RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2017-09-07 22:58:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 6839, Տպվել է` 226, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ

Պ.Ք.

Էրդողանը հետաձգեց Բաքու կատարելիք այցը

Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը հայտարարել է, որ նախագահ Էրդողանը հետաձգել է սեպտեմբերի 10-11-ը Ադրբեջան կատարելիք այցը, որտեղ մասնակցելու էր Ադրբեջան-Թուրքիա Ռազմավարական համագործակցության խորհրդի վեցերոդ նիստին: Նա պետք է նաեւ բանակցեր նախագահ Ալիեւի հետ: Համագործակցության խորհրդի նիստի հետաձգումն անցյալում միշտ կապված է եղել անհաղթահարելի դժվարությունների ծագման հետ: Այսպես, հինգերորդ նիստը չէր կայացել Անկարայում կատարված ահաբեկչության պատճառով: Իսկ ի՞նչ է պատահել այս անգամ:

Դեսպան Օզորալը այցի հետաձգումը պատճառաբանեց Էրդողանի խիստ զբաղվածությամբ: Ընդսմին նա չպատմեց մանրամասնությունների մասին, ինչն անմիջապես զանազան մեկնաբանությունների առիթ դարձավ փորձագետների շրջանում: Վարկածներից մեկի համաձայն, դա չունի քաղաքական աստառ եւ կապված է Էրդողանի առողջական վիճակի հետ: Բայց այս տեսակետը քննադատության չի դիմանում: Ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, Էրդողանը միանգմայն առողջ է եւ ակտիվորեն մասնակցում է իր երկրի քաղաքական կյանքին: Թուրք փորձագետ Հասան Օքթայի խոսքերով, այցի հետաձգման պատճառը պետք է փնտրել մեկ այլ կարեւոր բանում, որի մասին նախընտրում են լռել:

Ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի դիտարկման համաձայն, խոսքը Ռազմավարական համագործակցության խորհրդի ավելի վաղ մշակված օրակարգի փոփոխման մասին է: Ի դեպ փոփոխված քաղաքական հանգամանքների մասին ակնարկել է ինքըՙ դեսպան Օզորալը: Նրա խոսքերով, «ներկայումս քննարկվում է ԵԱՏՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը, որն ունի քաղաքական իմաստ»: Ավելին, Անկարան մտադիր է մինչեւ տարեվերջ մաքսային համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ: Այդ մասին արդեն հայտարարել է էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին : Օքթայը իր հերթին նշում է, որ Թուրքիայի համար կարեւոր է տեղ զբաղեցնել միջազգային համակարգում եւ օգտվել դրա ընձեռած բոլոր հնարավորություններից, երկիրը ներկայումս գտնվում է միջհամակարգային վիճակում:

Անշուշտ չի կարելի բացառել թուրքական դիվանագիտության հնարավոր բլեֆը, որով խաղարկվում է մերթ եվրոպական, մերթ էլ ռուսական խաղաքարտը: Սակայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը , ով ամենայն հավանականությամբ հաղթելու է սեպտեմբերի 24-ի ընտրություններում, հայտարարել է, որ ԵՄ առաջիկա գագաթաժողովում պետք է քննարկվի Եվրոմիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության բանակցությունների դադարեցման հարցը: Իսկ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը ընդգծել է, որ քանի դեռ Էրդողանն է ղեկավարում Թուրքիան, այդ երկիրը չի ունենա ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն: Քանի որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Անկարան կորցրեց իր գլխավոր դաշնակցին, Եվրոպայի դարպասը երկար ժամանակ փակ կլինի նրա առջեւ: Բացառված չէ, որ մոտ ժամանակներս կրճատվի նաեւ Թուրքիայի առեւտրատնտեսական համագործակցությունը Բրյուսելի հետ:

Նման պայմաններում Թուրքիայի տեղաշարժը դեպի ԵԱՏՄ թվում է միանգամայն բնական եւ տրամաբանական: Սակայն այդ ճանապարհին կանգնած է ԵԱՏՄ լիիրավ անդամ Հայաստանը, որը կարող է Թուրքիայի անդամակցությանը համաձայնել որոշակի պայմաններով, օրինակՙ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը եւ սահմանների բացումը: Բայց կարող է նաեւ դեմ լինել: Հենց սա է գլխավոր ինտրիգը: Այսպիսով, Անդրկովկասում կարող է առաջանալ միանգամայն նոր աշխարհաքաղաքական իրադրություն: Եթե անցյալում Անկարան Բաքվի թելադրանքով Երեւանին հարաբերությունների կարգավորման պայմաններ էր առաջադրում դրանք շաղկապելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ, ապա այժմ Թուրքիային պայմաններ առաջադրել կարող է ինքըՙ Հայաստանը: Պատահական չէ թուրքական Daily Sabah թերթի այն պնդումը, թե Էրդողանը Բաքու կարող է այցելել միայն Աստանա մեկնելուց հետո, որտեղ կքննարկվեն ԵԱՏՄ-ի հետ Թուրքիայի համագործակցության հարցերը:

Լայն իմաստով ԵԱՏՄ-ին անդամակցելու դեպքում Թուրքիան երբեք հանդես չի գա գլխավոր դերում, նկատի ունենալով Ռուսաստանն ու Ղազախստանն ու նրանց գործընկերությունը Հայաստանի հետ: Անկարայի Միջազգային ռազմավարական հետազոտությունների եվրասիական քաղաքականության փորձագետ Քերիմ Հասը գրում է, որ գոյություն ունեցող ռուս-թուրքական դաշինքը դեռ վերջերս ամրապնդում էր նաեւ Ադրբեջանի դիրքերը: Տարօրինակն այն է, որ Բաքուն կարող է տեղը զիջել Երեւանին որպես ռուս-թուրքական հարաբերություններում կողմերին կապող օղակներից մեկը: Նույնիսկ «Շահդենիզ-2» գազի հանքավայրի նախագծային կարողության հասնելու դեպքում Բաքուն կարող է չբավարարել Թուրքիային անհրաժեշտ գազի ծավալները: Վերջինս ստիպված է պակասը լրացնել ռուսական վառելիքով: Իսկ «Թուրքական հոսք» գազամուղի գործարկումից հետո Բաքվից Անկարայի կախվածությունը կնվազի, որի հետեւանքը կարող է դառնալ Բաքվի հանդեպ Անկարայի տոնայնության փոփոխությունը:

Բաքվում արդեն գրում են, որ «Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական տրամաբանություններն ու իրողությունները եւ նույնիսկ շահերը միշտ չէ, որ համընկնում են»: Հիմա մնում է սպասել եւ տեսնել, թե ինչպես է Թուրքիան հարաբերություններ ձեւավորում Հայաստանի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ