«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ» ՇՔԱՆՇԱՆ ՋԵՄ ԷՈԶԴԵՄԻՐԻՆ, ՐԱՖՖԻ ՔԱՆԴՅԱՆԻՆ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Այսօր, մարտի 23-ին, ժամը 18. 30-ին, Բեռլինում ՀՀ դեսպանատանը հանդիսավոր երեկոյի ժամանակ Հայաստանի պետական պարգեւներ կհանձնվեն Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Էոզդեմիրին եւ Գերմանահայկական ընկերության նախագահ Րաֆֆի Քանդյանին : Արմատներով թուրք եւ չերքեզ Էոզդեմիրին պարգեւը շնորհվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում բացառիկ դերակատարման, Րաֆֆի Քանդյանինՙ Գերմանիա- Հայաստան հարաբերությունների խորացման հարցում առանձնահատուկ ծառայությունների համար: Մեր թերթի ընթերցողներին բազմիցս հնարավորություն ենք տվել ճանաչել պարգեւի արժանացած անձանցՙ ներկայացնելով նրանց կատարած գործը: Հատկապես 2015-ին, 2016- ին շատ ենք գրել գերմանական օրենսդիրում Էոզդեմիրի դերակատարման մասին, որի նախանձախնդիր աշխատանքի հանգուցալուծումը եղավ 2016- ի հունիսի 2- ին, երբ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Իսկ Րաֆֆի Քանդյանի բազմածալ գործունեությանն անդրադառնում ենք 1996- ից ի վերՙ պարբերաբար: Նրա հրատարակած «Հայ- գերմանական նամականի» եռամսյա գերմանալեզու հանդեսը մեր թերթում կարեւորել ենք բազմիցս: Այսօր երեկոյան Բեռլինում կայանալիք հանդիսության ժամանակ Էոզդեմիրի մասին գովասանաճառով հանդես կգա կոմպոզիտոր, կիթառահար Մարկ Սինանը , որ մոր կողմիցՙ թուրքահայ, հոր կողմիցՙ գերմանացի է: Րաֆֆի Քանդյանին կներկայացնի գերմանացի քաղաքական գործիչ, 1993- 94- ին Սաքսոնիա Անհալթ երկրամասի վարչապետ, 2005- 2013- ին խորհրդարանական պետքարտուղար Քրիստոֆ Բերգները : Երեկոյի ընթացքում ելույթ կունենա դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը : |