ՀԱՅԵՐԻՍ ԵԶԱԿԻՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա Բանասիրության մասին բնորոշումներն արդեն վկայում են, որ բանասիրությունը` ճշտիվ թարգմանված հայերեն, մարդկային մտավոր գործունեության ամենահոգեպարար ասպարեզներից մեկն է: Որպես կանոն բանասերները իրենց հենց այդ մասնագիտական ու խառնվածքային էությամբ հեռու են քաղաքական-գործարար աշխարհից: Սոցցանցերում փորձեցի հայտնաբերել բանասիրական «ծագումով» պետության ղեկավարներ, սակայն խելքը գլխին բան չգտա: Եվ այս իմաստով հայրենի նորանկախ պետության փորձը իր եզակիությամբ համաշխարհային նշանակություն է ձեռք բերում: Հանաք բան չէ. երեք նախագահներից երկուսը բանասեր են: Թեեւ չար լեզուներն ասում են, թե դրա համար էլ երկիրը «էս օրին է»: Անշուշտ առաջին նախագահը հիրավի բարձրակարգ մասնագետ է, ինչը ի սկզբանե լիուլի դրսեւորվեց միտինգային թոհուբոհների ժամանակ, երբ նրա գերգրագետ ոգեցունց ելույթները անտարբեր չէին թողնում ոչ մեկին: Անմոռաց ժամանակներ էին, երբ մարդիկ անմնացորդ հավատում էին անկախ, ազատ ու լուսավոր Հայաստան ստեղծելու նրա բոլոր պայծառ խոսքերին ու խոստումներին: Բանասիրական ոչ մի երեւակայություն չէր կարող պատկերացնել... մութ ու ցուրտ օրերը: Զարմանում ես, թե մի քանի նույնպես հումանիտար գործընկերների հետ նրան ինչպես հաջողվեց ստեղծել հակազգային-հակամարդկային կոռուպցիոն-օլիգարխիական պետություն ու այն ժառանգություն թողնել հետնորդներին, որոնք էլ այն զարգացրին ու դարձրին բացարձակ: Միայն բանասե՛րը կարող էր երկրի տնտեսությունը անդամալուծել: Երեւի ճիշտ վարվեց մեր առաջին ղեկավարը, երբ հակաբանասիրական հարկադրական պաշտոնաթողությունից հետո վերադարձավ իր էությանը հարազատ հիմնական մասնագիտությանը եւ սկսեց հրապարակել հիրավի բարձրարժեք բանասիրական երկեր: Բոլորովին այլ խառնվածք դրսեւորեց մեր երկրորդ բանասերը` թվով երրորդ նախագահը: Մինչ այդ պատվավոր պաշտոնն ստանձնելը նա հասցրեց ղեկավարել երկրի`բանասիրության բնույթին բացարձակապես անհարիր գրեթե բոլոր ուժային կառույցները: Հետո էլ զարմանում ենք, թե ինչպես է նա իր նախագահական երկրորդ ժամկետն ավարտում, արխիվում ունենալով սոսկ... 7 ընդդիմադիր-ընդդիմախոս: Ընդ որում, բախտի քմահաճույքով, վերջիններիս առաջապահ անձն էլ է բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ: Սակայն բանասիրական կրթվածությունը լքե՞լ է ներկայիս նախագահին: Իհարկե` ոչ, սակայն, ավա~ղ, միայն մեկ բնագավառում: Խոսքը վերաբերում է նրա աննախադեպ գեղեցկախոս, երբեմն պարզապես պերճախոսության վերածվող ելույթներին ու ճառերին: Սրանք իրոք բանասիրական գլուխ-գործոցներ են` լի պոետիկ վսեմ պատկերներով ու ձեւակերպումներով: Ոչինչ, որ դրանք ոչ մի առնչություն չունեն դժխեմ իրականության հետ: ՈՀեռուն չգնանք, նախագահի Ամանորյա շնորհավորանքից վերցնենք ընդամենը երկու հոգեկոտոր միտք. «Մենք հրաշալի երկիր ունենք եւ պետք է հպարտ լինենք այդպիսի երկրի քաղաքացի լինելու հանգամանքով»: Բայց սա իր գեղեցկությամբ բարոյական ապտակ է հայաստանյաց բնակչության կեսի երեսին, որոնք անկախության տարիներին անամոթաբար ու անշնորհակալորեն լքեցին «հրաշալի երկիրը»: Ա~խր ինչպես կարող է «հրաշալի» լինել այն երկիրը, որից զանգվածաբար հեռանում են: Միթե դժվար կռահելի է, որ գաղջ իրականությունից զզված ու հուսահատված հասարակ մարդկանց մեջ բանասիրական-բանաստեղծական նման պատկերները սոսկ խորացնում են արտագաղթացավը` այս նորահայտ անբուժելի դարձող հիվանդությունը: Լավ, այդ դեպքում աշխարհի երկրների բնակչության երջանկության անցյալ տարվա վարկանիշային ցուցակում ինչու է մեր հրաշալի երկիրը գրավում 121-րդ տեղը, իսկ Իսրայելը` 11-րդ: Միգուցե սա էլ է պետության լիդերների գործունեության արդյունավետության ցուցանիշ: Երկրորդ անզուգական միտքը վերաբերում է հենց այս վերջին երեւույթին. «Միասին Հայաստան ենք վերադարձնելու երկրից հեռացած մեր հարազատներին»: Եվ ինչպես նման դեպքերում, կրկին անհայտ է մնում բանասիրական այս լավատեսության հիմքը: Կարո~ղ է արդեն կանգնեցվել է արտագաղթը, հետ են վերադարձել վերջին տասը տարում երկրից հեռացած 370 հազար հայաստանցիները (Լենինականն այդքան բնակչություն չուներ) ու իրական հենարան է ստեղծվել երազելու 4 միլիոնի մասին: Օրերս հայաստանցի հեռուստալրագրողներից մեկը «Զվարթնոց» օդանավակայանում մի խումբ Ռուսաստան արտագաղթած, արտագաղթող ու խոպանչի ընկերների հարցրեց, թե ինչու են նրանք լքել ու լքում են նշյալ «հրաշալի երկիրը»: Նրանցից եւ ոչ մեկը նույնիսկ ափսոսանք չհայտնեց իր այդ քայլի համար: Նույն բանը կարող եմ հաստատել ես` Մոսկվայում չեմ հանդիպել արտագաղթած որեւէ հայաստանցու, որը զղջացած լիներ Ռուսաստան տեղափոխված լինելու համար: Սա է անողոք իրականությունը: Արդեն արտասահմանում են գտնվում իմ համակուրսեցի բանասերների զգալի մասի եթե ոչ ամբողջ ընտանիքները, ապա գոնե նրանց ժառանգները: Առայժմ, քանի դեռ երկրում ոչինչ չի փոխվում,միֆ է արտագաղթածներին վերադարձնելու գաղափարը, եւ ոչ մի բանասիրական գեղեցկախոսություն չի նպաստի այդ գործընթացին: |