RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-10-06 00:01:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 15605, Տպվել է` 2241, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ ԱՊՐՈՂՆԵՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունը ներկայացրել է այն պատգամավորների ցուցակը, որոնք ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով, դիմել են եւ ստանում են Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում: Այսինքն մի խումբ պատգամավորներ, ավելի կոնկրետՙ 10 պատգամավոր, դիմել են պետությանը, որպեսզի ստանան Երեւան քաղաքում վարձով բնակարանում ապրելու փոխհատուցում: Այդ պատգամավորներից է Մանուկյան Սուրենըՙ ՀՅԴ-ից: Մարդը ծնվել է Իջեւանում, երկու տարի աշխատել է Կոնվերս բանկի Իջեւանի բաժանմունքում որպես վարկային մասնագետ, եղել է Իջեւանի ավագանու անդամ, Իջեւանի փոխքաղաքապետ, Հայանտառի Իջեւան մասնաճուղի տնօրեն: Նա, կրկնում եմ, դիմել է պետությանը, որպեսզի ամեն ամիս ստանա գումար, որ կարողանա վճարել Երեւան քաղաքում իր բնակարանի վարձը:

Հաջորդը, Մանուկյան Ռոմիկ, նորից դաշնակցական է: Մարդը 2003-07-ը եղել է Շիրակի մարզպետը, իսկ 2000-03-ը եղել է Շիրակի փոխմարզպետը: Ծնվել է Շիրակի մարզի Սարատակ գյուղում, հավանաբար այնտեղ տուն ունի, շատ հավանական է, որ ոչ միայն այնտեղ, բայց դիմել է պետությանը, որպեսզի կարողանա վճարել Երեւանում իր բնակարանի վարձը:

Մարուքյան Էդմոն, դաշնակցական չէ, Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադիրն է, ծնվել է Վանաձորում, այնտեղ տուն ունի: Մարզպետ չի եղել, փոխմարզպետՙ նույնպես, բայց աշխատավարձից կամ եկամուտներից երբեք չի դժգոհել: Նույնպես դիմել է պետությանը, որ կարողանա վճարել Երեւան քաղաքում իր բնակարանի վարձը:

Հաջորդըՙ Կյուրեղյան Արմենուհի: Նորից դաշնակցական է: Ինչպես Մարուքյանը, ծնվել է Վանաձորում: Կյուրեղյանը 1993-2000-ը եղել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի տարածքային բաժնի նպաստների բաժնի վարիչ: 2016-2017-ինՙ Վանաձորի ավագանու անդամ:

Նա նույնպես դիմել է պետությանը, որ կարողանա վճարել Երեւան քաղաքում իր բնակարանի վարձը:

Միխայլով Արսեն. Հանրապետական է, ծնվել է Արզնիում: 1997-2017-ը եղել է Արզնու համայնքապետի տեղակալ: 1994-2001-ին եղել է Հայաստանի «Աթուռ» ասորական ասոցիացիայի փոխնախագահ, 2001 թվականից` նախագահ: 2001-ից համաշխարհային ասորական միության (A) վարչության անդամ է, Արեւելյան Եվրոպայի ասորական կազմակերպությունների պատասխանատու քարտուղար: 2007 թվականից` ՀՀ նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ:

Նա էլ դիմել է պետությանը, որ կարողանա վճարել Երեւան քաղաքում իր բնակարանի վարձը:

Հասանով Կնյազ. ծնվել է Կոտայքի մարզի Աստղաբերդ գյուղում, հանրապետական է: 1970-1973-ին եղել է Աբովյանի շրջխորհրդի գործկոմի ճարտարագետ-հողաշինարար, պլանային հանձնաժողովի նախագահ: 1973-1997-ինՙ Աբովյանի կինոցանցի տնօրեն, 1977-2014-ինՙ «Կոտայքի շրջկինոցանց» ՍՊԸ տնօրեն: 1995-իցՙ «Քուրդիստան կոմիտե» հկ անդամ, ապաՙ փոխնախագահ: 2000-ինՙ ՀՀ նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ: 2007-ից «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հկ խորհրդի նախագահն է:

Կնյազ Համիդովիչը եւս դիմել է պետությանը, որ կարողանա վճարել Երեւան քաղաքում վարձով բնակարանի համար:

Հաջորդը Միքայելյան Տատյանան է: Տիկինը ներկայացնում է Ծառուկյան դաշինքը: Ծնվել է Թաթարստանում, իսկ Հայաստանում աշխատել է 1988-1991-ինՙ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ գլխավոր հաշվապահի տեղակալ: 1991-2000թթ.ՙ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ գլխավոր հաշվապահ: 2000-2009-ինՙ Ինեկոբանկ ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ: 2009-2014-ինՙ Ինեկոբանկ ՓԲԸ գլխամասի վարկերի ձեւակերպման գլխավոր մասնագետ: 2014-2017-ինՙ Ինեկոբանկ ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղի գլխավոր մասնագետ:

Միքայելյան Տատյանան նույնպես դիմել է պետությանը, որ կարողանա Երեւանում վարձով ապրել:

Պողոսյան Կարինեն հաջորդն է: Տիկինը առաջ հանրապետական էր, հետո երբ Հովիկ Արգամիչը դուրս եկավ ՀՀԿ-ից, ինքն էլ դարձավ անկուսակցական: Պատգամավոր է ընտրվել Ծառուկյան դաշինքի կազմում: Ծնվել է Մխչյան գյուղում: 1994-2004-ին Արտաշատի թիվ 6 միջնակարգ դպրոցում աշխատել է ֆիզիկայի ուսուցչուհի, 2004-2009-ին` փոխտնօրեն: 2009-2011-ը եղել է Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն:

Նա նույնպես դիմել է պետությանը, որ կարողանա վարձով ապրել Երեւանում:

Ասատրյան Վանիկ, սպիտակցի է, ներկայացնում է Ծառուկյան դաշինքը: 1994-1995-ին եղել է Սպիտակի կարի արտադրական միավորման գլխավոր տնօրեն, 1995-2017-ինՙ «Վանուհի» ԲԲԸ նախագահ, 2002-2008-ինՙ Սպիտակի քաղաքապետ, 2009-ինՙ Լոռու մարզպետի օգնական, 2009-2011-ինՙ Լոռու մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ, 2012-2016-ինՙ Լոռու փոխմարզպետ: ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդական է: Նա էլ է դիմել պետությանը, որ Երեւան քաղաքում վարձով ապրելու համար փոխհատուցում ստանա:

Եւ վերջապես Կարապետյան Անդրանիկ: Էջմիածնեցի է, անկուսակցական, բայց ՀՅԴ խմբակցությունից: 2010-2012-ին եղել է Վերահսկիչ պալատի իրավաբանական վարչության մասնագետ: 2015-2017-ինՙ «Մոնոլիտ գործարան» ԲԲԸ գործադիր տնօրեն: Մարդը դիմել է պետությանը, որ կարողանա Երեւան քաղաքում վարձով ապրել:

Մի հոգի էլ կա, Վարդան Ղուկասյանը, Գյումրիի նախկին հանրահայտ քաղաքապետը: Մարդը նույնպես դիմած է եղել, որ պետությունն իրեն օգնիՙ Երեւանում ապրելու հարցում, պետությունն էլ, մինչեւ 2017-ի սեպտեմբերի 25-ը օգնել է, այդ օրը, սակայն, Ղուկասյանը դիմում է գրել, որ էլ պետք չէ, պետությունն էլ դադարեցրել է օգնությունը Ղուկասյանին:

Ի դեպ, օգնությունը կազմում է ամեն ամիս 100 հազարական դրամ: Այսինքն բացի պատգամավորական աշխատավարձից հիշյալ մարդիկ ստանում են հավելյալ 100 հազարական դրամՙ Երեւան քաղաքում վարձով ապրելու համար:

Չէ, ես չեմ ասի, որ Երեւան քաղաքում բազմաթիվ մարդիկ են վարձով ապրում, որոնք պատգամավոր չեն, որ չեն կարող օգտվել ՀՀ համապատասխան օրենքի 9-րդ հոդվածից, ոչ էլ կարեւոր է այն, թե ինչո՞ւ է Կնյազ Հասանովն, օրինակ, անպայման ուզում Երեւանում ապրել, այն պարագայում, երբ Աբովյանից Երեւան 20 րոպեի ճանապարհ է, ու ինքը Աբովյան քաղաքի կնյազն է (չխառնել թագավորի հետ): Նույնը վերաբերում է Էջմիածնում բնակվող Կարապետյան Անդրանիկին: Սակայն ինձ այլ բան է հետաքրքրում. ինչո՞ւ է պարոն Վարդան Ղուկասյանը հետ վերցրել իրՙ փոխհատուցում ստանալու դիմումը. ամաչել է Գյումրիում տնակներում ապրողների՞ց, թե՞ պետական միջոցները սկսել է խնայել: Գուցե այլ պատճառ կա...Ամեն դեպքում պետության բյուջեից ամեն ամիս 1 միլիոն դրամ գնում է, որպեսզի տասը պատգամավոր կարողանա վարձով ապրել Երեւան քաղաքում:

Ի դեպ, ապրո՞ւմ են, թե՞ պարզապես փողն են ստանում...

Հ.Գ. Սոցիալական ապահովության եւ աշխատանքի նախարար Արտեմ Սարգսյանը օրերս հայտարարեց, որ վերանայվում է երկրում նպաստառուների ցուցակը, որպեսզի բացառվի նպաստի հատկացումը նրանց, ովքեր դրա կարիքը չունեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ