ՄԱԿ-Ի ՆՈՐ ՃԱՄԲԱՐԸՙ ԹԱԼ-ԱՖԱՐԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ Հ. Ծ. Մոսուլի մոտ գտնվող Թալ-Աֆարից տեղահանված քաղաքացիների համար ՄԱԿ-ը նոր ճամբար է կառուցել, որին «Նիմրուդ» անունն են տվել: Թուրքմեններով հիմնականում բնակեցված Թալ-Աֆարը ԻՊ-ի ահաբեկիչների ձեռքն էր անցել երեք տարի առաջ: Մոտ 40 հազար քաղաքացիներ տեղահանված են: Այժմ շրջանը գտնվում է իրաքյան բանակի վերահսկողության տակ: Թալ-Աֆար քաղաքից մոտ 55 կմ հեռավորության վրա գտնվող կառավարության կառուցած ճամբարը կարող է ընդունել մոտ 3.600 ընտանիքների կամ 22 հազար անհատների: ՄԱԿ-ի փախստականների գործակալության անունից ճամբարի կառավարումը հանձնվել է «Իրաքի փրկության» մարդասիրական կազմակերպությանը: «Սա պալատի է նման, մենք երջանիկ ենք եւ հույս ունենք, որ մեր փորձությունները վերջ կգտնեն այլեւս», նշել է ճամբարում հաստատված 6 երեխաների մայր Խոդեյրան: Իսկ ՄԱԿ-ի փախստականների գործակալության Մոսուլի գրասենյակի ղեկավար Հովիկ Էթյեմեզյանը ճամբարի բացման արարողության ժամանակ ասել է, որ տեղավորման գործով զբաղվող անձնակազմը ամեն ինչ անում է նախ ամենախոցելիներին հայտնաբերելու համար: «Ցանկանում ենք, որ այսուհետ նրանք արժանապատիվ կյանք վարեն: Փորձում ենք տեղահանվածներին ապահովել կենսական պայմաններով», շեշտել է նա: ՄԱԿ-ի փախստականների «UNHCR» գործակալության ներկայացուցիչն էլ հավելել է, որ ճամբարը համագործակցության հիանալի օրինակ է: Նկար 1. Հովիկ Էթյեմեզյան |