ԿԱՐԵՎՈՐ ԳԻՐՔՙ ԱՐԺԱՆԻ ԲԾԱԽՆԴԻՐ ՄՈՏԵՑՄԱՆ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի նախօրեին լույս տեսավ եւ օրերս շնորհանդեսով հանրությանը ներկայացվեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գիրքըՙ անոտացիայում «աշխատություն-ուսումնասիրություն» բնորոշմամբ: Եվ իրավամբ, հեղինակը ծանոթ է իր զարմանալի աշխատասիրությամբ եւ անսպառ եռանդով, որի դրսեւորումներին ականատեսն ու վկան ենք ահա արդեն 8 տարուց ի վեր, երբ նա ստանձնեց Սփյուռքի նորաստեղծ նախարարության կազմավորման եւ զարգացման գործը: Արդարեւ, առանց այդ աշխատասիրության անհնար պիտի լիներ 650 էջ հաշվող այս գիրքը հրատարակել, այն էլՙ իսկապես բազմազբաղ առօրյայի հեւքի մեջ: Հեշտ բան չէ մեկ գրքում ամփոփել նախարարության կազմակերպած բազմաթիվ գիտաժողովների, համաժողովների եւ նմանատիպ ձեռնարկների եւ ուսումնասիրությունների արդյունքներըՙ համապատասխան ընդհանրացումներով, ամփոփիչ աղյուսակներով եւ համեմատական սյունակներով, ներկայացնել վիճակագրական տվյալներ, կազմակերպությունների, լրատվամիջոցների, հիմնարկների, հաստատությունների եւ գործիչների ու գործարարների երկար ցանկեր, տեղ-տեղ հայկական սփյուռքին վերաբերող տվյալները բաղդատելով այլազգի սփյուռքների հետ, իսկ գրքի սկզբում բացատրել սփյուռք հասկացության վերաբերյալ օտար ուսումնասիրողների սահմանումներն ու սփյուռք երեւույթի առաջացման, այդ թվում հայկական սփյուռքի, պատճառներն ու հետեւանքները, եւ այս բոլորըՙ գլոբալիզացիայի պարտադրած փոփոխություններիՙ հեղինակի խոսքովՙ հարափոփոխ աշխարհի պայմաններում: Ակնհայտ է հեղինակի ձգտումը հնարավորինս գիտական աշխատություն ներկայացնելու: Գնահատելի այդ ձգտումը, սակայն, տեղ-տեղ մնացել է անկատար: Իմ տպավորությամբՙ հեղինակին խանգարել է քարոզչականությունը, սեփական նախարարության եւ կառավարության քաղաքականությունը ամեն գնով, կրկնում եմՙ ամեն գնով արդարացնելու միտումը: Մյուս կողմից, նման աշխատությունը, գրված գործող իշխանության գործող անդամի գրչով, պիտի՛ ունենար իր գաղափարախոսությունը, որն այս պարագայում տարբեր չէր կարող լինել ազգային գաղափարախոսության հիմնադրույթներից- առկա պայմաններում Հայկական պետության հզորացման կարեւորագույն գրավականներից է հզոր սփյուռքի գոյությունը, եւ վերջինիս անմիջական մասնակցությունը համահայկական տեսլականի իրագործմանըՙ իբրեւ մեկ եւ միասնական ամբողջությունՙ ի խնդիր Մայր հայրենիքի հզորացման: Ասացիՙ ընդունելի գաղափար, որը դժբախտաբար կարգախոսի կարգավիճակում: Ճիշտ է, հեղինակը փորձել է ցուցաբերել ավելի խորքային մոտեցումերՙ հասկանալու հին, նոր եւ նորագույն սփյուռքների խնդիրները, ճանաչել ու գնահատել նրանց ներուժը, առկա կարողականությունը, համաշխարհայնացման վտանգներին դեմ դնելու նրանց պատրաստակամությունը, սակայն իմ կարծիքով նրան չի հաջողվել ներթափանցել հարցերի խորքը եւ մատը դնելով վերքի վրա բացատրել, թե, օրինակ, ինչո՞ւ են մարդիկ մեկնում հայրենիքից, դատարկվում են գյուղեր, ավաններ, քաղաքներ, իսկ մեկնելուց անմիջապես հետո ձգտում ինտեգրվել տվյալ երկրին եւ հասարակությանըՙ հրաժեշտ տալով ամեն հայկականին: Կամՙ ինչո՞ւ չենք կարողանում առավել արդյունավետ միջոցներ գտնել սփյուռքահայ երիտասարդությանը հայությանը եւ Մայր հայրենիքին կապելու համար: Հայաստանից Ամերիկա եւ այլուր գաղթած հարյուր հազարավորները ինչո՞ւ չեն մերվում տեղիՙ վաղուց կազմավորված համայնքներին: Նույնը, որոշ չափով, վերաբերում է նաեւ Ստամբուլից, Լիբանանից, Պարսկաստանից գնացած հայերին, որոնք առավել կամ նվազ չափով ապրում են մեկուսի, ինքնամփոփ: Եվ կամՙ իր գոյության 25 տարում ինչո՞ւ է «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանգանակել ընդամենը 235.800.000 դոլար, այսինքն միջին հաշվով տարեկան 9 մլն դոլարից էլ պակաս: Անշուշտ այս եւ նման «ինչուների» սպառիչ պատասխանը չենք ակնկալում գրախոսվող գրքից, սակայն ցանկալի պիտի լիներ նման հարցադրումների հանդիպել գրքի էջերումՙ որպես խթանիչ նյութ հետագա հետազոտությունների համար: Նորընծա գրքին անդրադառնալով ըստ բովանդակության, պետք է շեշտել դրա օգտակարությունը տեղեկատվական առումով, հատկապես ինչ վերաբերում է սփյուռքահայ գաղթօջախների հակիրճ պատմությանը, հայերի թվաքանակին, ազգային հաստատություններին եւլն, ու եւս առավելՙ առանձինՙ համահայկական մասնագիտական կառույցներին, սփյուռքահայ թանգարաններին ու գրադարաններին, հայագիտական կենտրոններին եւ լրատվամիջոցներինՙ որոնց ամբողջական ցուցակը ներկայացվում է առանձին հավելվածների տեսքով: Գրքում խիստ թերի է ներկայացված սփյուռքի հետ պետական հարաբերությունների ողջ պատմությունըՙ հատկապես խորհրդային շրջանում եւ մասնավորաբար Սփյուռքի հետ մշակութային կապի կոմիտեի շուրջ 30-ամյա գործունեության տարիներին: Ինչ-որ խանդոտ վերաբերում է նշմարվում այդ հիմնարկի գործունեությանը անդրադառնալիս, մի տեսակՙ հարեւանցիություն: Այնինչ, իմ կարծիքով, պետք էր կարեւորությամբ շեշտվեր 60-ական թթ.ից մինչեւ անկախ պետականության հաստատում Խ. Հայաստանի պետական եւ կուսակցական ղեկավարության մի շարք կարեւորագույն նախաձեռնությունները սփյուռքահայության նկատմամբ, այն էլՙ այլամերժության, նեղմիտ եւ միահեծան կուսակցականության, վերջապեսՙ ամբողջատիրության պայմաններում: Այնՙ ինչ որ Կոմիտեի միջոցով նշյալ տարիներին արվեց սփյուռքահայության համար,- այն կոչենք արտաքին քարոզչություն թե այլ բան,- սկսած վտանգված որոշ գաղութների ֆիզիկական անվտանգության, ավելի քան երկու հազար սփյուռքահայ երիտասարդների մասնագիտական կրթություն ստանալու, գաղթահայությանը հնարավորինս կազմակերպ պահելու, կրթության օջախների հանդերձավորման, ազգային մշակույթով ու հայկական ժառանգությամբ գաղթօջախներին նոր լիցք ու ոգի ջամբելու եւ այլ տեսակետներից պատմական արժեք ունի: Հետեւաբար, անհրաժեշտ էր այդ նախաձեռնություններն ընդունել որպես մեծագույն ներդրում հայապահպանության ու հայրենասիրության գործում: Առանց այդ նախաձեռնությունների, սփյուռքահայությունը որպես ամբողջություն, գոնե հին եւ միջին սերունդների մասով, ավելի պակաս հայ կլիներ, վստահաբար: Գրախոսվող հատորի հաջորդ թերությունը վերաբերում է «Համահայկական մասնագիտական կառույցներ» վերնագրված գլխին, որտեղ ներկայացված են մեր կուսակցությունները, բարեգործական, մշակութային, մարզական, կանանց, առողջապահական եւ մասնագիտական գլխավոր կազմակերպություններըՙ հակիրճ բնութագրումներով: Եվ անակնկալների անակնկալըՙ այս գլխի առաջին «կազմակերպությունը» լինելու «պատիվը» տրված է Հայ առաքելական եկեղեցուն: Հայ եկեղեցին կազմակերպությո՞ւն, այն էլ մասնագիտակա՞ն: 1716 տարի գոյատեւող, երբեք ու բնավ չընդհատվող ազգային մեր այդ կառույցը, ազգային հիմնաքար հանդիսացող Հայոց եկեղեցին կազմակերպությո՞ւն: Նույնիսկ establishment բառը չի պատշաճում բնորոշելու մեր եկեղեցին. դա ազգային ինքնության խարիսխն է, որին նույնիսկ Ստալինը չկարողացավ անտեսել, եւ ազգը «բռնելու» համար հանդուրժեց ազգային եկեղեցու գոյութունը: Անհրաժեշտ էր առանձին գլխի տակ ներկայացնել այն, ավելի խորը թափանցումներով, ի հարկին կցելով դրան հայ կաթոլիկությունը եւ հայ բողոքականությունը, նաեւ, որոնք վերջին 300 տարվա ընթացքում, այնուամենայնիվ, կարեւոր ներդրումներ են արել ազգային ինքնության պահպանման գործում: Ավելին, հեղինակը խիստ հարեւանցի է անդրադարձել Մայր աթոռինՙ նրան հավասար տեղ տալով Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, անտեսելով պատմական ճշմարտությունը- դրանք հավասարազոր աթոռներ չե՛ն, Անթիլիասը մասնակի աթոռ է, որը, սակայն, հավակնում է ներկայանալ իբրեւ ողջ Սփյուռքը ներկայացնող, եւ ՀՀ սփյուռքի նախարարության ու կառավարության վերաբերումը նրա այդ հավակնության նկատմամբ քաջալերական է: Սա ոչ միայն պատմական, այլեւ դատապարտելի քաղաքականություն է, ոտնձգություն նաեւ ազգի միասնականության, Հայ եկեղեցու մեկության դեմ. միասնականությունՙ որի պաշտպան են ներկայանում մեր կառավարությունը, սփյուռքի նախարարությունը: Եվս առավել, Անթիլիասին հատկացված էջում տիկին Հակոբյանը գրում է. «Ներկայումս Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն ունի 12 թեմ եւ 1 հոգեւոր տեսչություն»: Հարցՙ ազգային կամ պետական ո՞ր ատյանում է հաստատվել բռնագրավումների, ահաբեկչությունների, օտարեկրյա ծառայությունների միջամտությունների հետեւանքով ստեղծված այդ իրողական վիճակը: Մեր Սահմանադրությունը անջատել է Եկեղեցուն Պետությունից, եւ ճիշտ է արել: Եկեղեցին որպես ինստիտուտ չի կարող միջամտել պետության գործերին: Սակայն, միաժամանակ, ինչպես պարզվում է գրախոսվող գրքից, Պետությունը փաստորեն միջամտո՛ւմ է Եկեղեցո՛ւ գործերին, երբ որպես իրողություն է ընդունում, ավելինՙ օրինականացնում է թեմերի բռնազավթման, զուգահեռ «թեմերի» ստեղծման, եւ այդպիսովՙ մեր ժողովրդին առավել բաժանելու, հատվածականությունը քաջալերելու ընթացքը: Եվ իշխանության կեցվածքը ոչ մի կերպ չի արդարանում քաղաքական կոնյունկտուրայի, կոալիցիոն գործընկերության պահանջներով, ինչպես որ Անթիլիասի աթոռը կուսակցական մականի ներքո պահելու Հ.Յ.Դաշնակցության ընթացքով: Վերջինս 70 տարի ոտնձգությունների իր քաղաքականությունը պատճառաբանում էր Մայր աթոռի «Կրեմլի մականին տակ» գտնվելու կարգախոսով: Իսկ թե հայկական անկախ պետության վերականգնումից հետո ի՞նչ է նույն կուսակցության պատճառաբանությունը, հայտնի չէ: Սակայն նրա փոխարեն, ահա՛, պետական իշխանավորն է այդ տխուր փաստը ներկայացնում որպես «կատարված եւ ընդունելի իրողություն», առաջին հարվածը տալով ազգային միասնականության իր եւ մեր բոլորի ցանկությանը, փաստորեն: Վերեւում ասվեց, գնահատանքի խոսքերով, որ գրախոսվող գրքի մատուցած կարեւոր ծառայություններից մեկը սփյուռքում գործող կառույցների եւ անձնավորությունների թվարկումն է, ցուցակներն ու ցանկերըՙ համապատասխան տվյալներով: Սակայն կարծում եմ, որ այդ ցուցակներն ու տվյալները պետք է ենթարկվեն մանրակրկիտ ու բծախնդիր վերստուգման, ճշգրտումների, մանավանդ որ երկուշաբթի օրը ԳԱԱ-ում կայացած շնորհանդեսի ժամանակ մասնակիցներից մեկը առաջարկել-խոստացել է գիրքը հրատարակել անգլերեն լեզվով: Օրինակՙ սփյուռքահայ թանգարանների շարքում մոռացվել է մեր ամենաարդիական, օրինակելի եւ գեղեցիկ թանգարանը Դետրոյթումՙ Ալեք Մանուկյանի անունը կրող, որը հայկական քաղաքակրթությունը հայերին եւ օտարներին ներկայացնելու գործում ծանրակշիռ ավանդ ունի եւ ներկայություն: Իսկ, ընդհակառակը, թանգարանների այդ ցուցակում չգիտես ինչու ներառվել է Լիսաբոնում Գ. Գյուլպենկյանի անձնական հավաքածոներիՙ թեեւ հրաշալի, սակայն ամենեւին էլ ոչ հայկական թանգարանը: Եվ ընդհանրապես, հայկական ցուցակներում պետք չէ ընդգրկվի Գ. Գյուլպենկյան հիմնարկությունը, այլ միայնՙ հայկական ծրագրերին աջակցող օտարերկրյա կազմակերպությունների կամ ֆոնդերի ցուցակում, քանզի այդ հիմնարկությունը, ցավոք, հայկական չէ, այլՙ պորտուգալական: Նմանապես, սփյուռքահայ լրատվամիջոցների ցանկում կան բազմաթիվ անճշտություններ: Օրինակՙ «Ամերիկայի ձայնը» ներկայացված է որպես հայկական: Այդ պարագայում ցուցակում ինչո՞ւ չի ընդգրկված «Ազատությունը», կամՙ տարբեր երկրների ռադիո-հեռուստատեսությամբ տրվող հայերեն հաղորդումները, ծրագրերը: Դրանց կարելի էր այլ ցուցակներում տեղադրել: Անճշտության մեկ այլ օրինակ է «Նայիրի» շաբաթաթերթի խմբագրիՙ Ժիրայր Թոսունյանի (Ժիրայր Նայիրի) ներկայությունը ցուցակում, մինչդեռ այդ շաբաթաթերթը վաղուց դադարել է լույս տեսնելուց, իսկ Ժ. Թոսունյանը մահացել է 5 տարի առաջ: Ցավոտ, խի՛ստ ցավոտ հարց է սփյուռքահայ անձնանունների անսկզբունք տառադարձությունը: Ամենաարտառոց անունների, ավելի ճիշտՙ տառադարձությունների կարելի է հանդիպել այդ ցուցակում, անգլերենից եւ ֆրանսերենից տառադարձությունների որպես հետեւանք, ինչպեսՙ Վարանթ Կորթմոսյան, Կլոդ Դոնաբեդյան, Սարկսյան Ռոսելին, Հաջիբողոսյան Պոլ, Տերձագիան Կրիստել, Գարմիրյան Մարսել, Համպարսումյան Մարլեն, Դերդերյան Ֆիլիպ, կամՙ գլուխգործոցըՙ Չաբլաքյան Ա. Դիքրան, իսկ լրատվամիջոցների ցանկումՙ Կիպրոսում գոծող «Գիբրահայեր» կայքէջի անունը: Անշուշտ տառադարձական այս խառնաշփոթի մեղավորը գրքի հեղինակը չէ, այլ մեր երկրի այժմյան ու նախորդ կառավարությունները, որոնք չկարողացան կամ չկարեւորեցին նախկին տերմինաբանական կոմիտեի նման բարձրագույն մի մարմին ստեղծելու եւ լեզվական առկա հարցերը պետականորեն կանոնակարգելու խնդիրը: Վերջում տեղեկացնեմ, որ գրքի խմբագիրը բանասիրական գիտությունների դոկտոր, Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանն է, իսկ գրախոսողներըՙ ակադեմիկոս, Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը եւ ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Տպարանըՙ «Տիգրան Մեծ» հրատարակչատուն: |