RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 26-01-2018



ՏԵՍԱԿԵՏՆԵՐ

Տեղադրվել է` 2018-01-26 14:51:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 4900, Տպվել է` 485, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԿՐԿՆԵՆՔ ՄԵՐ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՔՐԴԵՐԻ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՆԵՐԿԱՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կամ ով ո՞ւմ է դավաճանում եւ որտե՞ղ մեղավորներ փնտրում

Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայի հյուսիսում, քրդաբնակ Աֆրինում եւ նրա շուրջ, միայն առաջին հայացքից կարող է թվալ, թե մեզ հետ կապ չունի: Գերտերությունների շահեր, թուրքական անփոփոխ կեցվածք, քրդերի քաղաքական կարճատեսությունՙ եթե համառոտ, ապա այսպես կարելի է բնութագրել կացությունն այս տարածքում: Եթե փոքր-ինչ մանրամասն, ապա իրականությունը հետեւյալն էՙ ԱՄՆ աջակցությունը վայելող քրդական կողմը հրաժարվեց ընդունել Սիրիայի իշխանություններին չհակադրվելու եւ այդ տարածքը նրանց հսկողության տակ անցկացնելու ռուսական կողմի առաջարկը: Քրդերը ապավինեցին իրենց հովանավոր ԱՄՆ-ին, հուսալով, որ նա կխրախուսի իրենց եւ թույլ չի տա թուրքական հարձակում իրենց վրա: Քրդերը հերթական անգամ դաժանաբար խաբվեցին, ինչի հիմնական մեղավորը, հանուն արդարության պետք է նշել, հենց իրենք են: Հետեւանքըՙ թուրքական բանակը հարձակում է սկսել քրդաբնակ այդ քաղաքի եւ հարակից տարածքների վրա, դա անվանելով «ահաբեկիչներից իր սահմանները մաքրելուն» ուղղված օրինական գործողություն: Հակառակ քրդական հույսերին, աշխարհն այժմ դիտորդի դերում է եւ, ամենայն հավանականությամբ այդպես էլ կմնա:

ԱՄՆ-ն, փաստորեն, բացի թուրքական հարձակման վերաբերյալ բանավոր հայտարարություններից, ոչինչ չարեցՙ չպաշտպանեց քրդերին: Անգամ զենիթային համակարգերիՙ քրդերին վաճառելու մասին տեղեկությունները չհաստատվեցին: Հակառակ դեպքում ականատես կլինեինք թուրքական օդուժի դեմ դրանց գործողության արդյունքին: Այսինքն, որքան էլ ԱՄՆ եւ Թուրքիայի ղեկավարները լեզվակռիվ տան միմյանց հետ, միեւնույնն էՙ Թուրքիան ավելի կարեւոր է ԱՄՆ-ի համար, քան քրդերը: Նույնը կարելի է ասել նաեւ եվրոպական երկրների մասին: Ճիշտ է, Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց թուրքական հարձակման կապակցությամբ, բայց դա ավարտվեց առանց որեւէ հայտարարություն ընդունելու: Եվ ամենազավեշտալինՙ այս ամենից հետո, քրդական որոշ առաջնորդներ հայտարարեցին, որ... Ռուսաստանը իրենց դավաճանեց, չնայած, որ հենց իրենք չեն համաձայնվել ընդունել ռուսների առաջարկը: Ի՞նչ պետք է աներ Ռուսաստանը դրանից հետոՙ սեփական զինվորականների կյանքի գնով պաշտպաներ քրդերի՞ն, որոնք ապավինել էին այլ ուժի աջակցությանը: Կամՙ ո՞ր պետությունը այդպես կվարվեր:

Հիմա, թե ի՞նչ կապ ունի այս ամենը Հայաստանի հետ: Բացի նրանից, որ ռազմական գործողությունները ծավալվում են մեզանից ոչ շատ հեռու, գլխավորը մեզ համար ուսանելի դաս քաղելն է այս ամենից: Հատկապես հիմա, երբ մեր իշխանությունն ու ընդդիմությունը, ինչպես նաեւ լրատվամիջոցների գերակշիռ մեծամասնությունը տարված են Արեւմուտքիՙ ԱՄՆ եւ հատկապես Եվրոմիության հանդեպ կույր սիրով, իսկ հայտնի դասականների ստեղծագործության հերոս մեծ կոմբինատորիՙ «Արեւմուտքը մեզ կօգնի» արտահայտությունը դարձել է մեր հանրության մի ստվար հատվածի կարգախոսը: Բանը հասել է նրան, որ մի քանիՙ վաղուց մոռացված եւ քաղաքական գործընթացների լուսանցքից էլ դուրս հայտնված «գործիչներ» հայտարարություն են հրապարակել իշխանական, բայց ընդդիմադիր ձեւացող կայքում, պահանջելով Հայաստանից դուրս բերել ռուսական ռազմակայանը եւ հայ-թուրքական սահմանը պաշտպանող ռուսական սահմանապահ ուժերը: Այժմ դիտարկենք, թե ի՞նչ կարող է այդ դեպքում տեղի ունենալ այստեղՙ համանման իրավիճակի օրինակն աչքներիս առաջ ունենալով:

Ակնհայտ է, որ Հայաստանը միայնակ չի կարող սեփական անվտանգությունը ապահովել երկու թշնամի պետությունների շրջապատում: Եթե միայն Ադրբեջանի հետ գործ ունենայինք, որի մարդկային, տնտեսական եւ ֆինանսատնտեսական ռեսուրսները մոտ 3 անգամ գերազանցում են մերը, հնարավոր կլիներ թեկուզ դժվարությամբ, բայց դիմակայել: Փաստ է, որ անգամ այդ պարագայում դժվար կլիներ պատկերացնել, թե ռազմական սպառազինության հավասարակշռությունը ինչպես կպահպանվեր, եթե Ռուսաստանը գումար եւ էժան սպառազինություն չտրամադրեր մեզ, որն Ադրբեջանը կարողանում է շուկայական արժեքով գնել: Սակայն եթե սրան էլ ավելանում է թուրքական սպառնալիքը, ապա միանշանակ է դառնում, որ առանց որեւէ գերտերության կամ նրա ստեղծած անվտանգության համակարգի Հայաստանը ի վիճակի չէ ապահովել սեփական անվտանգությունը: Սա փաստ է, որի հետ քիչ թե շատ մտածելու ունակություն ունեցող որեէ մեկը չի կարող վիճել. ճոռոմախոսներն ու դատարկագլուխները հաշվի մեջ չեն:

Եթե ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում չլինի, ի՞նչն է խանգարելու Թուրքիային հիմա էլ իր արեւելյան սահմանը «ահաբեկիչներից զերծ պահելու» կարգախոսով ռազմական ներխուժում իրականացնել Հայաստան: ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն, թե՞ Եվրոմիությունը: Քրդերի դեպքում սրանցից ոչ ոք մատը մատին չի խփում: Ավելին, նախկինում էլ թուրքական զորքերը սահմանափակ ներխուժել էին Սիրիայի, Իրաքի տարածք, իսկ ավելի քան 40 տարի առաջ նույն Թուրքիան գրավել եւ մինչ այժմ էլ իր տիրապետության տակ է պահում Եվրոմիության անդամ երկրիՙ Կիպրոսի տարածքը: Ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա ոչ ոք ոչինչ չարեց եւ ոչինչ չի անում որպեսզի թուրքական զորքերը դուրս գան այդ երկրից, ճիշտ այնպես, ինչպես ոչինչ չի արվում թուրքական ներխուժումները Իրաք, Սիրիա կանխելու համար:

Հայաստան թուրքական ներխուժման դեպքում պատկերը նույնն է լինելու: Գուցե ԱՄՆ-ն ինչ-որ հայտարարությամբ հանդես գա, ինչպես հիմա է անում: Գուցե: Դա կօգնի՞ մեզ: Ո՛չ իհարկե, ինչպես չի օգնում քրդերին: ԵՄ-ն գուցե ինչ-որ բան կանի: Ասենք, ինչպես Ֆրանսիան հիմաՙ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրի: Եվ ի՞նչ դրանից: Դարձյալ ոչինչ: ՆԱՏՕ-ի մասին խոսելն ավելորդ էՙ Թուրքիան շարունակում է մնալ այդ կառույցի անդամ: Եթե, Աստված մի արասցե, նման սցենար լինի Հայաստանում, մե՞նք էլ ենք հետին թվով ասելուՙ ռուսները մեզ դավաճանեցին կամ պահանջներ ներկայացնելուՙ մոռանալով մեր ցանկությամբ կամ պահանջով նրանց հեռացած լինելը, մեր կույր հավատը աշխարհի ամերիկա-եվրոատլանտյան կողմի նկատմամբ:

Մոտ 100 տարի առաջ նույն քաղաքական կարճատեսության կամ կարելի է ասելՙ կուրության պատճառով, անվերապահ հավատ տածելով մեզանից ձեռք քաշած Արեւմուտքից եւ փորձ անգամ չանելով այդ պահին հզորացող Խորհրդային Ռուսաստանի հետ համաձայնության եզրեր գտնելուՙ կորցրեցինք հսկայական տարածքներ: Հետագայում էլ եւ մինչեւ հիմա դրա համար առաջին հերթին մեզ մեղադրելու եւ դասեր քաղելու փոխարեն շարունակում ենք մեղավորին փնտրել մեզանից դուրս: Հիմա՞ էլ նույն կերպ վարվենք, կրկնենք մեր ողբերգական անցյալը եւ քրդերի ողբերգական ներկա՞ն: Թե, այնուամենայնիվ, դադարեցնենք ինքնակործան մոլորությունը եւ Ռուսաստանի դեմ ուղղված եւ ուղղորդված արշավը, դադարենք սղոցել այն ճյուղը, որի վրա նստած ենք եւ որը կտրելու դեպքում այլեւս երկիր ենք կորցնելու եւ վերանալու աշխարհի երեսից...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 26-01-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ