ՏՊԱԳՐՎԱԾԻ ՀԵՏՔԵՐՈՎ ՀԱԿՈԲ ՍՈՒՐԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, տեխնիկական գիտությունների թեկնածու Անվանի գիտնականների «Կասեցնել կեղծ գիտությունը» նամակում («ԱԶԳ» #43, 17-11-2017) հեղինակները իրենց մտահոգությունն են հայտնել Հերունու կեղծ գիտական «արդյունքների» դպրոցական դասագրքեր մտնելուն: Նկատի ունենալով այդ «արդյունքների» ապշեցուցիչ լայն տարածվածությունը, որպես անտենաների բազմամյա փորձով մասնագետ, ուզում եմ ավելացնել իմ նկատառումները: Հերունու «անտենայում», ինչպես նշում են հարգարժան գիտնականները, իրոք խախտված են տարրական տեխնիկական սկզբունքներ, ինչի հետեւանքով այդ «խրտվիլակը», երբեք չէր կարող աշխատել միկրոալիքային տիրույթում: Բերեմ միայն մի փաստ, որ կարծում եմ կցնցի յուրաքանչյուր ընթերցողի. հասարակությանը խաբեության աստիճանը Հերունին հասցրել էր այնտեղ, որ ԳԱԱ-ի ժողովում իր ելույթում հայտարարել էր, թե իբր իր անտենայով հերքել է տիեզերական մնացորդային միկրոալիքային ճառագայթման գոյությունը: Նրան անգամ չէր կանգնեցրել այն, որ այդ ճառագայթման հատնագործության համար շնորհվել է Նոբելյան մրցանակ եւ այն ամբողջ աշխարհում հետազոտվում է ամենամանրակրկիտ ձեւով, տասնամյակների ընթացքում: Այդ երբեք չաշխատած «անտենայի» արդյունքներով չկա որեւէ գիտական հրատարակում, հետեւաբար դրա մասին եղած գովերգումները եւ դպրոցական դասագրքում հայտնվելը պետք է համարել ուղղակի վիրավորական Հայաստանի գիտության համար: *** Հրապարակելով «ԿԱՍԵՑՆԵԼ ԿԵՂԾ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ» (տես` http://www.archive.azg.am/AM/ 2017111708), «ՓՈԹՈՐԻԿԸ ԲԱԺԱԿՈՒՄ» (տես` http://www.archive.azg.am/AM/2017122215), «ԴԱՐՁՅԱԼ ԿԵՂԾ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» (տես` http://www.archive.azg.am/ AM/2018011207) վերաբերյալ արձագանքը, մենք հանրությանը ծանոթացրել ենք այն մտահոգությունների հետ, որոնք ունեն որոշ գիտնականներ: Լրիվ համաձայնվելով հիմնական սկզբունքային մոտեցումների հետ, այնուամենայնիվ ուզում ենք եւս մտահոգություն հայտնել առ այն, որ Պարիս Հերունու հանդեպ մեղադրանքները շատ խիստ էին եւ կասկածի տակ են դնում ընդհանրապես այդ գիտնականի ամբողջ գործունեությունը: Իրենց առաջին նամակում վաստակաշատ գիտնականները թույլ էին տվել տարակուսության համար հիմքեր` Պարիս Հերունուն «Քարահունջի» հարցի դեպքում քննադատել են նաեւ պատմութագիտական ոլորտի հետ ոչ մի առնչություն չունեցող գիտնականներ, իսկ Հերունու «ռադիոաստղադիտակի» դեպքում, ըստ էության, քննադատել են նաեւ պատմաբանները: Տպավորություն է ստեղծվել, որ հիմնական պատճառը կայանում է, այնուամենայնիվ, Պարիս Հերունի մարդու հանդեպ վերաբերմունքի մեջ: Եթե այդպես է, ապա դա շատ վատ է: Ինչ վերաբերում է մեր վերջին նամակի հեղինակին` տ.գ.թ. Հակոբ Հարությունյանին, ապա ինչքան հասկանում ենք, պրն Հարությունյանը աստղագիտության մասնագետ չէ եւ քննադատում է Պարիս Հերունուն բավական վիրավորական երանգներով, այդ թվում օգտագործելով «խրտվիլակ» բառը: Կարծում ենք, որ կարելի էր ավելի կոռեկտ ձեւով հայտնել սեփական վերաբերմունքը: Մանավանդ որ պրն Հարությունյանը լինելով տեխնիկական գիտությունների թեկնածու եւ «որպես անտենաների բազմամյա փորձով մասնագետ», կարող էր ուշադրություն դարձնել 2016 թվականին ԱՐԵՍԻԲՈ (http://naic.edu) ռադիոդիտակի գործարկման փաստին: Չէ որ չի կարելի չնկատել, որ ԱՐԵՍԻԲՈ աստղադիտակը աշխատում է ճիշտ նույն սկզբունքներով, որոնք դեռեւս 20-րդ դարի 60-ական թվականներին հայտնագործել է Պարիս Հերունին: Գիտության պատմության մեջ բազմաթիվ են գիտական այն աշխատանքները, որոնք ունեցել են բացասական արդյունքներ, բայց այդ բացասական արդյունքները դարձել են կարեւորագույն հանգամանքներ ապագա մեծ գիտական արդյունքների համար: Եվ Պարիս Հերունու ռադիոաստղադիտակը չկարողանալով լինել օգտակար աստղագետներին, այնուամենայնիվ ունեցավ իր ավանդը նոր տեսակի ռադիոաստղադիտակների ստեղծման գործում: Եվ դա պատմակա՛ն փաստ է... Ինչ վերաբերում է «Քարահունջի» հարցին, ապա երեւի թե կարելի է համաձայնվել, որ գիտնական, բայց ոչ պատմաբան Պարիս Հերունին իրոք զբաղվել է առասպելների ստեղծմամբ եւ տարածմամբ: Դա անշուշտ գիտնականի գործ չէ, սակայն ո՞ր ժողովուրդը չունի առասպելներ: Եթե Հերունին ստեղծել է մի գեղեցիկ առասպել, որը կնպաստի զբոսաշրջիկությանը Հայաստանում, ապա ի՞նչ բացասական բան կա դրա մեջ: Եվ վերջինը: 4-րդ դասարանի դասագրքում որոշ գիտնականների համար «կեղծ գիտական գիտելիքները» անշուշտ չեն կարող կասկածի տակ դնել դպրոցում գիտության ուսումնասիրման հիմքերը: Առնվազն, բոլոր ճշգրիտ գիտությունների դեպքում գործում են խիստ ժամանակակից գիտական մոտեցումներ: Կասկածել դրա մեջ` նշանակում է ծանոթ չլինել դպրոցական ծրագրերին: «ԱԶԳ» |