RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017



Տեղադրվել է` 2017-09-07 22:58:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 7516, Տպվել է` 774, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԵՊԼԻԿԻ ԿԱՐԳՈՎ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Սահմանամերձ գյուղերից ինչպես արտագաղթում էին, այնպես էլ շարունակում են արտագաղթել

Նորերս իմ հայրենի Տավուշի մարզիՙ Ադրբեջանի հետ սահմանամերձ Մովսես գյուղում տեղի ունեցավ մի իրադարձություն, որն իր մեջ երկակի իմաստ էր բովանդակում: Ժամանակին արտագաղթած նախկին մովսեսցիները կազմակերպել էին «Գյուղի օր», իրենց ծննդավայրը մի քանի օր դարձնելով տոնախմբությունների հանդիսավայր: Ի դեպ, ցուցադրական ոչինչ չկար նախաձեռնության, մտահղացման մեջ. Ռուսաստանաբնակ մովսեսցիների օգնությունը հայրենի գյուղին հատել է 100 միլիոն դրամի սահմանագիծը: Բայց ահա անցան հուզական օրերը ու հյուրերը մեկնեցին իրենց նոր բնակատեղին եւ Մոսեսգեղը կրկին խրվեց սահմանամերձ գյուղի իր անհանգիստ ու անապահով կյանքի ու հոգսերի մեջ:

Խորհրդային տարիներին Մովսեսը Շամշադինի շրջանի ամենաբարեկեցիկ գյուղերից մեկն էր, մովսեսցիներն էլ ճանաչված էին որպես աշխատասեր ու համառ ժողովուրդ: Ի դեպ, բնավորության այս երկու գծերը նրանց շատ օգնեցին Ռուսաստանում, ուր արտագաղթելով, համեմատաբար կարճ ժամանակամիջոցում կարողացան հաստատել իրենց ու բարեկեցիկ կյանք ապահովել: Բերենք ընդամենը մեկ փաստ այն մասին, թե ինչի է վերածվել Մովսեսը անկախության տարիներին. գյուղի դպրոցն ուներ 1200 աշակերտ, մտածում էին նորը բացելու մասին: Այսօր աշակերտների թիվը հարյուրից փոքր-ինչ ավելի էՙ 115: Համեմատենքՙ 1200 եւ 115: Սա ինչ-որ բան նշանակու՞մ է: Եվ արտագաղթը շարունակվում է:

Մի քանի տարի առաջ «Ազգը» դիմել էր նախագահ Սերժ Սարգսյանին կոնկրետ մի հարցովՙ ինչո՞ւ չի կարելի սահմանամերձ գյուղերի բնակիչներին ազատել բոլոր պետական հարկերից: Թեկուզեւ Իսրայելի օրինակով: Պատրանքներ չեն կարող լինել. գնդակոծությունների ներքո ապրող գյուղացիները կարիք ունեն ոչ թե մասնակի, այլ կենսական մեծ արտոնությունների: Հակառակ պարագայում կշարունակվի 10 միլիոնը «բոլորած» Ազերստանին սահմանակցող գյուղերի, ինչպես նրանց բնակիչներն են ասում, «թոշակառուացումը»: Ջահելները ինչպես արտագաղթում էին, այնպես էլ շարունակում են լքել հայրենիքը: Սա անողոք փաստ է: Թերթը նախագահի կողմից ոչ մի պարզաբանում չստացավ: Գուցե շա՞տ են նախագահին ուղղված հարցադրումները: Համենայն դեպս Մովսեսում հատկապես ամռան ամիսներին ավելի ու ավելի շատ են հայտնվում... ռուսախոս երեխաներՙ արտառոց երեւույթ տեղացիների համար: Հնարավոր է, որ այս պստիկները դեռ հետո հիշեն իրենց պապական գյուղը, բայց նրանց հաջորդ սերունդը...

Հայաստանի ղեկավարությունը մինչեւ ե՞րբ չպիտի ընդունի, որ ինքնասպանություն գործող երկրի ամենագլխավոր, բախտորոշ, հիմնական, անհետաձգելի խնդիրը արտագաղթի կանխումն է, որ սա պիտի լինի նրա գործունեության մեխը: Շահել ենք Արցախը, բայց կորցնում ենք Հայաստանը: Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերը դարձել են Հայաստանի ներկա ողբալի իրավիճակի խորհրդանշանները, արտագաղթըՙ հայոց տիրակալների գործունեության մեծագույն բացը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ