RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017



Տեղադրվել է` 2017-09-07 22:58:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 12365, Տպվել է` 1644, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԲ ԹՌՉՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանի նախագահը թռչում է Airbus A320 ինքնաթիռով: Ինքնաթիռի այս մոդելը բավականին տարածված է աշխարհում: Սերժ Սարգսյանին սպասարկող ինքնաթիռը աշխարհում այս պահին գործող 4242 Airbus A320-ներից մեկն է:

Իլհամ Ալիեւը նախընտրում է Բոինգ 767-300 մոդելը: Ինքնաթիռը կրում է «Բաքու» անունը: Ուշագրավ է, որ Բոինգ ընկերության եվրոպական մրցակիցն է համարվում Airbus-ը. փաստորեն անգամ օդում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, գուցե ակամայից, ցույց են տալիս միջպետական հարաբերությունների բնույթը: Իմիջիայլոց Ադրբեջանի նախագահի ինքնաթիռը կարող է տանել ոչ միայն Իլհամ Ալիեւին եւ Մեհրիբան խանըմին, այլեւ հավելյալ 157 տոննա քաշ:

Բոինգի սիրահար է նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բայց ի տարբերություն Իլհամ Ալիեւի, Լուկաշենկոն ունի երկու Բոինգ. մեկըՙ 738 BBj, մյուսըՙ 767-300ER: Ի դեպ, առաջին ինքնաթիռը Լուկաշենկոն գնել է հենց կոնվեյերից. ինքնաթիռի այս մոդելը հայտնի է հատկապես իր հատուկ հարմարավետությամբ: Իսկ երկրորդը պատկանել է Թուրքմենստանի նախկին նախագահ Սապարմուրադ Նիյազովին, եւ գործող նախագահ Գորբանգուլի Բերդիմուհամեդովն այն վաճառել է Լուկաշենկոյին:

Ինքըՙ Բերդիմուհամեդովը, թռչում է Բոինգ 777-200-ով, այն շատ ավելի համեստ ինքնաթիռ է համարվում, քան Բելառուսի նախագահին վաճառվածը:

Հայաստանի նախագահի պես Airbus-ի ծառայություններից է օգտվում նաեւ Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը: Ղազախստանի նախագահի ինքնաթիռի արժեքը գնահատվում է 250 հազար դոլար: Ուշագրավ է, որ Նազարբաեւը տարվա մեջ օդում է անցկացնում ընդհանուր առմամբ միայն 6 օր:

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթանբաեւը թռչում է ՏՈւ-134-ով: Ըստ ամենայնի պարոն Աթանբաեը շուտով կկանգնի ինքնաթիռը փոխելու հարցի առջեւ, քանի որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ հարկավոր է դիտարկել օդանավի այս մոդելը շահագործումից հանելու հարցը: Այնպես որ, եթե Մոսկվան Աթանբաեւին նոր ինքնաթիռ չնվիրի, ապա Ղրղզստանում մի քիչ կթանկանան կոմունալները:

Ուզբեկստանի նախագահ Շավգաթ Միզիյոեւը, օրինակ, Ղազախստան ժամանել էր ճիշտ Հայաստանի նախագահի ինքնաթիռի մոդելովՙ Airbus A320-ով: Բայց Չինաստան Միզիյոեւը մեկնել էր Բոինգ 767-300ER-ով: Սա, կրկնեմ, ինքնաթիռի ճիշտ այն մոդելն է, որը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը վաճառել է Ալեքսանդր Լուկաշենկոյին, եւ որով թռչում է նաեւ Իլհամ Ալիեւը:

ԱՊՀ նախագահներից օդում տարբերվում են Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Երկուսն էլ նախագահական ինքնաթիռ չունեն: Դոդոնը նախընտրում է թռչել սովորական չվերթներով, ընդ որումՙ հաճախ օգտվում է էկոնոմ դասից, իսկ Ռահմոնը հրաժարվել է նախագահական ինքնաթիռիցՙ երկրի բյուջեն տնտեսելու նպատակով: Բայց ի տարբերություն Դոդոնի, Ռահմոնը սովորական քաղաքացիների հետ չի թռչում, նա նախընտրում եւ օգտվում է մասնավոր ավիաընկերությունների ծառայություններից:

Եւ վերջապես Պուտինը: ՌԴ նախագահը թռչում է շատ, հեռու-մոտիկ եւ ԻԼ-96-ով, որը կոչում ենՙ «Թռչող Կրեմլ»: Ինքնաթիռում կա մի քանի գրասենյակ, կոնֆերանս-սրահ, փոքր մարզադահլիճ եւ, ինչն ուշագրավ էՙ վերակենդանացման մի ամբողջ բաժին: Հարկ է նկատել, որ ՌԴ նախագահի ինքնաթիռում շեշտը դրված է անվտանգության վրա, օրինակ Պուտինի ինքնաթիռում շքեղության չես հանդիպի:

Այնպես որ, երբ Պուտինը ժամանում է որեւէ տեղ, հարկավոր է իմանալ, որ նա լավ աշխատել է, անհրաժեշտ խորհրդակցություններն անցկացրել է, կարգին մարզվել է ու անգամ վերակենդանացել է: Ինչն ի դեպ շատ կարեւոր է գերտերության ղեկավարի համար: Օրինակ Թրամփը, որն ունի երկու VC-25 մոդելի ինքնաթիռ, այս տարվա մայիսի 12-ին լուրջ փորձության ենթարկվեց: Պարզվեց, որ նրա ինքնաթիռներից մեկում կա պայթյունի վտանգ, ընդ որում ոչ թե ահաբեկիչների կողմից, այլ ինքնաթիռն արտադրող ընկերության մեխանիկների անփութության արդյունքում: ԱՄՆ առաջին ինքնաթիռին հասցված վնասը գնահատվեց 4 մլն դոլար, եւ արտադրող ընկերությունն ամբողջովին փոխհատուցեց այն:

Այնպես որ նախագահների ինքնաթիռներն ամենեւին էլ անվտանգ չեն, թերեւս այդ պատճառով էլ Նազարբաեւը տարվա մեջ միայն վեց օր է անցկացնում օդում, իսկ նախագահներ Դոդոնն ու Ռահմոնն առհասարակ ինքնաթիռ չունեն: Գուցե արդարացիորե՞ն...

Ամեն դեպքում, բարի թռիչք եւ վայրէջք, պարոնայք նախագահներ, անգամ Ձեզ, պարոն Ալիեւ:

Հ. Գ.- Հարկ է նկատել, որ ԱՊՀ նախագահներից ռուսական արտադրության ինքնաթիռներով թռչում են միայն Ալմազբեկ Աթանբաեւը եւ Վլադիմիր Պուտինը, բայց սաՙ իմիջիայլոց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ