ԱՆՇԱՐԺ ՄԱՐԴԻԿ, ՇԱՐԺՎՈՂ ԳՈՒՅՔ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Թրամփից ամեն բան սպասելի է: Ով ասում էՙ Ես հանճար եմ , նրանից ամեն բան կարելի է սպասել, իսկ ԱՄՆ նախագահը օրերս հայտարարեցՙ Ես հանճար եմ : Թրամփը կարող է Մեքսիկայի սահմանին պատ կառուցելուց հետո որոշել մի պատ էլ ԱՄՆ-Կուբա կամ ԱՄՆ-Սիրիա սահմանին կառուցել, եւ ի՞նչ, որ Ամերիկան այս երկրների հետ ընդհանուր սահման չունի՞: Կամ կարող է նույն օրվա մեջ նախ հայտարարել, թեՙ Ես հաղթել եմ Իսլամական պետությանը , ապա երեկոյան ասելՙ Իսլամական պետության դեմ պայքարը պետք է շարունակենք ... Մի խոսքով, Թրամփըՙ հանճարեղ նախագահ է, ԱՄՆ պատմության մեջ, թերեւս, ամենահանճարեղը: Բայց անգամ նա չի կարող որոշում կայացնել Սպիտակ տան մասին, որտեղ ապրում է եւ դեռ մի քանի տարի ապրելու է: Բանն այն է, որ Սպիտակ տունը ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում չի ընկալվում որպես նախագահ Թրամփի, կամ Բուշի (կապ չունիՙ ավագ, թե կրտսեր), կամ Քլինթոնի, կամ էլ նույնիսկՙ Քենեդիի, Լինքոլնի եւ այն 1800-ին կառուցած Ջոն Ադամսի, կամ ԱՄՆ հիմնադիր նախագահ Վաշինգտոնի տուն. Սպիտակ տունը ԱՄՆ նախագահի նստավայրն է, ով էլ որ նա լինիՙ անկախ տարիքից, սեռից, ռասսայից ու նունիսկ սեռական կողմնորոշումից: Նույնը Լոնդոնի Դաունինգ սթրիթ-10 հասցեում գտնվող Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրը կամ Ելիսեյան պալատըՙ Փարիզում: Ոչ Թերեզա Մեյը, ոչ էլ Էմանուել Մակրոնը չեն կարող համապատասխանաբար Դաունինգ սրիթ-10 հասցեում գտնվող տունը կամ Ելիսեյան պալատը անձնապես իրենց նստավայրը համարել, կամ, ենթադրենք, Մակրոնը, եթե օրինակ նախագահի պաշտոնից հետո ստանձնի Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը, չի կարող որոշում կայացնել, որ այսուհետ Ֆրանսիայի ոչ թե նախագահներն են նստելու Ելիսեյան պալատում, այլ վարչապետները: Կան կառույցներ, որոնք ոչ միայն պատմական նշանակություն ունեն, այլ ընկալելի են որպես ինստիտուտ, տվյալ դեպքումՙ նախագահի (Մեծ Բրիտանիայումՙ վարչապետ), ու եթե Բրիտանիայում նույնիսկ Մարգարետ Թետչերն է լքել Դաունինգ Սթրիթ 10-ը, ապա ո՞վ պետք է լինի աշխարհում այն առաջնորդը, որը պաշտոնը հանձնելուց հետո նստավայրը չհանձնի... ՀՀ արդարադատության նախարարությունը անցնող շաբաթ հրապարակեց Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Ըստ այդմՙ ՀՀ 4-րդ նախագահն այլեւս Բաղրամյան 26-ում չի նստելու, քանի որ այնտեղ նստելու է ՀՀ վարչապետը: Նախագահը, ըստ օրենքի նախագծիՙ կնստի Մաշտոցի պողոտա 47 հասցեում, որտեղ այժմ գտնվում է կառավարության ընդունելությունների տունը: Թե ի՞նչ հիմքով է կատարվում այս օրենսդրական փոփոխությունը, արդարադատության նախարարությունը չի պարզաբանում: Ասենքՙ նոր վարչապետը պետք է անպայման Բաղրամյան 26-ում նստի, որովհետեւ ի՞նքն է այդպես ցանկանում, հակառակ պարագայում հրաժարվո՞ւմ է վարչապետ աշխատելուց ու պետությունն ու ազգը ապահով առաջ տանելուց: Ի դեպ, արդեն հայտնի՞ է, թե ո՞վ է լինելու այդ նոր վարչապետը... Նա անձամբ ի՞նչ է կարծում այս փոփոխության մասին: Սա շատ կարեւոր է, քանի որ եթե նոր Սահմանադրության համաձայն մեր երկրի առաջին դեմքը համարվելու է վարչապետը, եւ եթե նա կողմ է, որ ՀՀ նախագահի նստավայրը փոխվի ու դառնա իրենը, կնշանակի այդ մարդը (ով էլ որ լինի) չի ուզում, որ Հայաստանում պետական, քաղաքական ավանդույթներ ձեւավորվեն ու պահպանվեն: Գուցե նա նախագահի կնիքն է՞լ հետը տանի, կամ, օրինակ, աթոռը, դե ասենք հայտարարի, որ արդյունավետ աշխատելու համար իրեն պետք է երկրի ամենահարմարավետ աթոռը ու քանի որ այդ աթոռը նախագահինն է եղելՙ 1991-ից սկսած, վերցնի այն, մանավանդ, որ նոր նախագահը հանգիստ կարող է իր աթոռը պատվիրել Բրիտանիայում ամենահայտնի կահույքագործիՙ Դեւիդ Լինլիի մոտ: Ամեն դեպքում, չնայած ամեն ինչ արդեն որոշված է, առաջարկում եմ նոր նախագահի նստավայրը եթե փոխել, ապա այն դարձնել Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ-ի նախկին շենքը: Նախ շենքը, չնայած նոր սեփականատեր ունի, բայց արդեն տեւական ժամանակ դատարկ է, բացի այդ տրամաբանական է, որ Հայաստանի խորհրդանշական առաջնորդը նստի Հայաստանի խորհրդանշական կենտրոնում եւ ամենակարեւորը ԱԳՆ-ի նախկին շենքի ճարտարապետը Վարդան Սարգսյանն է, վերջինս էլ Արմեն Սարգսյանի հայրն է: Իսկ նոր վարչապետը, ըստ ամենայնի, ոչ միայն համաձայն նոր Սահմանադրության եւ ի պաշտոնե է զիլ լինելու, այլեւ կերպարային առումով է այդպիսինը: Բանն այն է, որ Հայաստանում ոչ մեկի աշխատավարձը չի բարձրանում եւ մոտ ապագայում հազիվ թե բարձրանա, բայց ահա վարչապետի աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել ուղիղ 66 հազար եւ 140 դրամով: |