RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 02-02-2018



Տեղադրվել է` 2018-02-01 23:38:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 5268, Տպվել է` 578, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐ ՄԻՋԻ ՀԱԿԱԶԻՆՎՈՐԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

Ինչի՞ց է, որ երբ հայ ընտանիքում դեկտեմբերի վերջերին տղա երեխա է ծնվում, հայրը, դեռ նորածնի երեսը չտեսած, բժիշկների դռներն է ընկնում, որ երեխայի ծննդյան տարեթիվը կեղծենՙ ծննդյան օրը գրանցեն հաջորդ տարվա հունվարի սկզբներին: Ու հայրն արյան ծովն է ընկնում, եթե նրան չի հաջողվում բժիշկներին այդ հարցում համոզել: Քանի որ իր 350 կգ քաշով, 52 սմ հասակով տղան արգանդային կյանքում մի կարգին ծանրութեթեւ չարեց, չհամբերեց ու մի քանի օր շուտ ծնվեց, ուրեմն այդ մի քանի օրվա պատճառով կտուժի. մի տարով շուտ կզորակոչվի բանակ: Իսկ եթե շան տղան համբերեր, հունվարին ծնվեր, մի տարի ուշ կգնար բանակ:

Զինծառայության համար բուժստուգում անցնելիս մայրերը երանի են տալիս, որ իրենց տղաների մոտ մի թեթեւ, բայց բանակից ազատվելու պատճառ հանդիսացող արատ հայտնաբերվի: Մի երիտասարդ մայր տեղամասային բժշկի տեղեկանքը պատճենահանել-բազմացրել էր եւ ուրախ-զվարթ ցույց էր տալիս հանձնաժողովին. «Էխո ենք արել, պարզվել էՙ տղաս ի ծնե մի երիկամ ունի»,- երջանկացած ասում էր նա: Հանձնաժողովի անդամների դեմքի խոժոռ արտահատությունից կասկածն ընկավ սիրտը. «Չլինի՞ տղայիս արատը հիմք չընդունեն ու ասենՙ մի երիկամով էլ կարելի է ծառայել, ու մինուճարիս տանեն Ղարաբաղ»:

Մի ժամ հետո մայրն իր մինուճարի թեւը գրկած, բժշկական փաստաթղթերը պայուսակը դնելովՙ զվարթ ձայնով զինվորացու տղաների մայրերին ասաց. «Պրծանք բանակից. մինչեւ հիմա դարդ էի անում, որ երեխաս մի երիկամով է ծնվել, հիմա փառք եմ տալիս Աստծուն դրա համար: 18 տարի առաջ ողորմածիկ սկեսուրս շան լափը թափեց գլխիս, թե մի կարգին երեխա չբերեցիր, միպոչկանի տղայից տղա՞ կլինի: Ողջ լիներ, էս թղթերն առաջը դնեի-ասեիՙ հիմա վա՞տ է, այ կնիկ, որ թոռդ բանակից պրծավ»: Զինվորացու տղաների մայրերից ոմանք նրա հետեւից անհույս կանչեցինՙ երանի քե՜զ:

Աղջկա ու տղայի ծնողները տաք-տաք բանավիճում էին: Ջահելներին նշանել են. փեսացուի պաշտոնյա հորեղբայրը խնամախոսության ժամանակ խոստացել էր, որ ընկեր-ծանոթներին իրար կխառնի ու եղբոր տղային կազատի բանակից: Աղջկա ծնողները սրտապնդվել էին: Նույնիսկ փեսացուն սկսել էր իրենց աչքին մի քիչ բոյով երեւալ. խնամոնց փնջած սինու մեջ բանակի հարցեր լուծող հորեղբոր համար առանձնահատուկ նվեր էին դրել, վրան էլ կարմիր գրիչով գրելՙ «Արտավազդ ձյաձյայի համար»: Հանաք բան չէ. շահած-պահած, Բրյուսովի ուսանողուհի իրենց կապուտաչյա մի մատ աղջկան համաձայնել են տալ պոլիտեխնիկի ուսանող իրենց հարեւանի մի մատ տղայինՙ պայմանով, որ փեսացուն բանակ չի գնալու: Բա հո իրենց կապուտաչյա, Բրյուսովի ուսանողուհի աղջիկը, որին ուզող տղաների շարքը Բաղրամյան փողոց է հասնում, ահուդողով երկու տարի չի սպասելու, թե պոլիտեխնիկի ուսանող իրենց հարեւանիՙ իրենից կոլոտ տղան երկու տարուց ողջ-առողջ կգա՞ բանակից: Նշանդրեքից մեկ ամիս էլ չէր անցել... Խայտառակություն, խաբեություն, ամոթ. մատանին աղջկա մատն են դրել, նոր պարզվել է, որ փեսացուի բանակի հարցը չի ստացվում: Արտավազդ ձյաձյան անճարակությունից քրտնել էր, բայց խնամոնց նվիրած մաքուր իտալական պիջակն արդեն հագել էր, էլ հետ տալ չէր լինի:

Հայրենական մեծ պատերազմի վետերան պապս թերթում էր սեւ-սպիտակ նկարների ալբոմն ու խունացած աչքերի անսովոր փայլով նայում փայտե տաշտի միջից մածուցիկ չորաթանը չոր-ցամաք ձեռքերով գնդող, փայտե տախտակներին շարող տատիս: «Այա, տեսա՞ր քեզ ոնց փախցրի Նաղդալենց Իվանի ձեռքից: Աղջի, բայց որ ֆրոնտից եկա, վայթե շան տղեն սիրտդ շահել էր: Աչքերդ պեծին-պեծին էին անում նրան նայելիս... Բայց դե ապրի քո հերը, ձեռքը սեղանին խփեց, թեՙ ես դասալիքին, զինվորի շինելն անտառապահի քուրքով փոխողին աղջիկ չեմ տա, անգամ եթե քոռ ու քաչալ լինի: Հե՜յ գիդի, Նաղդալենց Իվան. 30 տարեկանում նոր ամուսնացավ. ոչ մեկը նրան աղջիկ չէր տալիս, վերջը մի տաջիկի բերեց: Էդպես էր, Այա ջան, գերմանու տանկի լուլից փախչող-մոր փեշի տակ մտնողը տղամարդու նամուսը հողն էր դնում, վրան մի սեւ քար քաշում ու գրումՙ «Նամուսս տվել եմ շներին, կերել են»:

Սեղանատանը հոգեհանգստի հաց են տալիս. գյուղի ծերերից մեկն է մահացել: «Ողորմին» խմելուց հետո սեղանակիցների զրույցի թեման փոխվում է. կանայք ծնկներին են խփում ու ա՜խ քաշում, տղամարդիկ սեղմած բռունցներով հայհոյում են հարամ կաթ կերած անբարոյական լակոտին: Համագյուղացի Փարսադանենց Ջիվանի տղային երկու շաբաթ առաջ են հողին հանձնել: Ջիվանի մինուճարը, որ հավին անգամ քշա՜ չէր անի, մուկն ամբարը դուրս տար-տաներ, կխղճար, թակարդ չէր լարի, ծառայության 6-րդ ամսում անհասկանալի պայմաններում ինքնասպան է եղել: Ծնողները մեռան հազար դուռ ծեծելով, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը բողոքարկելով. իրենց տղային լավ գիտեն, նա ոչ իր, ոչ ուրիշի կյանքի վրա ձեռք չէր բարձրացնի: Փարսադանենց ցեղի հայր ու պապերն անգամ նեմեցի ճամբարում չեն փորձել ինքնասպան լինելովՙ կտտանքներից ազատվել: Աստծո տվածը Աստված պիտի առնի: Ու հիմա Փարսադանենցՙ պարսիկի, թուրքի, գերմանու, ադրբեջանցու դեմ կռված պապ ու հայրերի ժառանգը հայոց բանակումՙ թշնամու քթի տակ ինքնասպա՞ն է եղել:

Դատարանի առաջ նորից խմբված են: Զինվորի մայրը, չնայած ձմռան ցրտին, վերարկուի կոճակներն արձակ, գլխաբաց, պահանջում է, որ դատավորն իրեն ընդունի: Զինվորի հայրը, որի դեմքը երեւի մեկ ամիս է ածելի չի տեսել, իսկ մարմինըՙ անկողին, փորձում է հանգստացնել կնոջը: Մայրը հեծեծում է. «Տղաս սպորտսմեն, երկու մետր բոյով, անաստվածնե՜ր, էնքան ծեծեք, որ հոգեկան խանգարում ստանա՞: Ու մարսելո՞ւ եք, Աստված ձեզ ներելո՞ւ է: Սատանայի բաժին դառնաք դուք: Տղաս նայում է երեսիս ու ինձ չի ճանաչում. մի բուռ է դարձել. միտքըՙ խավար, լեզունՙ թլվատ, հոգինՙ մեռած»:

vvv

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում Հայոց բանակի 26-րդ տարեդարձին նվիրված տոնական հանդիսություն է: Էկրանը պատմում է հայոց զինված ուժերի հաղթանակների ու հերոսամարտերի մասինՙ սկսած Սարդարապատից, մինչեւ ապրիլյան քառօրյան: Դահլիճում երկրի առաջին դեմքերն են, այլ պաշտոնյաներ, քաղաքական, ռազմական գործիչներ, առաջին շարքումՙ զինհաշմանդամները: Տեսանյութերը նշանակալի իրադարձությունների ֆոնին ներկայացնում են նաեւ մեր օրերում Հայոց բանակին ու Արցախի պաշտպանությանը զինվորագրված տղաներին, նաեւ նրանց, ովքեր անշահախնդրորեն աջակցում են, որ մենք լավ բանակ ունենանք: Տեսանյութերին զուգահեռՙ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթն է: Հայոց բանակի տարեդարձերի պատմության մեջ առաջին անգամ նախարարական ելույթն այլ ձեւաչափով է: Նախարարը հանդիսականների ուշադրությունը հրավիրում է հայրենյաց պաշտպանների վրա. նրանք դահլիճում նստած են ու ծափահարությունների ներքո ոտքի են կանգնում: Հայոց բանակի, հայրենիքի նվիրյալներն այսկերպ առավել տեսանելիորեն, հասցեական են արժեւորվում ու գնահատվում: Հանրությունը միայն անուն-ազգանուններ չի լսում, այլ նրանց տեսնում է, ճանաչում ու շնորհակալ լինում:

Հպարտության, ակնածանքի զգացումներն օդը լցնում են, բայց հաջորդում է արարողության համերգային մասը: Նորից ու կրկին համոզվում ես, որ մեր բոլոր համերգները նույն պատկերը, նույն բովանդակությունն ու խզբզող ձեռագիրն ունեն: Մեր համերգներն անփոփոխ երգացանկ, երգիչ-երգչուհիների նույնքան անփոփոխ անվանացանկ ունեն: Էրեբունի-Երեւանի՞ն, Անկախության տարեդարձի՞ն, մարտի 8-ի՞ն, թե՞ բանակին է նվիրված համերգըՙ նշանակություն չունի. հում, կիսատ-պռատ բեմականացում է, վատ ընտրած երգեր ու վատ ընտրած կատարողներ: Ոչ մի տոնի համուհոտ, ոչ մի տոնի խորհուրդ ու առանձնահատկություն չի երեւում ու չի զգացվում. գորշ միջակություն: Սա տոնի գեղարվեստական մասն է, որ թեեւ իր կրկնություններով ու անճաշակությամբ արդեն հոգնեցնում է, հանդիսատեսին չի ներշնչում ու չի ոգեւորում, բայց աններելի ու անդառնալի հետեւանքներ, բարեբախտաբար, չի կարող ունենալ ազգ-բանակ հարաբերությունների վրա: Այդ հարաբերությունների առողջ լինելն ավելի խորքային գործոններից է կախված:

Գեղեցիկ ու վեհ է հնչումՙ ազգ-բանակ. անգամ երգ է գրվել ու բեմերից հնչում է ազգ-բանակի մասին: Երկու իրար կցված բառ: Բառային այդ համակցության տակ մեր անհանգստությունների, մտահոգությունների, հպարտություների, արժանապատվության, զինվորին բանակ ճանապարհելու վախերի, նրա ողջ-առողջ վերադարձի աղոթքներ են թաքնված: Մեր երկրի բախտը ձեր բռի մեջ պահող պարոն բարձրաստիճան պաշտոնյաներ, թշնամին, թշնամու պարսիկ, արաբ, թաթար, թուրք, մենշեւիկ-բոլշեւիկ, ադրբեջանցի տեսակները մեզ երբեք չեն վախեցրել. դրանում համոզվելու համար պատմության էջերը թերթատելու կարիք չկա: Հայ մայրերը դափ ու զուռնով են իրենց որդիներին կռիվ ճանապարհել: Հայրենական պատերազմի ժամանակ ամենաշատ թվով հայերն են զինվոր տվելՙ հաշվի առնելով մեր ընդհանուր թվաքանակը, արցախյան պատերազմում հաղթեցին կամավորները, ապրիլյանի ժամանակՙ 18-20 տարեկան մեր տղաները: Մենք օտարալեզու, մեր հայրնեիքը նվաճել ցանկացող թշնամուց չենք վախենում: Հայ մայրը վախենում է իր որդուն կորցնել Հայոց բանակում իր նմանի, իր տարեկցի ինքնասիրությունն ու արժանապատվությունը նվաճել ցանկացող, գազանային օրենքներ հաստատող հայալեզու թշնամու ոտնձգությունների պատճառով: Բանակում ծառայելու հպարտությունը, հայ զինովրի համազգեստի պատիվը, հայրենյաց պաշտպանի բարձր կարգավիճակը անուրանալի են, բայց դրանց կողքին բլթբլթում է անառողջ մթնոլորտի, անպատժելիության, անօրենությունների ճահիճը, որի գարշահոտությունը չես թաքցնի: Թող բանակում կատարված որեւէ հանցանք, մարդու կյանքի, արժանապատվության նկատմամբ որեւէ ոտնձգություն առանց քողարկումների ու ծածկադմփոցի պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, թող այդ օրինակը շարունակություն ունենա, տեսեքՙ հայ մայրն իր որդուն բանակ ճանապարհելիս տերեւի պես կդողա՞, տեսեք հայ տղան կուզենա՞, որ մի երիկամով ծնվի, հայ աղջիկը կուզենա՞, որ իր փեսացուին փախցնեն բանակից: Ազգի ներսում անվստահություն կա բանակի ու բանակի կառավարման նկատմամբ, ներքին չգրված օրենքների նկատմամբ: Վերացրեք այդ անվստահությունը, պարոնայք: Բանակում չպետք է լինեն թիկունքով ու անթիկունք զինվորներ, ճնշող ու ճնշվող զինվորներ, բանակում պետք է տիրի ամենակատարյալ, ամենաառողջ մթնոլորտը, բանակում պետք է բոլորը հավասար լինեն: Մաքրեք բանակը հակազինվորից, պարոնայք, մաքրեք հակահայից ու հակամարդուց: Եվ ոչ մի ուսանող տարկետման օրենքը հանելու համար բողոքի ցույց չի անի, հասարակությո՛ւնը չի թողնի: Եվ հայ մայրերը չեն փորձի իրենց զավակներին փախցնել բանակից:

***

Հորս պապենական տան հարյուրամյա պահարանում բանակային լուսանկարների 14 ալբոմ կա. սկսած մեծ պապիցս, մինչեւ հորեղբորս տղաներՙ իրենց տղամարդկության ու պատիվ-նամուսի ապացույցները սրբորեն պահում են: Պապերս, հայրս, հորեղբայրներս ու եղբայրներս պատմում էին իրենց բանակային կյանքից. վեճեր, կռիվներ էլ են եղել, բայց ոչ արյունահեղություններ, ստրուկ-կայսր հարաբերություններ: Նրանք պատերազմներ են տեսել ու աշխատել են չզոհվել թշնամու գնդակից. իմացել են, որ գնդակը միայն թշնամու կողմից կարելի է սպասել, ոչ յուրայինի: Իմ գերդաստանի տղամարդկանց կանայք ու երեխաներն այդ բանակային ալբոմները խնամքով թերթել ու տեղն են դրել: Ամեն անգամ թերթելիս կանայք նորից են սիրահարվել իրենց զինվոր-ամուսիններին, թպրտացող սրտով ու շիկնած թշերով նայել նրանց կողմը: Մտածում եմ, որ ալբոմները շուտ-շուտ թերթելուց է, որ մեր գերդաստանն այսքան մեծ է. ամեն թերթելուց 9 ամիս հետո երեխա է ծնվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 02-02-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ