ՄԻՋՆՈՐԴԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ Ստորեւ թարգմանաբար ԱՄՆ-ում նեոկոնների (կարծրթեւայինների) տիրապետությանը վերջ տալու եւ արտաքին քաղաքականության մեջ զինված միջամտությունը դադարեցնելու համար պայքարող «Խաղաղության եւ բարգավաճման Ռոն Պոլ ինստիտուտի» գործադիր տնօրեն Դանիել ՄկԱդամսի հոդվածըՙ «US at (Proxy) War With Turkey):
Երբեք չեմ պատկերացրել, որ մերձավորարեւելյան մեր արտաքին քաղաքականությունը խելացնորության աստիճանի հասնող այսքան անարդյունավետ կարող է լինել որքան հիմա, երբ վերջին օրերին հետեւում եմ Սիրիայում կատարվող արագընթաց զարգացումներին, մի կողմից ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի եւ Պաշտպանության քարտուղար Ջեյմս Մատիսի հայտարարություններին, որ օժանդակելու եւ ֆինանսավորելու են, որպեսզի ստեղծվի սիրիական տարածքները պաշտպանող եւ վերահսկող 30 հազարանոց քրդական մի բանակ եւ մյուս կողմից Թուրքիայի ռազմական հարձակումներին Սիրիայի տարածքի Աֆրին շրջանում ընդդեմ ամերիկացիների պաշտպանությունը վայելող քրդերի: Կարծես վատ երազ լինի: Ամերիկան միջնորդված պատերազմ (proxy war) է մղում ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի դեմ: Երկու կողմերն էլ իրար հակասող գործողություններ են իրականացնում միեւնույն ավիաբազայից: Մինչ թուրքերը Ինջիրլիքից ռումբեր են արձակում սպանելու քրդերին Սիրիայում, Մ. Նահանգների ռեակտիվ ինքնաթիռները նույն Ինջիրլիքից զինամթերք են մատակարարում այդ քրդերին: Ամերիկյան կողմը Աֆրինի քրդերի վրա թուրքական զինուժի կատաղի հարձակումների անտեսումը բացատրել է ասելով, որ այնքան էլ շահագրգռված չէ այդ որոշակի խմբավորման ճակատագրով: Բայց Աֆրինի եւ Մանբիջ/Ռոջավայի քրդական խմբավորումները պատկանում են միեւնույնՙ «Ժողովրդի պաշտպանության միավորումներ» (YPG) խմբակցությանը եւ հասկանալի չէ, որ ինչո՞վ են նրանք մեկը մյուսից տարբերվում: Ավելին, Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն նշել է, որ Մանբիջ/Ռոջավայի քրդերը հաջորդ թիրախն են լինելուՙ զգալու ամերիկյան զենքերով մինչեւ ատամները զինված ՆԱՏՕ-ի երկրորդ ամենահզոր բանակն ունեցող երկրի ցասումը: Մի՞թե Վաշինգտոնը շարունակելու է դիտողի դերում լինել եւ անտեսել, թե ինչպես է ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի կողմից ջախջախվում Սիրիայում իր պաշտպանությունը վայելող «միջնորդ բանակը»: Ինչպես պետքարտուղար Թիլլերսոնն էր բնութագրել Ստանֆորդ համալսարանի Հուվըր հաստատությունում իր ելույթի ժամանակ, այդ «միջնորդ բանակը դռան արանքում խրված ոտքի դերն էր կատարելու» Ամերիկայի հին ու նոր, մի կողմից Ասադին տապալելու եւ մյուս կողմից իրանական զորքերին Սիրիայից դուրս վանելու երկսայր քաղաքականության մեջ: Իրանցիները գլխավոր դերակատարություն էին ունեցել ISIS-ին Սիրիայից դուրս վանելու գործում, բայց Սիրիայում Մ. Նահանգների քաղաքականությունը ծառայում է գլխավորապես տարածաշրջանի իր դաշնակիցներիՙ Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի շահերին, իսկ այդ երկու պետությունները իշխանափոխություն են ցանկանում տեսնել ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրանում: «National Interest» պարբերականում ԿՀՎ-ի նախկին գործակալ Պոլ Պիլարն անցյալ շաբաթ անդրադարձել էր Սիրիայում Ամերիկայի Թիլլերսոնյան նոր քաղաքականության եւ մասնավորապես դրանում Իսրայելի դերակատարության (որպես մղիչ ուժի) մասին, գրելով «Թիլլերսոնի խոսքերով Իրանը ցանկանում է գերակայություն ունենալ Մերձավոր Արեւելքում եւ խորտակել մեր դաշնակից Իսրայելին: Որպես Իսրայելին սահմանակից անկայուն պետություն Սիրիան Իրանին տալիս է այդ հնարավորությունը, եւ Իրանը ձգտում է օգտագործել այդ հնարավորությունը»: Մ. Նահանգներն ու Իսրայելը, ինչքան գիտենք, չունեն անվտանգության փոխադարձ օգնության որեւէ պայմանագիր: Թիլլերսոնը չնշեց Սիրիայում Իսրայելի ցանկությունը կատարելու պատրաստակամության մասին: Չնշեց նաեւ, որ Իսրայելն ամենահզոր բանակն ունի Մերձավոր Արեւելքում: Այնպես որ Սիրիայից կամ որեւէ այլ վայրից Իսրայելի «խորտակման» մասին որեւէ խոսք հիմարության եւ երեւակայության միջեւ ընկած հասկացություն կարող է լինել միայն: Պիլարը նաեւ հարցադրում է, թե արդյոք Իսրայելին հաճոյանալու իր ձգտումներում, Թրամփի վարչակազմը բավականաչափ ուշադրության կենտրոնո՞ւմ է պահում Ամերիկայի շահերը: Մեզ հետաքրքող մյուս հարցն այն է, թե ինչ են անելու Մանբիջ/Ռոջավայի քրդերը երբ տեսնեն, թե ինչպես են թուրքերը ոչնչացնում Աֆրինի քրդերին, իսկ Ամերիկան մատը մատին չի տալիս: Արդյոք նրանք կկարողանա՞ն դիմադրել թուրքական ահեղ բանակին, թե՞ Ասադի պաշտպանության կոչին ընդառաջելով կթողնեն, որ սիրիական կառավարական զորքերը վերադառնան այդ տարածք եւ պաշտպանեն Սիրիայի սահմանները: Ըստ գնդապետ Պատ Լանգի «Sic Semper Tyrannis» կայքի, սա հենց այն է, ինչ տեղի է ունենալու: Տեսնելով, թե ինչ է կատարվում իրականում, քրդերը հասկանալու են, որ Վաշինգտոնն իրենց դավաճանում է, շրջվելու են դեպի Ռուսաստանՙ պաշտպանության ակնկալիքով: Համաձայնություն է կնքվելու մի փոքր ավելի ինքնավարություն ստանալու եւ փոխարենը թույլ տալու, որ սիրիական կառավարական զորքերը վերահսկողություն սահմանեն եւ վերջ դնեն թուրքական ռմբակոծություններին: Իսկ իրադարձությունների զարգացման ներկա փուլում ի՞նչ դեր է նախատեսվում մոտ 2000 ամերիկացի զորամիավորումներին, որոնք Սիրիայի որոշակի հատվածներում են գտնվում առանց հրավերի կամ ՄԱԿ-ի մանդատի: Պետքարտուղար Թիլլերսոնի հաղորդմամբ, նրանք ոչ մի տեղ էլ չեն գնալու մինչեւ Ասադի պաշտոնանկությունը, ISIS-ի վերջնական պարտությունը եւ իրանյան ազդեցության վերացումը: Բայց հաշվի առնելով թուրքական հարձակումները ամերիկացիների հովանու ներքո գտնվող քրդերի դեմ, կարողանալո՞ւ են արդյոք արեւելյան Սիրիայում շարունակել մնալ այդքան երկար ժամանակ առանց բարեկամների: Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրեց քննարկելու համար թուրքերի ներխուժումը սիրիական տարածք, բայց Անվտանգության խորհուրդը չդատապարտեց թուրքերի կատարած քայլերը, որովհետեւ դատապարտելու դեպքում ստիպված էր լինելու դատապարտել նաեւ ամերիկյան զորքերի անօրինական ներխուժումը Սիրիա: Վերադառնանք մեր հոդվածի սկզբնական մասում նշված Մերձավոր Արեւելքում Ամերիկայի արտաքին քաղաքականության խելացնորության աստիճանի հասնող անարդյունավետ լինելուն: Սիրիայի ինքնիշխան պետություն ներխուժելու եւ նրա օրինական կառավարությունը տապալելու ակտիվ ջանքեր գործադրելու լույսի ներքո ծայրաստիճան կեղծավորություն կարելի է բնութագրել ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Ջեյմս Մատիսի խոսքերը: Մամլո ասուլիսի ժամանակ վատաբանելով ռուսների եւ չինացիների արտաքին քաղաքականությունը նա բացատրեց, թե ինչ գերակայություն ուներ ամերիկյան արտաքին քաղաքականությունը, ասելով. «Կարծում եմ մենք ձգտում ենք աշխարհում լուծել խնդիրները եւ ցրիվ չտալ վստահությունը: Մենք միջազգային ասպարեզում իրադարձությունները չենք ռազմականացնում: Մենք չենք ներխուժում օտար երկրներ, ինչպես Ռուսաստանըՙ Վրաստանի եւ Ուկրաինայի դեպքերում: Խնդիրները լուծում ենք միջազգային իրավունքի սահմանած օրենքների համաձայն: Մի նկատառում եւս: Մենք հարգում ենք այդ երկրներին որպես ինքնիշխան պետությունների, որոնք ունեն անկախ արտահայտվելու եւ որոշումներ ընդունելու իրավունք եւ չենք կարծում, որ որեւէ մեկը վետո դնելու իրավունք ունի նրանց տնտեսական, դիվանագիտական կամ անվտանգության հարցերի վերաբերյալ որոշումների վրա (ընդգծումները իմն են, Դ.Մ.»: Այսքանից հետո Վաշինգտոնը զարմանում է, թե ինչու աշխարհի մյուս հատվածներում լրջորեն չեն վերաբերվում իրեն: |