RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 26-01-2018



Տեղադրվել է` 2018-01-26 14:51:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 4735, Տպվել է` 506, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴՐՍԻ ՈՒ ՆԵՐՍԻ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանյան լրատվամիջոցների ջղաձիգ արձագանքից երեւում է (իսկ գիտեք, որ հայաստանյան ԶԼՄ-ները մեծ մասամբ կառավարվում են մեկ կենտրոնից, չնայած իբր բազմազան պատկանելությանը), որ Կարեն Կարապետյանն, այնուամենայնիվ, ապագա վարչապետի պաշտոնի առումով մրցակից է Սերժ Սարգսյանին: Այլապես` ԵԽԽՎ-ում եւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումների տրիումֆային համապատկերի ֆոնին անհասկանալի է այն հետամտումը, թե լավ, Հայաստանի վարչապետն իննը տարվա ընդմիջումից հետո ո՞ւմ մասնավոր ինքնաթիռով է Դավոս մեկնել: Կարծես ենթատեքստում ասեն` ինչո՞ւ է մեկնել ու ի՞նչ իրավունքով է տնտեսական -էներգետիկական հարցեր քննարկել այնտեղ, քանի որ, մեկ է, վարչապետը Սերժ Սարգսյանն է լինելու: Դե, եթե բարձր ղեկավարության համար նախատեսված ինքնաթիռը երկրի նախագահն էր զբաղեցրել, վարչապետն էլ մասնավոր իքնաթիռի ծառայությունից պետք է օգտվեր, ինչու զարմանալ ու այդտեղ կոռուպցիոն ռիսկեր որոնել, առանց ինքնաթիռի բա ոնց էր հասնելու Դավոս... Միգուցե այս հարցում կան կոռուպցիոն ռիսկեր` այլ երկրի հայ մեծահարուստի ինքնաթիռով է մեկնել, վճարման-չվճարման խնդիր կա` երկու դեպքում էլ բացասական երանգների եզրահանգումների հնարավորությամբ, բայց ի՞նչ վատ է, որ Հայաստանը ներկայացված է եղել Դավոսի տնտեսական ֆորումում, միգուցե դրանից մի օգտակար բան դուրս կգա, օգուտն էլ պետք է հաշվարկել բացասական-դրականը կշռելիս:

Բայց դե մերոնք գրում են միայն ըստ սուֆլյորի շեշտադրումների, ու Հայաստանի շահին էլ նայում են անձերի փիար շահերի պատուհանից, սա սովորական մոտեցում է Հայաստանի ԶԼՄ-ների համար: Դրա վառ վկայությունն էին նաեւ Սերժ Սարգսյանի եվրոպական այցի համարյա նույնական մեկնաբանությունները` իբր թե տարբեր հեռուստաընկերությունների, իբր թե տարբեր ստենդափներով, բայց նույն տեղից ստացված միանման տեսաշարերով ու տեքստերով: Հոգնեցնող այս լրագրության վերջը չի երեւում:

Դե իսկ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ու հանդիպումները Ֆրանսիայի նախագահի, Ֆրանսիայի այլ պաշտոնյաների ու հայկական համայնքի հետ այս անգամ այնքան նշանակալից էին (համենայն դեպս` ըստ Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված նրա ելույթի ու ԵԽԽՎ պատվիրակների հարցերին նրա տված պատասխանների, ու առկա տեղեկատվության), իր ժամկետն ավարտող նախագահի համար որպես եզրափակիչ ակորդ այնքան բովանդակալից, որ անգամ նրան չսիրող շրջանակների լրատվամիջոցները ցանկության դեպքում էլ չեն կարող շրջանցել այդ հանդիպումներում Հայաստանի համար կարեւոր մի շարք առարկայական-բարենպաստ շեշտադրումները: Անգամ սոցիալական ցանցերում սովորաբար իշխանությանը հայհոյողների մեջ տեսանք զարմացածների, որոնք չէին ծածկում նախագահի ելույթից ու հանդիպումներից իրենց գոհունակությունը:

Ուրիշ բան, որ նախագահ Սարգսյանի նշանակալից արտաքին վոյաժների կողքին բավական անմխիթար է երկրի ներքին կյանքն ու անգամ քաղաքական համապատկերը, ու դա ինքը, նախագահը երեւի շատ լավ է գիտակցում: Հատկապես դա երեւում էր ԵԽԽՎ նստաշրջանում նրա ելույթի այն մասում, երբ նա խոսում էր կոռուպցիա «զազրելի» երեւույթի մասին, որ Հայաստանում եւս առկա է:

Իհարկե, Եվրոպան նույնպես զերծ չէ կոռուպցիայից, ու նախագահն էլ ԵԽԽՎ-ին հիշեցրել է կոռուպցիայի ադրբեջանական ուղղությունը, սակայն դա ամենեւին սրտի մխիթարանք չէ մեր երկրի համար, որտեղ կոռուպցիան հենց կառավարման կարգի մեջ է դրված` իշխանությանը սերտաճած բիզնեսի տեսքով: Ուր նայում ես` պաշտոնյաների տատիկ-պապիկ, մորաքույր-հորաքույրները, կանայք ու զավակները մեծ բիզնեսների մեջ են մխրճված` երեւի նույն պաշտոնյայի բացառապես լղարիկ աշխատավարձերով, հա՞: Սա այլեւս անհնարին է ընկալել, անհնարին է տեսնել նաեւ քաղաքական կոռուպցիայի այն դասական օրինակները, երբ օլիգարխիայի ներկայացուցիչները նստած են խորհրդարանում ու իրենց քաղաքական գործիչներ են անվանում: Բա սա զազրելի չէ՞, ու ո՞վ պետք է փոխի այս ամենը` եվրոպական մշակույթի որդեգրումից խոսելուց առաջ եւ հետո: Որքան էլ մեզ հանգստացնենք եվրոպական արժեքային ճգնաժամով, երբ « խավիարն ու նավթադոլարները շատ ավելի համոզիչ էին, քան ժովորդավարական արժեքներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը»:

Հա, ճիշտ է, Սարգսյանի եվրոպական այցը հայելու նման ցույց տվեց, որ նրան արտաքին քաղաքական առումով ոչ ոք չի կարող մրցակից լինել, հատկապես Արցախյան հիմնախնդրին տիրապետելու եւ խնդրի հանդեպ իր դիրքորոշման առումով, այդպիսին է իրերի դեֆակտո դրությունը, որքան էլ դրա համար տարիներով մրցակիցները չեզոքացվել են, ու հատկապես ղարաբաղյան բանակցություններում բանակցողի մենաշնորհը մնացել է Հայաստանի ներկա նախագահինը: Սակայն արտաքին եւ ներքին քաղաքականության հաշվեկշիռն աղքատ, հաճախ իր իրավունքներին հետամուտ լինել չկարողացող ժողովրդի եւ իշխանությունը բիզնես նպատակներով գործածող պաշտոնեության հակադրությունն է, որը դույզն ինչ չի փոխվել վերջին տասն տարում, եւ, նայելով դերակատարներին, չի էլ փոխվելու մոտ ապագայում: Հա, միգուցե կարող է մի փոքր թարմացվել բիզնես քվոտաների բաշխման մոտեցումը` մեկ օլիգարխի հաշվին մյուսն ավելի կուռճանա, կամ մեկ-երկուսին էլ վերեւից կթողնեն մուտք գործել ընտրյալ մեծահարուստների շրջանակ: Կամ մի շարք ուրիշների հաշվին` մի երկու նոր քաղաքական դերակատար կավելանա, ինչպես որ սպասվում է Արմեն Սարգսյանի հայտնվելով մեր իրականության մեջ: Սակայն այն համակարգը, որ Հայաստանի հայերի զգալի հատվածի կենսական տարածքը նեղացնելու հաշվին է կատարվում (գնաճով, աշխատանքի մեջ առաջ գնալու հնարավորության սահմանափակումով` տարբեր աչառու նկատառումներով, ընտրության անվան տակ ամենատարբեր պաշտոնների զավթումով, ողջ նյութական Հայաստանը սահմանափակ թվով անձանց ձեռքում կենտրոնացնելով), նշան է, որ դեռ երկար այս արատավոր համակարգը չի փոխվելու մեր երկրում, ու նախագահի ասած խորհրդարանական կառավարումը, ապօրինի հարստացման քրեականացումը, եվրոպական չափանիշներով ընդունված զանազան օրենքներն ու ստեղծված հանձնաժողովները միայն եվրոցուցափեղկ են:

Իհարկե, նախագահի ելույթի ղարաբաղյան հատվածը` ստանձնած պարտավորությունների հումանիտար պրիզմայի համատեքստում եւ խնդրի պատմական անդրադարձով շոյում էր հայերիս ինքնասիրությունը: Անցած տարվա ապրիլյան պատերազմի անպատասխանատու սանձազերծողին մատնացույց անելով` հայերս ակնկալում ենք, որ ԵԽԽՎ-ն իր փորձագիտական ներուժով մի օր կկանգնի Արցախի կողքին, ու այդ հույսը նախագահի ելույթում էր: Բայց դա ընդամենը ելույթ է, թեկուզ երկրի արտաքին վարկին նպաստող, իսկ հիմնական գործը` երկիրը կարգի բերելու, դեռ չի արվել:

Նախագահի հունվարքսանչորսյան ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում, եւ հաջորդած հարցուպատասխանը , երբ նա մի լավ տեղը դրեց Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակներին, այո, լավ տպավորություն են թողել եւ ընդգծել արտաքին ոլորտի խնդիրներին տիրապետող ղեկավարի որակները, եվրոպական ուղղությամբ Հայաստանի հանձնառությունների շարունակականության համատեքստում: Բայց դրանից Հայաստանի արտաքին խնդիրներն էլ, իհարկե, մեկ հարվածով ոչ պակասում են, ոչ էլ լուծվում: Եվրոպական ուղղության մեր միգուցե արժանավայել ու նախագահի մակարդակով պրեզենտը կարող է այնքան էլ դուր չգալ մեր հիմնական դաշնակցին, որը մեզ տարավ ԵՏՄ, ու որքան էլ ասենք, թե եվրոպական ու ԵՏՄ-ական ուղղություններով գործակցությունը փոխլրացնող են, դրանք իրար չեն խանգարում, դաշնակցի մտքում դա կարող է այնքան էլ այդպես չլինել: Այդ դաշնակիցն այս օրերին զենքի նոր եւ հսկայածավալ խմբաքանակ է վաճառել մեր ռազմատենչ հարեւանին, ու նա, որպես Սերժ Սարգսյանի` ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում իր պատվիրակի հարցին տրված դիպուկ ու սարկաստիկ պատասխանի պատասխան, նորից գժվել ու սահման էր խախտում` մի ավելորդ անգամ ցույց տալով, թե ինչին է ծառայեցնելու իր սպառազինությունը: ( ՀՀ նախագահի պատմական կոչվելու արժանի հարցուպատասխանը առանձին ներկայացնում ենք մեր կայքէջում: Խմբ.):

Սիրիայում Թուրքիան է զենքն աջուձախ շարժում` ոչ ոք չգիտի, թե հայ-թուրքական հարաբերություններում մշտապես Արցախի հարցը նախապայման համարող Թուրքիան, թողտվության դեպքում (Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, փաստորեն Սիրիայի հարցում մի պահ ձեռքերը լվացին), ինչպես կպահի իրեն Հայաստանի հանդեպ: Իսկ Ռուսաստանը Հայաստանում բավական տնտեսական լծակների է տիրապետում, սա մենք թույլ ենք տվել` անկախ այս կամ այն կազմակերպությունում արժանապատիվ պահելու ու Հայաստանի բազմավեկտոր արտաքին զարգացման հեռանկարը սնելու մեր ցանկությունից: ԵԽԽՎ-ում Ադրբեջանցի պատվիրակի հարցին Սարգսյանի պատասխանից, հայերս , իրոք գոհ ենք`Ղարաբաղը երբեք չի կարող զիջման գնալ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի էությունն էլ, իրոք, շատ պարզ է, դա պայքար է ազատության ու ինքնորոշման համար, որը չի կարող դրական ելք չունենալ: Ու այս իմաստով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության` ԵԱՀԿ գործող նախագահին կից Կասպրշիկի խմբի` շփման գծի վերահսկման լիազորությունների ընդլայնման շեշտադրումը եւս մեզ համար բարենպաստ է: Սակայն Մինսկի խմբի համանախագահ երկիր ու մեր բարեկամ Ռուսաստանը մեծ թափով շարունակում է զինել պատերազմի հրձիգին: ԵԱՀԿ նախագահի անձական ներկայացուցիչ Կասպրշիկն էլ շփման գծի Թալիշին մոտիկ հատվածում դիտարկում կանի, իսկ շփման գծի մեկ այլ հատվածում (Կուրոպատկինոյում, մեկ օր առաջ) թշնամին նորից սահման կանցնի ու դուրս կշպրտվի: Դրանից էլ առաջ մի այլ հատվածում անօդաչու սարքերից նռնակ ու ական էր նետել մեր սահմանի կողմը: Եվ դա կշարունակվի` անկախ եվրոպական գեղեցկախոսությունից, ու ի հեճուկս` Մակրոնի նշած համարձակ որոշումների անհրաժեշտության` որպես Արցախյան հիմնախնդրի լուծման բաղկացուցիչ:

Իսկ մեզ անհրաժեշտ է սկսել իրական, ու ոչ թե միայն թղթի վրա գրված բարեփոխումներ:

Միայն զանազան օրենքներ ընդունելով կամ հակակոռուպցիոն հնչեղ անունով, իրականում օդի տատանմամբ զբաղվող հանձնաժող ստեղծելով եւ պաշտոնյաների ունեցվածքը հայտարարագրելով հնարավոր չէ վերացնել «զազրելի» երեւույթը` կոռուպցիան կամ կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնել:

Դե իսկ տեսողական հարթույթում զուտ` հայերիս եվրոպական ուղղությունը, կարելի է ասել, այս անգամ ընդհանրապես առատ հունձք ուներ` նախագահի վոյաժներին զուգահեռ. եվրոպական պաշտոններով են տուն վերադարձել հայ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանն ու Արփինե Հովհաննիսյանը, առաջինն ընտրվել է ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ, երկրորդը դարձել է ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահը: Դե հիմա էլ եվրոպաշտոնյաներ ունենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 26-01-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ