RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017



Տեղադրվել է` 2017-10-06 00:01:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 14025, Տպվել է` 2218, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔՐԴԵՐԻ ՄԵԾ ԲԼԵՖԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Քրդերի անկախության հանրաքվեից անցել է 10 օր: Հիշեցնեմ, Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեն կայացավ սեպտեմբերի 25-ին, քվեարկության մասնակիցների շուրջ 93 տոկոսը «Այո» պատասխանեց «Ցանկանո՞ւմ եք ստեղծել անկախ Քրդաստան պետություն» հարցին, Բարզանին գոհ է, Բաղդադն ու մյուսները անցել են պատժամիջոցների, Իրաքի իշխանություններն անգամ որոշ առաջարկներ են արել քրդերին, որոնք, սակայն Բարզանին մերժել էՙ հավատարիմ մնալով անկախության սկզբունքին: Այսպես խոսում են...

Բայց անցնող տասը օրերի ընթացքում ոչ Բարզանին, ոչ էլ որեւէ քուրդ չասաց, թե ի՞նչ պետք է հիմա արվի քուրդ ժողովրդի ձայնի հետ: Չնայած հանրաքվեում ավելի քան վստահ հաղթանակին, անկախ Քրդաստանի ստեղծման մասին որեւէ մեկը դեռ չի հայտարարել ու կարծես թե չի էլ պատրաստվում հայտարարել: Որտե՞ղ կամ ո՞վ պետք է այս մասին հայտարարվի կամ հայտարարի, քրդերը պետական, կիսապետական, պետականին մոտ ի՞նչ մարմին ունեն, որը կարող է Քրդստանը հռչակել անկախ պետությունՙ հիմք ընդունելով քուրդ ժողովրդի ձայնը: Եթե ունեն, ապա ի՞նչ են մտածում, բանակցում են Բաղդադի հե՞տ, ինչի՞ շուրջ, անկախությա՞ն, այն վիճարկելո՞վ, մի՞թե անկախությունն այլեւս փաստ չէ քրդերի համար: Քանի որ պետության ստեղծման մասին հանրաքվեից տասն օր անց անկախ պետություն ստեղծելու հայտարարություն չկա, անգամ խոսք չկա այն մասին, թե երբ է լինելու. կնշանակի քրդերը վիճարկում են անկախությունը, կամ չգիտեն ի՞նչ են անում նման դեպքերում: Հասկանալ կարելի է. մարդիկ երբեք անկախ չեն եղել. առաջին անգամ են պետություն ստեղծում:

Բայց այստեղ քուրդ ժողովուրդն ասելիք չունի՞: Նրանց ներկայացրեցին, ինչպես Մասուդ Բարզանին է ասումՙ քուրդ ժողովրդի դարավոր երազանքը , նրանց խնդրեցին քվեարկել, համոզեցին, որ հենց հիմա է եկել այն պահը, երբ կարելի է պետություն ստեղծել, ու քուրդ ժողովուրդը քնաց քվեարկության եւ քվեարկեց: Փաստորեն իզո՞ւր, խաբեցի՞ն, խաբեցին ու նրանք լռե՞լ են: Իհարկե հասկանալի է, որ Իրաքի հետ կան վիճելի տարածքներ, մասնավորաբար Քիրքուկը, որի նավթի հույսով էլ Բարզանին գնաց անկախություն խաղին, հասկանալի է եւ այն, որ անկախ պետություն հռչակելու համար պետք է հստակ լինեն դրա սահմանները, եւ գուցե հիմա քրդերն ու Բաղդադը նստած քննարկում են, թե ո՞ր գծով պետք է անցնի քուրդ-իրաքյան սահմանը, ու այս հարցը հստակեցնելուց հետո Բարզանին հայտարարելու է անկախ Քրդստանի ստեղծման մասին: Բայց նման բանակցությունների մասին, եթե դրանք ընթանում են, ինչո՞ւ որեւէ մեկը չի խոսում. Ուրեմն բանակցություններ չե՞ն ընթանում, թե՞ ընթանում են, պարզապես այլ օրակարգով:

Ամեն դեպքում քուրդ ժողովուրդն իրեն չի պահում այնպես, կարծես թե հասել է իր դարավոր երազանքի իրականացմանը: Գուցե դա է՞լ է խաբեություն, դե այն, որ քուրդ ժողովուրդը դարեր շարունակ երազել է անկախ պետականության մասին: Համաձայնեք, որ եթե դա իրոք այդպես լիներ, ապա նույն Բարզանին չէր ասի, թե «Մենք չենք պատրաստվում անկախ պետություն հռչակել անկախության հանրաքվեից անմիջապես հետո. մենք երկար տարիներ եղել ենք կայունության գործոն եւ այդպիսինը կմնանք» : Այսի՞նքն, բա ինչո՞ւ քուրդ ժողովրդին չեք հարցրել, թե դուք ցանկանո՞ւմ եք մնալ կայունության գործոն, ինչպիսինը եղել եք տարիներ շարունակ: Գուցե քուրդ ժողովուրդն այլեւս չի ցանկանում այդ գոծոնը մնալ: Կամ եթե ուզում եք կայունության գործոն մնալ, ինչո՞ւ եք քուրդ ժողովրդին խնդրում, որ քվեարկի անկախության օգտին, իսկ երբ քվեարկում է, ասում եք, թե չեք պատրաստվում հռչակել անկախ պետություն, խաբո՞ւմ եք, փաստորեն խաբում եք:

Ամեն դեպքում քրդական հանրաքվեին մասնակցել է ավելի քան 3 միլիոն մարդ, ճիշտ է վավեր է ճանաչվել 2մլն 385 հազար քվեաթերթիկ, բայց անվավեր քվեաթերթիկների առատությունը հավանաբար պատմական պահին քրդերի հուզմունքից է եղել: Ու այսքան մարդու խաբել են, տարել են անկախության հետեւից ու խաբել են: Գուցե մի օր Քրդստանը հռչակվի անկախ պետություն, բայց առայժմ քրդերը մնում են կայունության գործոն:

Բարզանին սեփական ժողովրդի հանդեպ հանցագործություն է գործել, եթե իհարկե քրդերն իրոք անկախ պետություն են ուզում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ