RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017



Տեղադրվել է` 2017-09-07 22:58:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 12574, Տպվել է` 1794, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԵՐ-ԶՈՐԸ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ Է

Պ. Ք.

Մերձավոր Արեւելքում սկսվում է քաղաքական-դիվանագիտական մանեւրումների ժամանակը

Սիրիական բանակը ռուսական օդատիեզերական ուժերի օգնությամբ ճեղքել է շուրջ երեք տարի ջիհադիստների ձեռքին եղած Դեր-Զոր քաղաքի շրջափակումը: Դրանից անմիջապես հետո Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռախոսով շնորհավորել է գործողությանը մասնակցած հրամանատարներին: Նույն օրըՙ սեպտեմբերի 6-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ասադին շնորհավորել է գործողության հաջող ավարտի առթիվ: Պուտինը բարձր է գնահատել այդ հաղթանակըՙ դա անվանելով «ռազմավարական», որը կարեւոր քայլ է ահաբեկիչներից Սիրիայի տարածքի ազատագրման գործում:

Ի դեպ, ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են, որ քաղաքում ջիհադիստների մեջ մեծ թիվ են կազմում ՌԴ-ից եւ ԱՊՀ այլ երկրներից եկած իսլամիստները:

Դեր-Զորը ջիհադիստների կարեւոր հենակետերից մեկն է: Բացի դրանից այն գտնվում է երկրի ամենահարուստ շրջաններից մեկում, որտեղ շատ են նավթի ու գազի հանքավայրերը, որոնք սնում էին երկրի նախապատերազմյան տնտեսությունը: Նախօրեին իրաքյան բանակը ազատագրել էր Իրաքի արեւմուտքում գտնվող Թալ-Աֆար քաղաքը: Դա Իրաքում «Իսլամական պետության» ձեռքին եղած վերջին քաղաքն էր: Այժմ կարելի է հավաստել, որ տվյալ կառույցը իր վերջին օրերն է ապրում: Ինչպես գրում է իսրայելական Israel Hayom թերթը, «փլուզվում է Սիրիայում եւ Իրաքում հազարավոր կիլոմետրեր զավթած ահաբեկիչների կայսրությունը»:

Իր հերթին լիբանանյան Al Binaa հրատարակությունը ամերիկացի փորձագետների վկայակոչելով գրում է, որ տեղի ունեցավ հրաշք, քանի որ, կանխատեսումների համաձայն, Դեր-Զորի շրջափակումը վերացնելու եւ յուրայիններին միանալու համար սիրիական բանակից կպահանջվեր առնվազն երեք տարի: Հիմա արդեն պարզ է դառնում, որ Սիրիայի բանակը իր դաշնակիցների հետ շահում է պատերազմը: Չինաստանում անցկացվող BRICS-ի գագաթաժողովում Վլադիմիր Պուտինը նշել է, որ Սիրիայում իրադրությունը զարգանում է կառավարական զորքերի օգտին: Սիրիական բանակը մի քանի անգամ ընդարձակել է ազատագրված տարածքը, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում խնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն անցնելու համար:

Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքը մշակում է Սիրիայում ապառազմականացած գոտիների ստեղծման հարցը: Գոյություն ունի համաձայնություն այն եռանկյան ապառազմականացման վերաբերյալ, որտեղ Սիրիան, Հորդանանը եւ Իսրայելը սահմանակցում են իրար: Առկա է հին դաշինքների եւ նորերի ստեղծման հնարավորություն, իսկ ռուսական դիվանագիտության համար ստեղծվել է քաղաքական-դիվանագիտական մանեւրման հնարավորություն: Խնդիրներ կարող են ծագել ԱՄՆ-ի հետ, որը դեռ հստակորեն չի մատնանշել Սիրիայում իր հետագա գործողությունների ծրագիրը:

Անցյալում Դեր-Զորը ուշադրություն էր գրավում նաեւ նրանով, որ սահմանակից է Եփրատի հյուսիս-արեւելքում ընկած շրջանին, որտեղ, ըստ արաբ փորձագետների, ամերիկացիները մտադրվել էին ստեղծել քրդական կազմավորում: Դատողություններ էին արվում նաեւ այն մասին, թե Իրանը ձգտում է գրավել այդ տարածքը, որպեսզի ամրապնդի «շիաների գոտին»: Խնդիրներ կան նաեւ Ռաքքայի առնչությամբ, որի ազատագրումը շատ է ձգձգվում: Թուրք փորձագետ Աքդողան Օզքանը նշում է, որ բարդություններ կծագեն նաեւ զինադադարի կնքումից հետո, քանի որ հայտնի չէ, թե ով է վճարելու սիրիական պատերազմի վնասների դիմաց: Պարզ է, որ Դամասկոսը միայնակ չի կարողանա վերականգնել պատերազմի վեց տարիների ընթացքում ավերված ենթակառույցըՙ դպրոցները, հիվանդանոցները, էլեկտրակայանները, ճանապարհները եւ այլն:

Հիմա գլխավորն այն է, որ Սիրիայում «Իսլամական պետությանը» հասցվել է խորտակիչ հարված, իսկ Մերձավոր Արեւելքը շրջել է իր պատմության սեւ էջերից մեկը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ