«ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա Ռուսաստանյան մամուլի վերջին հրապարակումներում կարեւոր տեղ է հատկացվում Մեծամորի ատոմակայանի խնդրին: Այստեղ հիանալի են հասկանում, որ կնքելով պայմանագիր ու պահանջելով ատոմակայանի փակումը, Եվրոմիությունը բնավ էլ իր մտահոգությունը չի արտահայտում Հայաստանի անվտանգության մասին. այս պարագան առհասարակ գոյություն չունի այդ հանրակցության համար: Գլխավոր հեռահար նպատակն է խոչընդոտել Հայաստան-Ռուսաստան («Ռոսատոմ») համագործակցությանը հատկապես ռուսաստանյան կորպորացիան ատոմային էներգիայի համաշխարհային շուկայից դուրս մղելու ագրեսիվ ծրագրի շրջանակում: Ժամանակին նույն Եվրոմիությունը Լիտվայից, Բուլղարիայից ու Սլովենիայից պահանջեց փակել իրենց ատոմակայանները, փոխարենը երաշխավորելով նրանց անդամագրումը այդ երկրախմբին (ի դեպ, այսօր նրանք շատ ավելի թանկ գնով էլեկտրաէներգիա են ներմուծում այլ երկրներից): «Թե ինչքան մեծ է ԵՄ-ի կողմից Հայաստանի շահերի նկատմամբ դրսեւորվող քամահրական վերաբերմունքը, օրերս գրել էր ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալությունը, հիանալի է երեւում Ուկրաինայի օրինակով: Վերջինիս հետ կնքելով համաձայնագիր, նրան պահանջ չներկայացվեց փակել ատոմային էներգաբլոկները, թեեւ Ուկրաինայում քիչ չեն հայկականի տիպի ռեակտորները»: Ռուս մասնագետների կարծիքով, Հայաստանի էլեկտրաէներգիայի 40 տոկոսն ապահովող ատոմակայանի վերացման դեպքում երկրի էկոնոմիկան հետ կշպրտվի մի քանի տասնամյակով: Եվ դա այն դեպքում, երբ ոչ մի արեւմտյան պետություն, նմանապես Ռուսաստանը, 5 միլիարդ դոլար չեն տրամադրի ոչ միայն Հայաստանում, այլեւ առհասարակ ողջ անկայուն տարածաշրջանում որեւէ նոր ատոմակայան կառուցելու համար: Դժվար է չհամաձայնել ռուս փորձագետների հետ, որոնք գտնում են, որ հայկական «ատոմակայանի սպանության» խնդիրը առաջին հերթին պիտի մտահոգի ոչ թե Եվրոմիությանը, այլ Հայաստանին, առավել եւս, որ իրավիճակը նախադեպ ունի: Ոչ ոք չի մոռացել այդ էլեկտրակենարար օբյեկտի փակումը: Եվ հազիվ թե որեւէ մեկը խղճմտանք ապրի: Տպավորություն չստեղծվի, թե ռուսները սարսափած են Մեծամորը շարքից հանելու եվրոպական նկրտումներից: Բնավ: Ռուսաստանը ներկայումս աշխարհում առաջին տեղն է գրավում արտասահմանում ատոմակայաններ կառուցելու ասպարեզում: Պաշտոնական տվյալներով, ընթացքի մեջ է 34 էներգաբլոկների կառուցումը 12 երկրներում, սպասարկվում են տասնյակ գործող ատոմակայաններ, հարստացված ուրան է մատակարարվում 16 երկրի, միջուկային վառելիքի համաշխարհային շուկայի 17 տոկոսը ռուսական է եւ այլն: Այդ դեպքում ինչու են ռուսաստանյան լրատվամիջոցները ժամանակ առ ժամանակ այնուամենայնիվ քննարկում այս թեման: Բանն այն է, որ այստեղ Մեծամորը սոսկ շտրիխ են համարում խոշորագույն արեւմտյան անդրազգային (տրանսնացիոնալ) կորպորացիաների հետ մրցակցային պայքարում: Ոչ մի հայտնագործություն` ինչպես մեծ քաղաքականության մեջ, այնպես էլ մեծ բիզնեսում չկա բարոյականություն, կան միայն շահեր: Աշխարհամասը պարզապես սպասարկում է այդ բնագավառի իր ընկերությունների շահերն ընդդեմ Ռուսաստանի: Ինչպես ասվեց, դատարկ հնչյուն է Եվրոմիության «անհանգստությունը» Մեծամորի անվտանգության հարցում: Ի վերջո եվրոպացիները նույնքան «մտահոգված են» Ռուսաստանի կողմից Բելառուսում, Թուրքիայում, Հնդկաստանում արդեն կառուցվող ատոմակայանների, Եգիպտոսում, Հունգարիայում, Չինաստանում, Ֆինլանդիայում ատոմային ծրագրերի իրագործման կապակցությամբ: Իրոք ուրիշ հարց է, թե այդ մարտահրավերներին ինչպես կարձագանքեն Հայաստանում, որտեղ որոշ շրջանակների հրահրած հակառուսական տրամադրությունների ֆոնի վրա «անհուն» սեր է բռնկվել Եվրոպայի նկատմամբ: Մնացել է միայն փարատել Թուրքիայի «տագնապները»: Ռուսական լրատվամիջոցների` Մեծամորին առնչված հրապարակումները պետք է ընդունել որպես նախազգուշացում` հատկապես այս հարցում պետք է լինել սթափ ու առանձնապես չհամակվել ավելորդ եվրոպասիրությամբ: Խորհուրդը մեկն է. «Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հեռանկարները խիստ խաբուսիկ են` անիրական: Գործողը վերացնելու դեպքում Հայաստանը կդառնա Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի էներգետիկ պատանդը: Իսկ ի՜նչ է նշանակում դառնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի պատանդը, Հայաստանում լավ պիտի հիշեն»: Խմբ. կողմից.- Չենք կարող չնկատել, որ ռուսաստանյան որոշ շրջանակներ խիստ միակողմանի մոտեցում ունեն առ Հայաստան: Սակայն նրանք պետք չէ մոռանան, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները երկկողմանի շահեր են հետապնդում: Ավելի պարզՙ ռուս մեկնաբանները սա հասկանալու համար մի պահ պետք է պատկերացնեն Անդրկովկասը առանց դաշնակից Հայաստանի: Այդ դեպքում Ռուսաստանը պետք է մոռանա իր 200 տարվա քաղաքականությունը այս տարածքներում: |