RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017



ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-09-07 22:58:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 8032, Տպվել է` 1111, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՄ Է ՃԳՆԱԺԱՄԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ՔԱՈՍԸ

ՋԵՅԿՈԲ ՇԱՊԻՐՈ

Անցյալ տարվա ճգնաժամից հետո, երբ զինվորականների մի խումբ փորձեց տապալել կառավարությունը, նախագահ Էրդողանը օգտագործեց առիթը ազատվելու իր իշխանությանը սպառնացող հնարավոր հակառակորդներից: Այդ գործընթացը դեռ չի ավարտվել, եւ Թուրքիան դեռեւս գտնվում է արտակարգ իրավիճակի պայմաններում:

Քաոսն այժմ նրա շուրջն է, եւ Թուրքիան փորձում է դիմակայել այն:

Անկարայի տեսանկյունից

Փորձենք դիտել աշխարհը Անկարայի տեսանկյունից: Հարավում «Իսլամական պետությունն» է, որ դանդաղորեն խորտակվում է: Իրաքը հազիվ է կարողանում քարշ տալ իր գոյությունը: Սիրիան պատերազի մեջ էՙ մի կողմից Ամերիկայի հովանավորությամբ Սիրիական Ժողովրդական Ուժերի (ՍԺՈՒ), եւ մյուս կողմից Ռուսաստանի հովանավորությամբ Ասադի վարչակարգի պաշտպան ուժերի միջեւ: Թուրքիան ցանկանում է ԻՊ-ն խորտակված տեսնել, բայց հետաքրքրված չէ, թե ո՞ւմ կհաջողվի դա իրականացնել: ՍԺՈՒ-ն կազմված է հիմնականում սիրիական քուրդերից, որոնք ըստ Թուրքիայի, նույնքան ահաբեկչական են, որքան ԻՊ-ն ինքը: Թուրքիան Ասադի իշխանությանը դեմ էր նույնիսկ նախքան Սիրիայի պատերազմը: Հարավարեւելքում Քուրդիստանի շրջանային կառավարությունը (ՔՇԿ) կարծես թե վճռական է անկախության հանրաքվե անցկացնելու սեպտեմբերի 25-ին: Թուրքիան պահանջել է ՔՇԿ-ից հանրաքվե չանցկացնել, որովհետեւ վախենում է հետեւանքներից: Ավելի հարավում Իրանն ու Սաուդյան Արաբիան մեկ սիրաբանում են, մեկ էլ սպառնում միմյանց: Թուրքիան փորձում է սահմանափակ հարաբերություններ պահպանել Իրանի հետ որոշ ոլորտներում: Իսկ հյուսիսում Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ մնում են բարդ ու խճճվածՙ կապված ռուս-ամերիկյան հարաբերությունների հետ: Վերջիններս համագործակցում են Սիրիայում ԻՊ-ի դեմ մղված պատերազմում, բայց մյուս ամեն ինչում իրար դեմ են: Ուկրաինայի հարցում ամերիկացիները նեղում են Ռուսաստանին, որն էլ իր հերթին հակադարձելու համար օգտագործում է Բալկաններն ու Կովկասը: Թուրքիան փորձում է ընդլայնել իր ազդեցությունները առաջինում (Բալկաններում) եւ շարունակել դերակատարություն ունենալ երկրորդում (Կովկասում): Ռուսաստանի գործողությունները այդ երկու վայրերում կարող են ազդել Թուրքիային եւ նա պարտավոր է պատրաստ լինել դրանց:

Թուրքիան իրեն հատուկ արտաքին քաղաքականությամբ փորձում է հավասարակշռված հարաբերություններ պահպանել բոլոր կողմերի հետ: Այդ մասին են վկայում վերջին շրջանում բարձրաստիճան օտար դիվանագետների այցելություններն այդ երկիր: Նախ Իրանի զինված ուժերի աշխատակազմի ընդհանուր հրամանատարի, հետո Ռուսաստանի նրա գործընկերոջ, իսկ օգոստոսի 23-ին էլ Մ. Նահանգների պատշպանության նախարար Ջեյմս Մաթիսի այցելությունները հետեւեցին միմյանց:

Թուրքիան խոստացավ ավելացնել զինվորական համագործակցությունը Իրանի հետ, մի բան, որ զարմանալի էր, քանի որ երկուսն էլ փորձում են տիրանալ շրջանային առաջնորդության: Նրանց շահերը, ինչ խոսք, հակասական են: Ռուսաստանի հետ Թուրքիան համաձայնվեց համադրել տակտիկական գործողությունները Սիրիայում, եւ ողջունեց Ռուսաստանի պատրաստակամությունը հասկանալու իր մտահոգությունները կապված քուրդերի հետ:

Ամերիկայի հետ հարաբերությունները վերջին շրջանում հետզհետե վատանում են, եւ քուրդերին օժանդակելու Ամերիկայի որոշումը կարծես մի նոր հարված էր ուղղված Թուրքիայի դեմ: Այդ առումով Մաթիսի այցը կարծես տարաձայնությունները որոշ չափով հարթեցնելուն է ծառայում:

Պենտագոնի հրապարակած պաշտոնական հայտարարությունները տիպիկ քաղաքական հայտարարություններ ենՙ քաղցրահունչ, բայց անբովանդակ: Բայց որոշ թուրք պաշտոնյաներ, որոնք ցանկացել են անհայտ մնալ, լրագրողներին տեղեկացրել են, որ Մաթիսը պարտավորվել է օգնել Թուրքիային պայքարելու քրդական PKK-ի դեմ, եւ վստահեցրել է, որ սիրիական քրդերի իրենց օգնությունը միայն ժամանակավոր բնույթ է կրումՙ մինչեւ ԻՊ-ի ջախջախումը: Մաթիսը դեմ է արտահայտվել անկախության հանրաքվեի անցկացմանը: Այնպես որ, ընդհանուր առմամբ Մաթիսի այցը իր ցանկալի արդյունքը տվել է:

Գերիշխանությունների միջեւ

Դժվարությունն այժմ քաղաքական հավասարակշռություն պահպանելն է Ռուսաստանի եւ Մ. Նահանգների միջեւ: Առաջիկա տարիներին Թուրքիան անհրաժեշտաբար ներթափանցելու է այնպիսի ոլորտներ, որոնք Ռուսաստանի ազդեցության տակ են, իսկ ինքը դեռեւս պատրաստ չէ նման հակամարտության: Չմոռանանք, որ Ռուսաստանը կարեւոր ներկայություն ունի ինչպես Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արեւելքում: Թուրքիայի նկրտումները ավելի մոտիկ են տարածաշրջանների հանդեպ ամերիկյան մոտեցումներին, սակայն այդ կապը կատարյալ համարել ճիշտ չի լինի: Մ. Նահանգները Թուրքիային տեսնում է որպես «կրտսեր դաշնակցի», մինչ ինքըՙ Թուրքիան իրեն համարում է աճող մի պետություն, որը պարտավոր չէ որեւէ մեկի խնդրանքները կատարել: Թուրքիան այնքան հզոր չէ, որ դիմադրի երկու գերտերություններին, իսկ նրանցից մեկն ու մեկի կողմը բռնելը չի օգնի առաջ տանելու իր շահերը: Այստեղից էլ հարաբերությունների խճճվածությունը:

Այդ խճճվածությունը շեշտելու ծառայեց նաեւ Մաթիսի այցը Կիեւ, անմիջապես Թուրքիայից հետո: Մինչ ուկրաինական եւ ռուսական լրատվամիջոցները մեջբերեցին Մաթիսի խոսքերն այն մասին, որ «Մ. Նահանգները հավանություն է տվել 175 միլիոն դոլարի արժողության հատուկ սարքավորումներ տրամադրել Ուկրաինայինՙ ուժեղացնելու համար նրա պաշտպանունակությունը», ամերիկյան լրատվամիջոցները լուռ մնացին այդ մասին: Մի բան պարզ է: Պաշտպանության նախարարը դատապարտել է ռուսական ագրեսիան եւ խոստացել չհանդուրժել որեւէ ոտնձգություն Ուկրաինայի ինքնիշխանության դեմ:

Մ. Նահանգները դեռ քննարկում է Ուկրաինային պատշպանական զենքեր (հակատանկային հրթիռներ) տրամադրելու հարցը, ինչը դրական լուծվելու դեպքում Ռուսաստանի համար կնշանակի անցնել «կարմիր գիծը»:

Ակնարկներ հնչում են, որ Ամերիկան պատրաստ է երկխոսության եւ Ուկրաինայի գծով ԱՄՆ-ի հատուկ բանագնացի հանդիպումը Պուտինի հատուկ բանագնացի հետ անշուշտ կարող է թուլացնել լարվածությունը: Բայց Մաթիսի կոշտ տոնն ու հակառուսական սանկցիաները միայն անվստահություն եւ թշնամանք են առաջացնում առայժմ: Ռուսաստանը կարող է որոշ ժամանակ համբերատար լինել: Բայց նա բավականաչափ ուժեղ է հակազդելու համար Մ. Նահանգներին:

Թուրքիայի տեսլականը

Այս բոլոր հարցերը մեծ նշանակություն ունեն Թուրքիայի համար: Թուրքերը փորձում են համապատասխան ծրագիր մշակել պաշտպանելու համար իրենց շահերը, որքան որ հնարավոր է: Հակառակ Սիրիա ներխուժելու սպառնալիքներին, նա առայժմ զերծ է մնացել նման քայլ անելուց: Թուրքիայի արտգործնախարարը նույնիսկ բացառեց սամհանի փակումը ՔՇԿ-ի հետ, եթե վերջինս անցկացնի հանրաքվեն: Թուրքիայի գլխավոր նպատակն է դիվայնացնել սիրիական քուրդերին, որոնք ավելի շատ նմանություններ ունեն Թուրքիայի, քան Իրաքի քուրդերի հետ:

Պետական հեղաշրջման փորձը կարճ ժամանակով թուլացրեց Թուրքիային, հատկապես ուժեղ պետություն դառնալու նրա հավակնությունը: Բայց դա, միաժամանակ, հնարավորություն տվեց Էրդողանին «մաքրել տեսադաշտը» եւ ձգտել ավելի բարձր հորիզոններ նվաճել: Մեկ տարի անց նա հյուրընկալում է, ինչպես վերեւում նշեցինք, Մ. Նահանգների, Ռուսաստանի եւ Իրանի պաշտպանության առաջնորդներին ընդամենը մեկուկես շաբաթվա ընթացքում: Ավելին, այդ գերատեսչությունների առաջնորդները իրենք են գալիս Թուրքիա, եւ Թուրքիան ինքն է որոշում իր օգնության գինը առանց որեւէ պարտավորություն ստանձնելու որեւէ կողմի նկատմամբ:

Թուրքիան ցանկանում է իրադարձությունների կիզակետում մնալ ինչքան հնարավոր է երկար ժամանակ: Բայց, ի վերջո, նա ի զորու չէ վերահսկելու ամեն ինչ, որ կատարվում է իր շուրջը: Այն ինչ կարող է անել իր պաշտպանունակությունը պահպանելն է եւ այնպես ձեւավորել իր տարածաշրջանային մթնոլորտը, որ փոթորկի մեջ մտնելու անհրաժեշտության դեպքում կարողանա պաշտպանել իր շահերը:

Կարեւորը Թուրքիայի համար ոչ թե սոսկ նման տեսլական ունենալն է, այլ իր շարունակական պատեհապաշտական հարաբերություններով կարողանալ իրականություն դարձնել այդ տեսլականը:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (Reality Check)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ