RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017



ՄԱՏՆԱՆՇՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2017-09-07 22:58:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 14446, Տպվել է` 1842, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՄԵՐ «ԽԱՂԵՐԸ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կամ «այն ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին»

Agile Spirit 2017 էկզոտիկ անունը կրող, հարեւան Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելը հայկական քաղաքական եւ լրատվական դաշտում բարձրացված հերթական փոթորկի պատճառ դարձավ: Բնականաբար, մեկնաբանություններում գերակշռում էին շահարկումներն ու ենթադրությունները եւ դրա հիմնական մեղավորը ՀՀ պաշտպանության նախարարության տարօրինակ պահվածքն էր: Միայն մեկ օր առաջ պաշտպանական գերատեսչությունը հայտարարում է, որ Հայաստանը չի մասնացելու այդ զորավարժություններին, իսկ մինչ այդ բոլորին հայտնի էր, որ պետք է մասնակցենք: Այդպես էլ մինչեւ վերջ պարզ չդարձավՙ մեր երկիրը նախապես համաձայնվել էր մասնակցել, հետո հրաժարվե՞լ, թե՞ չի եղել ոչ մի նախնական համաձայնություն: Ամեն դեպքում, այս ամենից ինչ-որ օբյեկտիվ եզրակացություններ կարելի է անել:

Առաջինը, որ եթե Հայաստանը նախապես համաձայնություն տված էլ չլիներ այդ զորավարժություններին իր մասնակցելուն, ապա որոշակի նախնական պայմանավորվածություն եղել է: Հակառակ դեպքում, նման պատկեր, հետեւաբար եւ շահարկումների համար լայն դաշտ չէր ստեղծվի:

Երկրորդը, Հայաստանը ինչ-որ մի պահի հրաժարվել է այդ զորավարժություններին մասնակցելուց եւ հայտնի չի, թե այդ պահը ե՞րբ է եղել: Այս առնչությամբ, պաշտոնական մոտեցումներից մեկն այն է, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցել, երբ հայտնի է դարձել, որ այդ զորավարժություններին մասնակցելու է նաեւ Ադրբեջանը: Եթե նկատի ունենանք, որ նախորդող զորավարժություններին Ադրբեջանը չէր մասնակցում, իսկ Հայաստանը մասնակցում էր, ապա այս մոտեցումը կարող է հիմնավոր լինել: Սակայն, արեւմտապաշտների ամբոխը առիթը չկորցնելով, անմիջապես զանգվածային քարոզչական հիստերիա սկսեցՙ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումների կիրառման հետեւանքով մեր հրաժարվելու փաստը մեկնաբանելով: Որքանո՞վ է դա իրատեսական:

Իսկապես հնարավոր է, որ Ռուսաստանը ճնշում գործադրած լինի Հայաստանի նկատմամբ: Ռուսաստանն այս տարածաշրջանում հիմնական խաղացող գերտերությունն է եւ նրան նյարդայնացնում է ՆԱՏՕ-ի կողմից արդեն նախկին Խորհրդային Միության տարածքում զորավարժությունների անցկացման փաստը: Այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն «կլանեց» Արեւելյան Եվրոպան եւ ընդհուպ մոտեցավ Ռուսաստանի սահմաններին, նման յուրաքանչյուր զորավարժություն Ռուսաստանն ընկալում է որպես իր դեմ ուղղված մարտահրավեր եւ սպառնալիքՙ իր անվտանգությանը: Այս կացության մեջ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանը մտադրություն է հայտնում մասնակցելու նման զորավարժություններին: Բնական է, որ դա առաջացնելու է Ռուսաստանի հակազդեցությունը եւ հավանական է, որ Հայաստանի իշխանության նկատմամբ ճնշումներ գործադրվեն: Պարզապես մեր հանրության մի հատվածի կողմից նման պարագայում խոսում են Հայաստանի «գաղութ» լինելու մասին, իսկ երբ ամեն օր ու ամեն վայրկյան ԵՄ եւ ԱՄՆ կողմից պարտադրված պահանջներ են կատարվում, հայտարարվում է Հայաստանում «ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտներում արձանագրված առաջընթացի» մասին:

Կանխատեսելի է նաեւ հարցը. եթե ռազմավարական դաշնակից ենք Ռուսաստանի հետ, ապա ինչպե՞ս է Ռուսաստանը զենք մատակարարում մեր թշնամուն, ինչը անշուշտ Հայաստանի շահերին է դեմ: Բազմիցս ասել ենք, որ Ռուսաստանը ոչ միայն զենք է մատակարարում Ադրբեջանին շուկայական գներով եւ Ադրբեջանը ունի այդ գներով ձեռք բերելու հնարավորությունը, ապա Հայաստանին զենք մատակարաում է անհամեմատ էժան գներով, որոշ դեպքերում էլ պարզապես անվճար, չխոսելով այն մասին, որ Մոսկվան Ադրբեջանի հնարավորությունները չունեցող Հայաստանին էժան վարկ է տրամադրում իրենից դարձյալ էժան գնով զենք եւ զինամթերք գնելու համար: Մեր «քաղաքագետները» լավ չեն հասկանում սա կամ էլ հասկանում են, բայց իրենց հիմարի տեղ են դնում հանուն հակառակ ճամբարից ստացվող վարձատրության: Նրանք նաեւ չեն հասկանում, որ այս պայմաններում Հայաստանի պես փոքր երկիրը չի կարող նույն կերպ վարվել, ինչպես Ռուսաստանի պես գերտերությունը: Այո, «այն ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին»: Ուզենք, թե չուզենք սա է իրականությունը:

Գերտերություննները կարող են իրենց թույլ տալ այս կամ այն կերպ վարվել, ինչը իրենց չեն կարող թույլ տալ փոքր պետությունները: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է: Հետեւաբար, Հայաստանիՙ իշխանությունների «խաղերը» Արեւմուտքի, հատկապես ՆԱՏՕ-ի հետ, պետք է լինեն այնպես, որ չդառնան Ռուսաստանի հակազդեցության պատճառ, որի հետեւանքները շատ դառը կարող են լինել մեզ համար: Կարող ենք համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, խաղաղարար ուժեր ուղարկել Աֆղանստան, Իրաք եւ Կոսովո, բայց նախկին խորհրդային տարածքում զորավարժության մասնակցելը կարող է նման հակազդեցություն առաջացնել: Մենք ունենք նման բարդ տարածաշրջանում, շրջափակման եւ փաստացի պատերազմական իրավիճակում առաջին հերթին ֆիզիկական գոյության եւ մեր պետության պահպանման ու զարգացման մշտական եւ փոխկապակցված հիմնախնդիր եւ չենք կարող արկածախնդրությունների գնալ: Անհեռատեսության եւ դատարկ խոստումներին տրվելու մի փուլ անցել ենք 100 տարի առաջ եւ կորցրել անկախ պետություն եւ տարածքներ: Նույն սխալը թույլ տալը պարզապես ճակատագրական կարող է լինել մեզ համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ