ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ 97-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից Հունվարի 22-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ երեկոՙ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր եւ դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 97-ամյակին: Երեկոյին ներկա էին ականավոր կոմպոզիտորի արվեստի երկրպագուներՙ ՌԴ պետդումայի պատգամավորներ, քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ, ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: Միջոցառման մասնակիցներին ողջունեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը եւ օրվա հերոսի որդինՙ Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի նախագահ Արա Բաբաջանյանը : - Ինձ համար մեծ պատիվ է այսօր ներկա գտնվել իր արվեստով միլիոնավոր սրտեր նվաճած եւ այսօր էլ նվաճող մեր հռչակավոր հայրենակցի հիշատակի երեկոյին,- ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Առնո Բաբաջանյանի թողած երաժշտական սքանչելի ժառանգությունը ինչպես Հայաստանում եւ Ռուսաստանում, այնպես էլ ողջ հետխորհրդային տարածքում երբեք անտարբեր չի թողել եւ ոչ մեկի: Նա մշակութային այն հենասյունն ու մեծությունն է, որին գնահատում եւ սիրում են հավասարաչափ ե՛ւ իր հայրենիքում, ե՛ւ Հայաստանի սահմաններից դուրս, որովհետեւ Բաբաջանյանի արվեստը, արտացոլելով հայկական ոգին եւ շունչը, եղել եւ մնում է համամարդկային: Ավելինՙ որպես բացառիկ երաժիշտ եւ իր գործի մեծ նվիրյալՙ Առնո Բաբաջանյանն իր ստեղծագործությունների շնորհիվ կարողացել է միավորել տարբեր սերունդներ եւ ժողովուրդներ` բոլորին հավաքելով համամարդկային արժեքների եւ, հատկապես, խաղաղ համակեցության գաղափարի շուրջը, ինչը մեր օրերում առավել քան արդիական է: Վարդան Տողանյանը նաեւ նշեց, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շենքը, բացի իր հիմնական գործառույթներից, նաեւ մշակութային կենտրոն է, մեր պատմության ու մեր մեծերի թողած ավանդի ներկայացման տեղը, եւ Առնոն Բաբաջանյանը, որպես մեր մշակույթի երկնակամարում փայլատակող վառ աստղՙ պետք է նույնպես իր անկյունն ունենա մեզ մոտ: - Այսօր մենք Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի հետ համատեղ դեսպանատան շենքում հիմնեցինք անկյունՙ թանգարանի եւ մեծ արվեստագետի փոքրիկ հուշարձանի տեսքով,-ասաց Վ. Տողանյանը: Առաջիկայում մեր հայրենակիցներին եւ արվեստասեր ռուս հանրությանը կուրախացնենք նոր անակնկալներով... Միջոցառման ընթացքում ճանաչված կոմպոզիտորի, դաշնակահարի եւ Առնո Բաբաջանյան մարդու հասցեին հնչեցին գնահատանքի բազմաթիվ խոսքեր, ներկաներից մի քանիսը, ովքեր պատիվ են ունեցել մոտիկից ճանաչելու սիրված կոմպոզիտորին, հետաքրքրական պատմություններ պատմեցին նրա կյանքից: Հյուրերն այնուհետեւ շրջեցին դեսպանատան դահլիճներում եւ ծանոթացան խնամքով պատրաստված ցուցադրություններինՙ որտեղ հետաքրքրական եւ բացառիկ լուսանկարներ էին, կտավներ, ձեռագրեր, նոտաներ եւ մեծանուն կոմպոզիտորի անձնական իրերը: Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաեւ Առնո Բաբաջանյանի ստեղծագործական ուղու մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրություն: Բազմերանգ լույսերով շաղախված հիշատակի երեկոյի ներկաների սրտերում կարոտ եւ ափսոսանք կար, բայց քիչ անց տխրությունը վերափոխվեց հպարտության, ուրախության եւ հրճվանքիՙ երբ շենքի կամարները ողողվեցին Առնո Բաբաջանյանի հոգեպարար եւ ապրեցնող երաժշտության հնչյուններով: Հնչեցին բազմաթիվ կատարումներ, որոնք փառք ու հռչակ են բերել մեծանուն կոմպոզիտորին, եւ որոնց հաղթարշավն այսօր էլ շարունակվում է: Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի նախագահ Արա Բաբաջանյանը գոհունակությամբ նշեց, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը չափազանց հայրենանվեր գործունեություն է ծավալումՙ Ռուսաստանի Դաշնությունում մեր մեծերին ճանաչելի դարձնելու, ըստ արժանվույն գնահատելու, մեծարելու եւ նրանց հիշատակը հավերժացնելու ուղղությամբ: Հիմնադրամը, Տողանյանի հետ համատեղ, անցած տարվա սեպտեմբերին Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում բացել է երաժշտական դպրոց, որը կրում է Առնո Բաբաջանյանի անունը: Առաջիկայում, դարձյալ Առնո Բաբաջանյանի անվամբ, նմանօրինակ դպրոցներ են բացվելու նաեւ Կամչատկայում, Կալուգայում եւ Դոնի Ռոստովում: Իսկ Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր Արմեն Սարգսյանցն էլ հավելեց, որ օրերս, հունվարի 25-ին, ՌԴ նախագահի աշխատակազմի եւ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ջանքերով կյանքի կոչվեց մեր ազգի եւս մեկ նվիրական զավակիՙ ԽՍՀՄ միլիցիայի գեներալ-մայոր, անզուգական հայ եւ սերունդներին անկրկնելի երգեր ժառանգած կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը, որտեղ բացման խոսքով հանդես է եկել դեսպան Վարդան Տողանյանը: |