ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՅՑԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Բանասիրական գիտությունների թեկնածու, Քաղաքագիտության դոցենտ Հունվար ամսվա քաղաքական կյանքի ուշագրավ իրադարձություններից մեկը Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի պաշտոնական այցն էր ԱՄՆ: Ղազախստանի առաջնորդը հանդիպեց Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին, ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր զանգվածային ոչնչացման զենքի չտարածման հարցերին, ինչպես նաեւ ունեցավ մի շարք գործնական հանդիպումներ: Առաջինների ժամանակը Ի սկզբանե հարկ է նշել, որ այդ այցելությունը մի շարք պատճառներով աննախադեպ էր: Ղազախստանի նախագահը Կենտրոնական Ասիայի ղեկավարներից առաջինն էր, որ այցելեց Սպիտակ տուն, իսկ նրա երկիրըՙ տարածաշրջանում առաջինը, որը դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ: Դոնալդ Թրամփի կարծիքով Ղազախստանը չափազանց կարեւոր գործընկեր է ԱՄՆ-ի համարՙ նկատի ունենալով նրա առաջատար դիրքը տարածաշրջանում եւ խաղարար դիրքըՙ ամբողջությամբ վերցրած: - Բանն այն է, որ ԱՄՆ-ը ձգտում է ունենալ գործընկերներ, որոնք ուժեղ են, բարգավաճող, - ընդգծել է նախագահ Թրամփը , - որոնք հարգում են իրենց հարեւաններին եւ վերահսկում են իրենց սեփական ճակատագիրը: Ես անհամբերությամբ սպասում եմ հնարավորությանը տեսնել այն հսկա առաջընթացը, որին հասել է Ղազախստանի ժողովուրդը: Մենք ցանկանում ենք, որպեսզի Ղազախստանն ունենա լավ, ինքնիշխան եւ բարգավաճ ապագա եւ նույնը մենք ցանկանում ենք աշխարհի բոլոր խաղաղասեր ազգերին, բացարձակապես բոլոր: Նազարբաեւի եւ Թրամփի հանդիպման հիմնական դրական արդյունքներից մեկը կարելի է անվանել Ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը: Բազմաթիվ քաղաքական վերլուծաբաններ ղազախստանյան առաջնորդի ԱՄՆ կատարած այցում տեսան նաեւ խաղարար առաքելության իրականացում: Երկկողմ հանդիպման մի մասը նվիրված էր Աֆղանստանում հակամարտության կարգավորմանն ուղղված միջոցառումների քննարկմանը եւ Հյուսիսային Կորեայի իրադրությանը: - Հյուսիսային Կորեայի հիմնախնդիրը կարելի է լուծել միայն ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Ռուսաստանի հետ միասին,- ընդգծեց նախագահ Նազարբաեւը , - այդ կապակցությամբ մեզՙ հարեւաններին, իհարկե, անհանգստացնում են քաղաքական հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ, որոնք հասել են «զրոյի»: Խոսելով տնտեսական ոլորտում ռազմավարական գործընկերության մասինՙ երկու երկրների առաջնորդները ճշտեցին, որ մտադիր են միմյանց հետ խորհրդակցել նաեւ արգելամիջոցների հարցերի շուրջը, նկատի ունենալով, որ դրանք չմտածված հետեւանքներ չունենան Ղազախստանի տնտեսության համար, ինչն արդեն հանգեցնում է որոշ մտորումների: Իսկ եթե հաշվի առնենք Ղազախստանի այն բարձր միջնորդական դերը, որը խաղաց երկու տարի առաջ Ռուսաստանի եւ Թուրքիայի հաշտեցման գործում եւ ղազախստանյան առաջնորդի գլխավոր թեզն առ այն, որ «սկզբում տնտեսությունն է, հետո նոր քաղաքականությունը», ապա նման հայտարարությունները առիթ են տալիս լրջորեն մտորելու: Համաձայնագի՞ր: Խնդրե՛մ համաձայնագիրը Տնտեսական տեսանկյունից Նազարբաեւի այցը կարելի է համարել բավականին հաջողված: Արդյունքում Ղազախստանը ստորագրեց ավելի քան 20 համաձայնագիր ԱՄՆ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ ավելի քան 7 միլիարդ դոլար ընդհանուր գումարով: Համաձայնագրերը վերաբերում են տարբեր ճյուղերիՙ ավիացիայից եւ երկաթուղային հաղորդակցությունից սկսած մինչեւ էներգետիկա, գյուղատնտեսություն եւ տիեզերագնացություն: Ղազախստանյան ղեկավարի այցը ԱՄՆ բարձր գնահատեցին նաեւ արտասահմանյան փորձագետները: Այսպես, «Ժառանգություն» հիմնադրամի արտաքին քաղաքականության կենտրոնի տնօրեն Լյուկ Կոֆին հայտարարել է, որ այցից հետո Ղազախստանի եւ ԱՄՆ միջեւ կապերը բարձրացան մի նոր մակարդակի: - Ղազախստանը հանդիսանում է ԱՄՆ-ի կարեւոր գործընկերը Կենտրոնական Ասիայում,-կարծում է Կոֆին,-մենք ունենք բազմաթիվ ընդհանուր փորձություններ, ինչպես նաեւ բավարար թվով ընդհանուր հնարավորություններ: Հույս ունեմ, որ այդ այցելությունն առաջին քայլը կդառնա Ղազախստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկարաժամկետ հարաբերություններում... Ղազախստանը վերջերս առաջ է քաշում բազմաթիվ դիվանագիտական նախաձեռնություններ եւ դա շատ կարեւոր է: Օրինակ, կարելի է նշել բանակցություններն Աստանայում (Սիրիայի հարցով-Ա.Ս.), որոնք արդարացրել են մեր սպասումները: Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դանիել Ռունդեն համոզված է, որ ԱՄՆ-ը պետք է խորացնի Ղազախստանի հետ առեւտրատնտեսական կապերը եւ մեծացնի նորդրումների ծավալները: - Մենք գիտենք, որ ե՛ւ ղազախստանյան իշխանություններն են դա նախապատվություն համարում,- համաձայնվել է նա,- նշեմ, որ Ղազախստանում ձեւավորվել է ժամանակակից հասարակություն: Ես նույնիսկ կասեի, որ դա աշխարհի առավել կրթված, առողջ եւ հարուստ ժողովուրդներից մեկն է... Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի այցն ուղղված է գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը: Վստահությամբ հարված ռումբին Բայց, իհարկե, արժե առանձին պատմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամբիոնից Նուրսուլթան Նազարբաեւի զեկուցման մասին, որը կոչվում էր «Զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը. վստահության միջոցներ»: Ղազախստանն, ըստ էության, ինքը պետություն-օրինակ է, որ կամավոր զինաթափումը հնարավոր է: - Քառորդ դարի ընթացքում ՄԱԿ-ի համակարգում իմ երկիրը սրընթաց ճանապարհ է անցել աշխարհում չորրորդ միջուկային զինանոցի տիրոջից մինչեւ զանգվածային ոչնչացման զենքի գլոբալ չտարածման երկիր-առաջատար,-հիշեցրել է Նազարբաեւը,- մենք փակել ենք աշխարհում խոշորագույն միջուկային փորձարկման փորձադաշտը Սեմիպալատինսկում: Այսօր Ղազախստանը հանդիսանում է բոլոր արմատական միջազգային պայմանագրերի մասնակից, որոնք վերաբերում են միջուկային անվտանգությանը եւ իրավաբանորեն ամրապնդել է իր միջուկազերծ կարգավիճակը: Մենք ստեղծել եւ ամրապնդել ենք մեր անկախ պետությունը, հասել ենք նրա բարձր միջազգային հեղինակությանըՙ հրաժարվելով միջուկային զենքից եւ ստանալով միջուկային տերությունների կողմից չհրաձակման երաշխիքներ: Մենք կոչ ենք անում հետեւել մեր օրինակին բոլոր երկրներին: Ժամանակին մենք կոչ էինք անում Իրանին, հիմա կոչ ենք անում Հյուսիսային Կորեային: Նազարբաեւի կարծիքով երկրի լավագույն պաշտպանություն է հանդիսանում համաշխարհային հանրության վստահությունը, իսկ զանգվածային ոչնչացման զենքի արտադրությունների աճը միայն մեծացնում է միջուկային, քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական զենքի հայտնվելու հավանականությունն ապակառուցողական ուժերի ձեռքում: - Այսօր եղած իրավական հենքը միջուկային անվտանգության ապահովման գծով չի կարողացել կանխել տերությունների միջուկային ակումբի ընդլայնումը 20-րդ դարի վերջում,- ընդգծել է ղազախստանյան առաջնորդը,- ենթադրում եմ, որ չտարածման ռեժիմի այդքան անհրաժեշտ ամրապնդումը, որը հիմնված է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի վրա, պահանջում է խորքային աշխարհայացքային փոփոխություններ, նոր, բազմակողմ քաղաքական որոշումներ: Դրա համար Ղազախստանի նախագահն առաջարկել է հետեւյալըՙ բարդացնել Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալը, մշակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւ, որը հստակ կձեւակերպեր հետեւանքները Պայմանագիրը խախտող երկրների համարՙ ներառյալ հարկադրական եւ արգելամիջոցային արգելքները: - Անհրաժեշտ է մշակել զանգվածային ոչնչացման զենքի ձեռքբերման եւ տարածման դեմ խիստ միջոցների կիրառման իրական աշխատող մեխանիզմ,-ամփոփել է Նազարբաեւը,-այդպիսի բազմակողմ համաձայնագրերը հարկ է հաստատել ՄԱԿ-ի ԱԽ առանձին բանաձեւերով: Իբրեւ գլխավոր միջոց առաջարկվել է զարգացնել միջուկային պետությունների երաշխիքի իրավաբանորեն պարտադրող համակարգը պետություններին, որոնք կամավոր կերպով հրաժարվում են միջուկային զենք ունենալուց, ինչպես նաեւ ունեն միջուկազերծ կարգավիճակ: Ղազախստանի Հանրապետության նախագահի խոսքով հարկ է նաեւ հրաժարվել անցած դարում պոպուլյար ռազմական բլոկների մեջ պետությունների համախմբումից: - Համաշխարհային հանրությունը մեկ միասնական օրգանիզմ է, որն ուժեղ է իր բազմազանությամբ եւ բազմակացութաձեւով,- ամփոփել է Նազարբաեւը,- այն կարող է վերապրել եւ զարգանալ մեր երկրագունդը բնակեցրած ազգերի եւ ժողովուրդների միջեւ բալանսի եւ ներդաշնակության առկայության պայմաններում: Հենց այդ պատճառով մենք պետք է համատեղ հասնենք ավելի անվտանգ աշխարհի եւ ավելի արդար համաշխարհային կարգի, որը հենված է իրավունքի գերակայության վրա: Հավատում եմ, որ համաշխարհային հանրության վստահությունը, կամքը եւ բանականությունը, բազմապատկած կոլեկտիվ գործողությունների էներգիայի վրա, թույլ չեն տա մեր երկրագնդին քայլել դեպի գլոբալ աղետների անդունդ: |