RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017



ՀԻՄՆԱՀԱՐՑ

Տեղադրվել է` 2017-09-07 22:58:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 12486, Տպվել է` 1712, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության մասնագետ

(մաս 2)

Հայկական հարցի միջազգայնացումը ժամանակակից պատմագիտությունը կապում է 19-րդ դարի վերջի ռուս-թուրքական պատերազմի, Սան-Ստեֆանոյի եւ Բեռլինյան կոնֆերանսների հետ, երբ այդ հարցը մտավ միջազգային օրակարգ: Սակայն շատ մասնագետներ, մասնավորապես պրոֆեսոր Լենդրուշ Խուրշուդյանը , Հայկական հարցի ծագումը կապում էր հայկական պետականության անկման հետ: Հայկական պետության կործանումը, սկզբում Բագրատունյաց Հայաստանի եւ ապա Կիլիկյան Հայաստանի կործանումը փոխեցին իրավիճակը ողջ տարածաշրջանում, եւ հայության առաջ հառնեց հերթական ու բազմաթիվ անգամ կրկնվող հարցըՙ ինչպես վերականգնել հայկական պետականությունը:

Այս հարցի բազմակրկնությունը պայմանավորված էր մերՙ հայերի այն բացառիկ ունակության հետ, որ մենք կարողանում էինք դարեր շարունակ ստեղծել եւ ապա կորցնել հայկական պետությունը: Թերեւս պետութենաստեղծման հարցում մենք համաշխարհային ռեկորդակիրներ ենք, քանի որ կարողացել ենք մինչ այժմ, գոնե հայտնի փաստերի հիման վրա, ստեղծել եւ ապա կորցնել 8 հայկական պետությունՙ Ուրարտուից մինչ այսօր: Չգիտեմ, այս հարցում մեզ հետ կարո՞ղ է համեմատվել այլ ազգ կամ ժողովուրդ, թե՞ ոչ, այնուամենայնիվ կարծում եմ, ավելի շուտ ոչ: Քանի որ պետություններ ստեղծելու մեր բացառիկ ունակությունը ու դրանք չպահպանելու տաղանդը ամեն ազգի տրված չէ:

Ինչեւէ, հայկական հերթական պետության կործանումը հերթական անգամ հանգեցրեց Հայկական հարցի ի հայտ գալուն, որի գերնպատակը, ինչպես միշտ, էլի դարձավ հայկական պետականության վերականգնումը որպես առաջնային խնդիր: Սակայն Փոքր Ասիայում թուրքական ցեղախմբերի հայտնվելը եւ այնտեղ գերիշխանության հաստատումը փոխեցին նաեւ հայկական օրակարգը. եթե մինչ այդ մեր գերխնդիրը հայկական պետականության ուղղակի վերականգնումն էր, ապա այժմ առաջնային դարձավ հայկական էթնոսի գոյության ապահովումը իր բնօրրանում:

Հայկական գոյության պահպանության հարցը նախկինում եւս առաջ էր եկել տարբեր արշավանքների ու պատերազմների ժամանակ, սակայն նախկին նվաճողները որպես կանոն հեռանում էին թողնելով միայն ավերակներ եւ տհաճ հիշողություններ: Իսկ խաղաղության ժամանակահատվածը հնարավորություն էր տալիս հայությանը վերականգնվելու եւ վերագտնելու իր կորցրածը:

Արդեն 11-րդ դարից Հայկական լեռնաշխարհում հայտնված օտար ցեղախմբերը, ի տարբերություն նախկինների, որոշել էին ավելի երկարատեւ ժամանակով մնալ, հետեւաբար խնդիրներն էլ, որոնք առաջացան հայության համար, այլ էին, քան կային նախկինում: Այսինքն, պետականության վերականգնման հարցը է՛լ ավելի բարդացավ, բացի այդ էլ, այդ հարցը հետ մղվեց օրակարգային առաջնահերթությունից:

Ու սկսվեց պայքարի մի ժամանակահատված, որի հիմնական նպատակը հայկական էթնիկ տարրի գոյության պահպանումն էր պետականության բացակայության պայմաններում: Թուրք-սելջուկների հայտնվելը մեր տարածաշրջանում ու նրանց կողմից պետական միավորների, իսկ հետագայում ընդհանուր կայսրության ստեղծումը, նոր խնդիրներ առաջ բերեցին հայության համար: Իսլամադավան սելջուկները դարերի ընթացքում իրենց պետականության հզորացման համար վարում էին Փոքր Ասիայի բնակչության ուծացման քաղաքականություն, ինչը նրանց հարկավոր էր` տարածաշրջանը բնակեցնող ազգերը ձուլելու, սեփական դիրքերն ամրապնդելու, կրոնա-էթնիկական հավատարիմ տարր ստեղծելու եւ, ընդհանրապես, տարածաշրջանը յուրացնելու համար: Նկատենք, որ այս գործընթացը նրանց մոտ բավականին հաջող էր ստացվում, միակ դժվարամարս էթնիկ խումբը, որը զբաղեցնում էր տարածաշրջանում բավականին մեծ մակերեսը` հայերն էին, որոնց ձուլումը ընթանում էր շատ դանդաղ, իսկ շատ դեպքերում այն ընդհանրապես նրանցՙ թուրքերի մոտ չէր ստացվում:

Հայերը, ի տարբերություն մյուս ժողովուրդների, տարածաշրջանում ստեղծել էին հզոր քաղաքակրթական շերտ, որը ջնջել չհաջողվեց թուրքերին: Հայկական լեզուն, մշակույթը, կրոնը, ավանդույթները, ի տարբերություն մյուս ազգերի, արդեն կայացած էին: Հայերն ունեին Մաշտոց, Խորենացի, Նարեկացի, Շիրակացի եւ այլք: Կիլիկյան Հայաստանը էլ ավելի հզորացրեց, տարածեց ու խորացրեց հայկական մշակույթը, գիտությունն ու լեզունՙ Թորոս Ռոսլինն ու Ֆրիկը այդ շրջանի լավագույն ներկայացուցիչներն էին: Հայ Առաքելական եկեղեցին իր ուրույն տեղն ու ձեռագիրն ուներ քրիստոնեական աշխարհում եւ այդ առանձնահատկությունն էլ ավելի էր ամրապնդում հայկական էթնոսի դիրքերն ու ազդեցությունը տարածաշրջանում եւ, այդպիսով, առանձնացնում տարածաշրջանի մյուս բնիկ ժողովուրդներից:

Նույնիսկ հայկական պետականության անկումից հետո հայկական քաղաքակրթությունը իներցիայով զարգանում էր ու տարածվում: Միջնադարում ստեղծվեցին հայ գրականության եւ մշակույթի լավագույն գործերըՙ Քուչակի, Գոշի, Մոմիկի եւ այլոց շնորհիվ: Քաղաքակրթական նման խորքային ինքնություն ունեցող ազգին ուծացնելը դժվարագույն խնդիր դարձավ գերիշխող թուրք էլիտայի համար թե՛ Օսմանյան կայսրության տարածքում, թե՛ Հարավային Կովկասում, որտեղ թեեւ ավելի ուշ, սակայն շահական Պարսկաստանի ջանքերով հայտնվեցին թուրքախոս ցեղախմբերը: Այստեղ եւս, ինչպես եւ սպասելի էր, հայկական տարրը դարձավ դժվարամարսելիՙ եկվոր թուրքերի համար:

Իրավիճակը սկսեց փոխվել 19-րդ դարից սկսած, երբ Օսմանյան կայսրության թուլացումը թե՛ վերջինիս եւ թե՛ հայության համար փոխեց օրակարգը: Թուրքերը չկարողանալով մարսել հայկական ինքնությունը, իրենց օրակարգ մտցրեցին հայ էթնոսի բնաջնջման խնդիրը` որպես տարածաշրջանից հայ քաղաքակրթության ոչնչացման միակ ձեւ: Հայերն էլ , օգտվելով կայսրության թուլացումից, օրակարգ վերադարձրեցին հայկական պետականության վերականգնման հարցը:

Սակայն պետության երկարատեւ բացակայությունը, կառավարման ու քաղաքական մեկ կենտրոն չլինելու հանգամանքը հայությանը թույլ չտվեց կազմելու ազատագրման պայքարի ընդունելի ռազմավարությունը: Տարերայնորեն սկիզբ առած ազատագրական շարժումները ժամանակի ընթացքում բաժանվեցին երկու հիմնական մասիՙ ֆիդայիների կամ ֆիդայական շարժման եւ ընդհանուր ապստամբության կողմնակիցների: Եթե առաջինի կազմակերպումը բավականին հեշտ էր ու ոչ այնքան ֆինանսատարՙ երբ մի քանի հոգի կարող էին 2 հրացանով բարձրանալ լեռներ ու իրենց հայրենաց զինվոր հայտարարել ու թուրք սատկացնել, առանց հետաքրքրվելու դրա հետեւանքների մասին, ապա համընդհանուր ապստամբության կազմակերպման կողմնակիցները թեեւ քիչ էին , սակայն հասկանում էին, որ դրա համար ժամանակ ու երկարատեւ աշխատանք է հարկավոր:

Համընդհանուր ապստամբության ջատագով ամենախոշոր կառույցիՙ Արմենականների ոչնչացումը, Վանի 1896թ. հայտնի ապստամբությունից ու դրա ղեկավարի` Մկրտիչ Ավետիսյանի նահատակվելուց հետո, փաստորեն, թուլացրեց ապստամբության կողմնակիցների շարքերը: Հետագայում սպանվեցին նաեւ ֆիդայական շարժմանը դեմ հանդես եկող եւ ընդհանուր ապստամբության կազմակերպման կողմնակից այնպիսի կարկառուն ներկայացուցիչներ` ինչպիսիք էին Հրայր Դժոխքը, Սեպուհը, Մեծն Մուրադը եւ այլք: 1915թ. Հայոց ցեղասպանությունը հետեւանք էր նաեւ ապստմաբության երկարատեւ նախապատրաստման ու կազմակերպման կողմնակիցների պարտության: Հայության համար սկսվում էր Հայկական հարցի ձեւավորման նոր ժամանակաշրջան:

(շարունակելի)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ