ՀԻՄԱ ԷԼ ԹԱՆԴՈՅԱՆ ԵԿԵՂԵՑԻ՞Ն... Ռ. ԶՈՒՐԻԿՅԱՆ, Պատմաբան, հայագետ Կյանքը ցույց է տալիս, որ ռազմավարական նախկին ճակատագրական սխալները շատ թանկ են նստում տվյալ ազգի վրա եւ անընդհատ շոշափում են նրա արժանապատվության եւ վարկանիշի խնդիրները: Այդպիսի մի հիմնահարց է վիրահայության իրավունքների եւ նրա մշակութային ժառանգության հանգամանքը: Եթե հայկական վերնախավը անցյալ դարի 10-ական թվականներին կարողանար իրական քաղաքականությամբ եւ ռազմավարությամբ քաղաքակրթական տարածքը չզիջել օտարներին, տվյալ դեպքում վրացիներին, իսկ ավելի ստույգՙ մենշեւիկյան մասոնական ժողովարանին, ապա այժմ չէին ծագի Վրաստանում եղած եւ հայերի կառուցած եկեղեցիների պահպանության հարցերը: Մենք պետք է Հայաստանի առաջին հանրապետությունն ստեղծեինք հին հայկական Տփղիս (այժմՙ Թբիլիսի) կենտրոնով: Այդ պարագայում կունենայինք ուժեղ ու ընդարձակ երկիր, որը ամուր հիմք կլիներ Հայաստանի երրորդ հանրապետության համար: Համոզված ենքՙ այդ դեպքում չէր լինի նաեւ թուրք-ադրբեջանական շրջափակումը: Ավելին, Հայաստանը ելք կունենար դեպի Սեւ ծով, որը կլուծեր աշխարհաքաղաքական, քաղաքական եւ տնտեսական շատ խնդիրներ: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ այժմյան իշխանություններին, ապա նրանք կամազուրկ են, քանի որ չեն զբաղվում վիրահայերի, մահմեդական հայերի եւ այլ հիմնախնդիրներովՙ ընդարձակելով քաղաքական գործունեության տարածքը: Տպավորություն ես ստանում, թե այս իշխանությունները ոչ թե հայկական, այլ «պոլինեզիական» ծագում ունեն. նրանց ազգային ոչ մի հարց չի հուզում եւ չի անհանգստացնում: Նաեւ, օրինակՙ Երուսաղեմի հայկական մշակութային ժառանգությունը: Պարզապես ցավալի եւ աղետալի իրողություն է: Ասվածի լավագույն վկայությունը Թիֆլիսի Թանդոյան եկեղեցու հարցն է: Այն, պատմական վավերագրերի հավաստմամբ, կառուցվել է 1865թ. եւ նորոգվել 1890-ական թվականների վերջին: Խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո եկեղեցին վերածվել է «Դռնապահների ակումբի», իսկ հետագայում էլՙ «Կոլխիդա» կինոթատրոնի, որը գործել է մինչեւ 1980-ական թվականների վերջը: Ինչպիսի՜ բարեհաճ վերաբերմունք Աստծո տան նկատմամբ, ապշել կարելի է: Սա պարզապես սատանայական պահվածք է: Տարիների անտարբեր վերաբերմունքի պատճառով այժմ հոգեւոր շինությունը կիսավեր է, խոնարհված. տանիքը փլուզվել է եւ գտնվում է անտեր վիճակումՙ վերածվելով աղբանոցի: Սա է դառն ու ճնշող իրողությունը: Իսկ ներկայումս ինչպիսի՞ն է այս կառույցի շուրջ ստեղծված իրավիճակը: Ոչ մի բան չի փոխվում: 2017թ. հուլիսին Վրաստանի կառավարությունը, համոզված լինելով, որ հայկական կողմը կմնա անտարբեր եկեղեցու նկատմամբ, Վրաց պատրիարքարանին է փոխանցել Թբիլիսիի Թանդոյան Սբ Աստվածածին բազմաչարչար եկեղեցին: Ասենք, որ այն գտնվում է Աղմաշենեբելի փողոցի (նախկինՙ Միխայլովյան, Պլեխանովի) 38 հասցեում: Ուշագրավ է, որ մինչեւ եկեղեցուն փոխանցելը իշխանությունը չի բարեհաճել ուսումնասիրել տաճարի պատմական ծագումը, նրա մշակութային եւ դավանանքային հատկանիշները: Նշենք նաեւ, որ եկեղեցուն կից կառուցվել է եկեղեցական-ծխական դպրոց: Այն 1883թ կառուցել է այրի Կեկել Գրիգորի Թանդոյանը, եղբորՙ Ալեքսանդր Բաբասյանի աջակցությամբ, «եկեղեցին շինողի հոգու փրկության համար»: Իսկ եկեղեցին շինել է քաղաքի պատվարժան բնակիչ Սահակ Թանդոյանը, դրա համար էլ կոչվում է նրա անունով: Թանդոյանները հուղարկավորված են շինության տարածքում, կան 1883թ. գերեզմանաքարեր: Ըստ հայագետ Լեւոն Մելիքսեթ-Բեկի հետազոտությանՙ Թանդոյան եկեղեցին 1867թ. Թիֆլիսի հատակագծում արդեն նշված է: Մինչեւ այժմ պահպանվել է ուսումնարանի կառուցման վերաբերյալ հայերեն արձանագրությունը: Այս փաստը նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի հետազոտության մեջ: Արձանագրված է նաեւ, որ կառույցիՙ Վրաց ուղղափառ եկեղեցուն պատկանելու մասին պաշտոնական տեղեկություններ չկան: Հավելենք նաեւ, որ XX դարասկզբի Թիֆլիսի 1913թ. եւ 1924թ. քարտեզներում եւս այն վկայված է որպես հայոց եկեղեցի: Էլ չենք ասում այն մասին, որ Վրաստանի ազգային արխիվում կան բազմաթիվ վավերագրեր եկեղեցու հայկական լինելու մասին (1874թ., 1975թ., 1884թ., 1907թ., 1921թ. եւ այլն): Եկեղեցու պատմության մասին բազում փաստաթղթեր են պահվում նաեւ Հայաստանի ազգային արխիվում: Թանդոյան եկեղեցու փակումը հաստատվում է Թիֆլիսի Ժողգործկոմի նախագահության 1924թ. հրամանով: Իսկ 1927թ. օգոստոսի 12-ին շինությունը փոխանցվել է Թիֆլիսի գործկոմին: Ապա 2015-2016թթ. Վրաստանի իշխանությունները Աղմաշենեբելի պողոտայի վերանորոգման ծրագրով եկեղեցին ճանաչել են որպես հայկական կառույց: Ելնելով այս հանգամանքիցՙ 2015թ. դեկտեմբերի 27-ին Վիրահայոց թեմը դիմել է Վրաստանի մշակութային ծառանգության պահպանության գործակալությանըՙ խնդրելով Թանդոյան եկեղեցուն շնորհել մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ: Գործակալությունը խոստացել է վերանորոգման աշխատանքներից հետո արձագանքել այդ դիմումին, բայց մինչեւ այժմ ոչ մի տեղեկություն չի տրվել: Վրացական իշխանությունները, իրենց սովորության համաձայն, դիմել են խաբեության եւ կեղծիքի: Նրանք պնդում են, որ այդ վայրում իբր թե եղել է վրացական եկեղեցի, որը 1622թ. ոչնչացրել է պարսից Շահ-Աբասը: Ըստ այդ կեղծարարությանՙ եկեղեցին կրել է Սբ Խաչի հայտնության անունը, որը 1814-1816թթ. կառուցվել է հին եկեղեցու փլատակների վրա: Դրա համար աղբյուր է դարձել ոմն Դ.Կարիճաշվիլու «Մենաստաններն ու եկեղեցիները Թիֆլիսում ու նրա շուրջը» աշխատությունը (1837թ.)»: Իսկ արխիվային փաստաթղթերը եւ քարտեզները նրանց համար ոչ մի նշանակություն չունեն: Վրացական բթությունը եւ համառամտությունը սահմաններ չի ճանաչում: Բյուրոկրատական քաշքշուկներից հետո 2017թ. հուլիսի 10-ին Վրաստանի պետական գույքի ազգային գործակալությունը չեղյալ է համարել պահանջվող գույքի գրանցումը: Հանրային ցուցակագրության ազգային գործակալությունը 2017թ. հուլիսի 26-ին Վրաստանի պատրիարքարանի անունով գրանցել է 4591 քառակուսի մետր հողատարածք եւ այդտեղ առկա վնասված եկեղեցին: Այն էլ ասենք, որ 2017թ. դեկտեմբերին վնասված Թանդոյան եկեղեցու հիմքերը մասամբ փոխված են, եկեղեցու շրջակայքը մաքրվել է քարերից, եւ տարածքում աշխատանքներ են կատարվում: Այս ընթացքում վնասվում եւ խախտվում են շինության պատմական ու մշակութային յուրահատկությունները եւ գերեզմանները: Մեր խորին համոզմամբՙ այս քայլը կատարվում է ի պատասխան հայկական կողմի պաշտոնապես առաջադրած վիրահայ եկեղեցիների վերադարձի (ռեստիտուցիայի) օրինական պահանջի: Այս թեմայի մասին հանդես է եկել Վրաստանիի համերաշխության եւ բազմազանության ինստիտուտը: Ելնելով ստեղծված իրավիճակիցՙ Վիրահայոց թեմն արդեն դատական հայց է ներկայացրել: Միայն թե իրավական դաշտում մի անհեթեթություն կա. բանն այն է, որ Վրաստանում 2002թ. եկեղեցու եւ պետության միջեւ կնքված համաձայնագրի մի կետի համաձայնՙ այս երկրում եղած քրիստոնյա բոլոր եկեղեցիները համարվում են Վրաց ուղղափառ եկեղեցու սեփականություն: Ինչ հրաշալի՜ է: Արեւմտյան չափանիշներով ժողովրդավարական պետություն դիտարկվող Վրաստանն իրականացնում է խտրական ազգային եւ հոգեւոր քաղաքականությունՙ արհամարհելով ազգային փոքրամասնություններին եւ անգամ տեղաբնիկ ու պետականաստեղծ հայերին: Սա ազգային բնական իրավունքների կոպտագույն խախտում է, որը բռնապետական իշխանության վկայություն է: Երբեք չի կարելի մեր հայրենակիցներին անպաշտպան թողնել ազգայնամոլական եւ բռնակալական մի երկրում, ինչպիսին Վրաստանն է: Այժմ անհրաժեշտ է, որ հայ լավագույն փաստաբանները սատար լինեն Վիրահայոց թեմին նրա մղած դժվարին պայքարում: Իսկ ՀՀ իշխանությունների մեջ վերջապես պետք է խոսի ազգային քնած մտածողությունն ու ինքնասիրությունը, որպեսզի աջակցեն եւ զորավիգ լինեն վիրահայերին իրենց արդար պայքարում: Նկար 1. Թանդոյան եկեղեցի, լուսանկարը` ՀՃՈՒ արխիվից, հեղ. Սամվել Կարապետյան, 2007թ. |