RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 23-03-2018



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2018-03-22 23:26:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 5245, Տպվել է` 416, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸՙ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵՎ ԱՆԿԱՏԱՐ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Անցյալ տարի, խորհրդարանական ընտրություններին նախորդող օրերին, երբ Երեւանի ոստիկանատներից մեկի անձնագրային բաժնի պատասխանատուին հարց տվեցի, թե իր կարծիքով ՀՀ գործող խորհրդարանի անդամների քանի՞ տոկոսը նաեւ այլ երկրի քաղաքացիություն ունի, քառասո՞ւն, հիսո՞ւն, երիտասարդ աշխատակիցը շատ կտրուկ վրա բերեց. «Ի՜նչ ես ասում, ամենաքիչը ութսուն տոկոսը Ռուսաստանի քաղաքացիություն ունի. կանՙ որ ունեն նաեւ այլ երկրների քաղաքացիություն»: «Որտեղի՞ց գիտեք, ոստիկանությունը ունի՞ տվյալներ», ստուգողական հարցիսՙ ոստիկանը պատասխանեց. «Ո՞րտեղից ունենանք, երբ իրենք թաքցնում են: Մենք տվյալներ կարող ենք ունենալ միայն այն դեպքում, երբ այլ երկրի քաղաքացին ստանում է մեր երկրի քաղաքացիությունՙ պահելով կամ չպահելով հինը. պահելու դեպքում հանդիսանում է երկքաղաքացի, չպահելու դեպքում մեզ պետք է ներկայացնի տեղեկանք հնից հրաժարված լինելու մասին»: «Իսկ ուրիշ երկրի քաղաքացիություն ստանալիս տեղեկանք չի՞ ներկայացնում», շարունակեցի ես: «Ի՜նչ ես ասում. շատ քչերն են ներկայացնում»: «Այդ դեպքում, ասացի ես, ի՞նչ հիմքի վրա եք թեկնածուներին տեղեկանք տրամադրում վերջին չորս տարիներին մշտապես Հայաստանում բնակվելու եւ այլ երկրի քաղաքացի չհանդիսանալու մասին»: Զրուցակիցս, հայտնապես դժգոհ լրագրողիս այդքան ժամանակ տրամադրելու համար, արագ-արագ վրա բերեց. «Հազարավոր մարդիկ են դիմում տեղեկանք ստանալու, մենք որի՞նը ստուգենք. համ էլ մեզ էդպիսի հրահանգ տրված չի»:

Այս զրույցը հիշեցի վերջերս, երբ հրապարակային քննարկման նյութ դարձավՙ ՀՀ ընտրյալ նախագահ Արմեն Սարգսյանի բրիտանական քաղաքացիությունից հրաժարած լինելու-չլինելու խնդիրը, վերջին 8 տարիներին ՀՀ քաղաքացիություն ունենալու-չունենալու հարցը: Ընդունելով հանդերձ ընտրյալ նախագահի բացատրությունների անկատար լինելը, հասկանալով նաեւ, միաժամանակ, որ քաղաքացիությանը վերաբերող այդ եւ նման հարցերը մեր իրականության մեջ արծարծվում են միայն անձնավորված, ավելի ճիշտՙ թիրախավորված պարագաներում (ինչպես եղել էր նաեւ 1998-ինՙ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրինականության հարցով), այն էլ այնպիսի պատգամավորների հրահրմամբ, որոնց այլ երկր(ներ)ի քաղաքացի չլինելը ոչ ոք չի կարող երաշխավորել, սակայն պետք է ընդունել, որ քաղաքացիության, ավելի շուտՙ երկքաղաքացիության խնդիրը լուրջ ուսումնասիրության, օրենքի բարեփոխման եւ հստակեցման կարիք իսկապես ունի: Մանավանդ որ գործող օրենքը, հակառակ բազմաթիվ լրացումներին, ինչ-ինչ հակասությունների, իրավաբանական եզրույթովՙ կոլիզիայի մեջ է գտնվում այլ օրենքների հետ, ինչպիսին է ընտրությունների վերաբերյալ օրենքը:

Արդարեւ, օրենսգետ-իրավաբան լինելու կարիք չկա ՀՀ երկքաղաքացիության մասին օրենքի (2007 թ. մարտի 6-ին ընդունված) հոդված 13-ում շարադրված ընդամենը մեկ դրույթի հակասությունները նկատելու համար: «Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները եւ կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը»: (Ընդգծումները իմն են- Հ.Ա.): Մինչդեռ պրակտիկ իրականությունը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցում ունեցող ՀՀ երկքաղաքացին իրավունք ունի ընտրելու, բայց բոլոր դեպքերում չունի ընտրվելու իրավունք:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ երկքաղաքացու պարտականություններին ու պատասխանատվությանը, ճչացող հակասություններ են երեւան գալիս նաեւ այստեղ, օրինակՙ զինվորական պարտադիր ծառայության հարցում: Դա հատկապես երեւում է զինվորական տարիքում գտնվող սիրիահայերի պարագայում, որոնց համար գործում են ըստ օրվա պահանջի ընդունված ենթաօրենսդրական ակտեր: Օրինակՙ նրանք կարող են արյունալի խառնաշփոթի մեջ գտնվող Սիրիայից «տեղեկանք» բերել բանակային ծառայություն անցած լինելու մասին, կամ ընդհանրապես չդիմել ՀՀ քաղաքացիություն ստանալուՙ նույնիսկ եթե 18 տարին լրացել է Հայաստանում գտնվելու ժամանակ եւ բավարարվել, օրինակ, 10 տարվա կացության հատուկ կարգավիճակի փաստաթղթով:

Սրանք, ներառյալ ոստիկանության աշխատակցի ասածները, ընդամենը փոքր, ոչ մասնագիտական մտքեր են գործող օրենքի սողանքների, հակասությունների, կիրառման անհետեւողականության մասին, որոնց բացառումը առաջին պարտականությունը պետք է լինի սահմանադրական եւ օրենսդրական իշխանությունների: Մանավանդ որ Սահմանադրական դատարանն այժմ ունի նոր ղեկավար, որը, թվում է, ունի եռանդ ոչ միայն օրենքները մեկնաբանելու, երբեմն էլ լղոզելու, այլեւ կարեւոր նախաձեռնություններով հանդես գալու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 23-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ