«ՏԻԵԶԵՐՔԻ ԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ԵՎԱՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՖՐԵԶՆՈՅՈՒՄ Հ.Ծ. Ֆրեզնոյի հայկական թանգարանի դահլիճում հունվարի 26-ին, տեղի է ունեցել «Տիեզերքի արարումը եւ Եվան: Որտե՞ղ է Ադամը» հետաքրքրական վերնագրով Լյուսի Ճանճիկյանի կտավների բացման արարողությունը: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ հունիսի 22-ը: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի», Ճանճիկյանը հայտնի նկարչուհի եւ քանդակագործ է, որն իր նկարներում հիմնականում կենտրոնանում է բիբլիական թեմաների եւ մարդկային փորձությունների վրա: Ծնվել է Երուսաղեմում եւ 1952ին տեղափոխվել ԱՄՆ, որտեղ հաստատվել է Թենըֆլայ քաղաքում (Նյու Ջերսի): Շատ է ճանապարհորդել եւ իր կտավները ցուցադրել ինչպես Մ. Նահանգներում, այնպես էլ Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում: Դրանք ստեղծագործական որոնումների արդյունքում ծնված աբստրակտ ոճի կտավներ են, որոնց կարելի է բաժանել 4 գլխավոր շարքերիՙ բոլորն էլ հիմնված քրիստոնեական հավատի վրա: «Ճանապարհ դեպի հարություն առնելը», «Բիբլիական զուգահեռներ», «Երկու կնոջ պատմություն: Մեղքից դեպի զղջում» եւ «Արմատահան եղածները», որն ամենից հուզականն է եւ պատմում է իր ընտանիքի անդամների անցյալի ողբերգությունների եւ փորձությունների մասին: «Artspeak-ի» արվեստի մեկնաբան Շոն Սայմոնը նրա նկարները համեմատել է գերմանացի Կետե Կոլվիցի (1867-1945) եւ մեքսիկացի Խոսե Կլեմենտե Օրոսկոյի (1883-1949) կտավների հետ: Լյուսի Ճանճիկյանը համապատասխան մեկնաբանություններով տեսաժապավենի վրա գրանցել է վերոնշյալ չորս շարքերը իր կտավների, որոնցից մեկը նա ցուցադրել է իր ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ արտասանած բանախոսության ընթացքում: |