ»-ի նախորդ համարում մենք խոսակցություն սկսեցինք 2017 թ. առաջին կիսամյակի տնտեսական իրավիճակի ցուցանիշներում առկա որոշ միտումների վերաբերյալ: Մենքՙ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներս,վերջին երկու ամիսներին ուշադրությամբ վերլուծում ենք եվրասիական տարածքի տնտեսության ցուցանիշները, փորձելով գնահատել մեր զարգացման հնարավորությունները եւ ներուժը: Մենք պնդում ենք, որ Ռուսաստանի տնտեսության մուտքը վերընթաց զարգացման փուլը խոստանում է նոր հնարավորություններ ԵԱՏՄ փոքր երկրների, նախ եւ առաջ Հայաստանի տնտեսության համար: Քաղաքակրթական բախումը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, որն ընդունեց նաեւ տնտեսական պատերազմի բնույթ, ստիպում է Ռուսաստանին վերանայելու իր ռազմավարական մոտեցումները սեփական տնտեսության նկատմամբ եւ ստեղծելու ինքնաբավ ժամանակակից տնտեսական համակարգ: Ահա այստեղ է, որ մենք, Ռուսաստանի դաշնակիցներն ու մերձավորագույն գործընկերներս, պետք է առաջարկենք մեր ծառայությունները մեր հնարավորությունների սահմաններում վերամշակող, թեթեւ, պաշտպանական, արդյունաբերության ոլորտների արտադրանքը ռուսական շուկայի կարիքներին տրամադրելու համար: Թե չե դա մեր փոխարեն կանեն ուրիշները, մասնավորապես մեր երկու հարեւանները: Զարգացման հնարավորություններ արտադրության ոլորտների համար Հայաստանի իշխանությունները, վերջին մեկ տարվա ընթացքում, հանուն արդարության, արել են իրենց հնարավորություններում լուրջ քայլեր գյուղատնտեսությունը զարգացնելու ուղղությամբ: Նախորդ վեց ամիսների ցուցանիշով գյուղատնտեսական արտադրանքը անցյալ տարվա նույն շրջանի համեմատ պակասել է, սակայն էապես մեծացել է գյուղմթերքի եւ վերամշակող արդյունաբերության արտադրանքի արտահանումը: Սա նշանակում է, որ ինչքան էլ կրճատվի մեր երկրի բնակչությունը, գյուղմթերքի արտադրության ծավալները աճեցնելն իմաստ ունի, որովհետեւ դրսում դրա կարիքը կա: Մենք պնդում ենք, որ եթե ճիշտ աշխատվի ռուսական ներդրողների հետ, ապա նրանց մեծացող հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ կարող է հանգեցնել նոր նպատակային ներդրումներիՙ գյուղատնտեսության եւ գյուղմթերքի ոլորտներում: Դիպուկ լինելու համար ես մեր ռուս գործընկերնեերին ասում եմ, որ ծիրանը, դեղձն ու թուզը եթե Հայաստանում չաճեցվի, ապա Ռուսաստանում դա միեւնույն էՙ չի աճելու: Եվ դա նրանք հասկանում են: Հետեւաբար, քաղաքական խնդիր է մոտակա երկու-երեք տարիների ընթացքում հասնել այն բանին, որ ռուսական ընկերությունները հետաքրքրվեն Հայաստանում ցանքատարածությունները մեծացնելու, նոր այգիներ տնկելու, ջերմոցներ կառուցելու, վերամշակող գործարանների հզորությունները մեծացնելու խնդրով: Եթե սա չհակասի մեր օլիգարխիայի շահերին, ապա կարելի է սպասել գործնական արդյունք: Այն, որ Հայաստանը գնալով ավելի շատ ռուսաստանցիների է գործնական հետաքրքրում, խոսում է թեկուզ այն փաստը, որ այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստան է եկել ավելի քան 240 հազար ռուսական անձնագրով զբոսաշրջիկ: Անցած տարվա համեմատությամբ սա ավել է 33%-ով, այսինքն մեկ երրորդով: Երկրորդ տեղում վրացական անձնագրերով զբոսաշրջիկներն են (151 հազար մարդ), երրորդ տեղումՙ իրանցիները (81 հազար մարդ): Նկատի ունենալով, որ զբոսաշրջության համար ամենահարմար ամիսները (հուլիս, օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր) հասկանալիորեն դեռ չեն հաշվարկված, կարելի է կանխատեսել, որ տարվա արդյունքով Հայաստան կժամանի մեկ միլիոնից ավել զբոսաշրջիկ: Ուզում եմ հիշեցնել, որ 2000-ական թթ. սկզբին սա խնդիր էր, որը դրվում էր ոլորտի առջեւ: Երկու խոսք պաշտպանական արդյունաբերության մասին: Խորհրդային ժամանակներում առանձին հայ տաղանդավոր գիտնականներ, պետական գործիչներ, արտադրության կազմակերպիչներ վճռական դեր խաղացին Հայաստանում խորհրդային արդյունաբերության նոր ձեռնարկություններ ստեղծելու գործում: Խորհրդային Միությունը կազմաքանդվեց: Քանդվեց նաեւ Հայաստանի պաշտպանական ձեռնարկությունների համալիրը: Հիմա աշխարհում արդյունաբերական երրորդ, նույնիսկ չորրորդ հեղափոխության շրջանն է: Ուկրաինայի հետ գժտվելուց հետո Ռուսաստանը վերստին քննարկում է իր տարածքում ռազմաարդյունաբերական ժամանակակից հզորություններ ստեղծելու հարցը: Այս ասպարեզում Ռուսաստանը զարմանալի հաջողությունների է հասել վերջին մեկ տարում: Նոր Ռուսաստանում էլ կգտնվեն հայեր, ովքեր կնպաստեն Հայաստանում արդյունաբերության վերածննդին: Եթե սրա կարեւորությունը մեզանում գիտակցվի, կգտնվեն նաեւ կոնկրետ լուծումներ: Երեւանի փողոցներում շրջելով նկատել եմ, թե ինչպես են ռուս զբոսաշրջիկները հայկական կոշկեղեն կամ տեքստիլ գնում: Նրանք հիշում են խորհրդային տարիների հայկական կոշկեղենի իսկական լեգենդը: Մեր տնտեսական ցուցանիշներում առաջին անգամ հետխորհդային պատմության մեջ մենք արձանագրում ենք թեթեւ արդյունաբերության արտադրանքի ու արտահանման աճ: Սա այնքան կարեւոր է, որ կայուն միտում դառնալու դեպքում Հայաստանի մի նոր խորհրդանիշ կարող է դարձնել այս արտադրանքը: Մեր ակումբի անդամ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը շատ տեղին ասում է, որ Հայաստանի արտահանումը մեծանում է հայ գործարարների բացառիկ շնորհքի ու ահռելի ջանքերի գնով: Հայ գործարարների դերին նոր Հայաստանի կյանքում պետք է մեծ հարգանքով վերաբերվել: Մեծարել, պարգեւատրել պետական պարգեւներով, ուսումնասիրել նրանց կյանքի ու գործունեության փորձը: Ի՞նչ կպատահի, եթե հաղթեն ԵԱՏՄ հակառակորդները Այս հեռանկարը այսօր իրատեսական չի թվում, բայց քաղաքական գործընթացները կանխատեսելը քաղաքագետներիս աշխատանքն է: Ուրեմն մենք պարտավոր ենք բացատրել հանրությանը, թե ինչու չի կարելի ցնցել հայկական քաղաքական համակարգը, ապակայունացնել վիճակը, վարվող արտաքին քաղաքական կուրսից արմատապես շեղվելով: Հասկանալի է, որ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը ծնում է անկայունության օջախներ հետխորհրդային տարածքի բոլոր սահմաններով: Հարձակման թիրախ են դառնում նախ եւ առաջ Ռուսաստանի դաշնակիցները: Մեր երկրում հասարակությանը փորձ է արվում համոզել, որ Ռուսաստանը վստահելի դաշնակից չէ, որ նա վարում է Հայաստանին ոչ ձեռնտու կովկասյան քաղաքականություն, որ նա միեւնույն էՙ պարտվելու է եւ թե Հայաստանի վիճակն այդ ժամանակ ավելի է վատանալու: Սրա նպատակը մեկն է. մեր հասարակության մեջ պառակտում, անվստահություն, կասկած եւ դժգոհություն առաջացնել: Մենք մտել ենք մի շրջան եւ տեսնում ենք, որ մոտակա տարիներին մեր տնտեսությունը զարգանալու է: Նոյեմբերին Իրանը ԵԱՏՄ-ի հետ երեք տարի ժամանակով ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր կստորագրի: Օգոստոսի 18-ին Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է ԵԱՏՄ-ի հետ մաքսային պայմանագիր ստորագրել: Սիրիան վերահաստատել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու մտադրությունը եւ ներկայացրել է այդ գոտում ներկայացվող երկու հարյուր ապրանքատեսակների ցանկը: Մեր տարածաշրջանում քիչ թե շատ լուրջ խաղացողները մտածում են զարգացնել համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ: Իսկ մեր երկրի արեւմտամետ շրջանակներում մտածում են ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին: Ես չեմ էլ քննարկում, թե ինչ կպատահի, եթե Հայաստանի կողմից Ռուսաստանը որեւէ սպառնալիք զգա: Մեր թշնամիները երազում են, որ մենք ընկնենք այդ մոլորությունների մեջ: Ես միայն տնտեսական մի քանի փաստարկ եմ ուզում բերել: Եթե մենք չլինենք ԵԱՏՄ անդամ, գազի գինը մեզ համար շատ ավելի թանկ կլինի: Մեր նոր-նոր ոտքի կանգնող տնտեսությունը անմիջապես կզրկվի ստարտային այս առավելությունից: Մեր արտահանումը Ռուսաստան անմիջապես կվտանգվի եւ, որպես արդյունք կվերադառնա անցած տարիների թվերին: Հայկական գործարարությունը կզրկվի լրացուցիչ շահույթից: Մենք վերջնականապես հրաժեշտ կտանք երբեւէ կրկին արդյունաբերական երկիր դառնալու հնարավորությանը: Սրանք շատ պարզունակ, բայց անհրաժեշտ փաստարկներ են, որոնք պետք է իմանալ Հայաստանի եվրասիական հեռանկարը ազնվորեն եւ լրջորեն քննարկելու համար: Մի քանի օր առաջ «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանում ընթացող հեռուստակամուրջի ժամանակ մոսկովյան տաղավարից ռուս լրագրողներից մեկը հարցրեց, թե ճի՞շտ է արդյոք, որ Հայաստանը սրընթաց շարժվում է դեպի Արեւմուտք Ուկրաինայի օրինակով: Ես ասացի, որ նման բան չկա: Բայց ճիշտ է նաեւ, որ մեր երկրում ուժեղ արեւմտամետ տրամադրություններ կան ավանդական մեծամասնություն կազմող ռուսամետության կողքին: Մենք անընդհատ պնդում ենք, որ կողմնորոշումների պատերազմից խուսափելու միակ միջոցը եվրասիական ինտեգրման մեջ կառուցողական դերակատարություն ունենալն է եւ եվրոպական ինտեգրման գործընթացին հնարավորությունների շրջանակներում ներգրավվելը: Ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, թե «եւ-եւ»-ի մասին խոսելիս մեր բարձրաստիճան քաղաքական բարձրաստիճան պատասխանատուները ինչպե՞ս են փաստարկում Հայաստանի դերը Արեւմուտք-Ռուսաստան հակասության մեջ: Հետաքրքրական է, թե ինչպե՞ս է գնահատվում մեր անկեղծ ցավը այդ հակամարտության կապակցությամբ եւ ինչպե՞ս են Արեւմուտքի պատասխանատուները ընկալում «եւ-եւ»-ի մեր պատրաստակամությունը: Ահա թե ինչու եմ ես պնդում, որ արեւմտամետ հին ու նոր ընդիմադիրներին ոչ թե պետք է վիրավորել կամ քարկոծել, այլ պետք է ի վիճակի լինել նրանց հետ բանական եւ խելամիտ բանավեճ վարելու: Հայաստանի տնտեսության առաջին կիսամյակի մի ամբողջ շարք ցուցանիշներ գալիս են պնդելու, որ ԵԱՏՄ պետությունները ոտք են դրել զարգացման շրջան: Մեզ համար կարեւորագույն խնդիր է այդ զարգացումից օգտվելը հանուն Հայաստանի բարգավաճման ու զարգացման: |