ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԵՎ ԱՄՊԵ՞Ր ԵՆ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ Մինչ Հայաստանի խորհրդարանը շարունակում է նորաստեղծ նախագահի պաշտոնը զրկել համարյա բոլոր տեսակի նշանակալի իրավասություններից եւ մինչ լրատվամիջոցներն ու ընդդիմադիր ուժերը շարունակում են քննարկել, թե երբ է Արմեն Սարգսյանը հրաժարվել իր բրիտանական քաղաքացիությունից, մարդ ակամայից հիշում է Կոնսանդնուպոլսի անկումը 1453-ին եւ դրա նվաճումը Մուհամմեդ II-ի Օսմանյան ուժերի կողմից: Առասպելի համաձայն, մայրաքաղաքի անկման ժամանակ բյուզանդական արքունիքը քննարկում էր մի շատ կարեւոր հարց. քանի՞ հրեշտակ կարող է տեղավորվել գնդասեղի ծայրին: Թեեւ առասպելական այս պատմությունը կարող է փոխաբերական իմաստով արդյունավետ լինել, բայց այն վստահաբար ստույգ չէ, որովհետեւ անալոգիան ավելի սազական է 17-րդ դարի աստվածաբանությանը: Նաեւ այն պատճառով, որ Բյուզանդիայի կայսր Կոնստանտինն ու նրա պալատականները այդ ժամանակ իրենց կյանքը փրկելու մասին էին մտածում, քանի որ արդեն երկար ժամանակ թուրքերը զգուշացնում էին նրանցՙ ռմբակոծելով քաղաքը: Մինչեւ օրս շատ քիչ տեղեկություն կա կայսեր ճակատագրի վերաբերյալ: Ոմանք պնդում են, որ կռվի ժամանակ է սպանվել, ուրիշներ հավատացած են, որ ինքնասպանություն է գործել: Շարունակելով շեղումը բուն նյութից, հետաքրքրական է անդրադառնալ այն հարցին, թե ինչպե՞ս Օսմանյան բանակին հաջողվեց կոտրել քաղաքի պաշտպանությունը: Ուրբան կամ Օրբան անունով մի ճարտարագետ (գուցե նախնիներից մեկըՙ Հունգարիայի ներկայիս վարչապետ Վիկտոր Օրբանի, ով ազերի մարդասպան Ռամիլ Սաֆարովին հանձնեց ազերի նախագահ Իլհամ Ալիեւին, որն էլ իր հերթին հերոսացրեց նրան) մի նոր եւ հզոր թնդանոթ էր պատրաստել եւ առաջարկել բյուզանդացի իշխանավորին, ով մերժել էր գնել պատճառաբանելով, որ գումար չկա: Օրբանն էլ իր թնդանոթը վաճառել էր Օսմանյան բանակին, որտեղ այն վճռական դեր էր ունեցել հաղթանակի հասնելու գործում: Վերադառնալով մեր փոխաբերությանը, նշենք, որ մինչ Հայաստանը մանրուքներ համարվող հարցեր է քննարկում, շրջակա աշխարհն ավելի չարագուշակ է դառնում: Իրադարձությունների արագընթաց հաջորդականությունն առայժմ հուսադրիչ չէ: Ռուս-թուրքական մերձեցումը, այլոց թվում, Հայաստանի հաշվին է կատարվում: Այն ունի գլոբալ նշանակություն: Թուրքիան որպես տարածաշրջանում հզոր պետություն հավասարակշռությունը պահպանողի դերը կարող է կատարել: ՆԱՏՕ-ում նրա անդամակցությունը արժեքավոր գործոն է Արեւմուտքի համար, որը չի կարող խզել իր կապերը նրա հետՙ ինչքան էլ լարված լինեն հարաբերությունները: Եվ հենց այս կացությունը օգտագործելով Թուրքիան կարողանում է անպատիժ թեքվել դեպի Արեւմուտքի թշնամիներիՙ Ռուսաստանի եւ Իրանի կողմը: «Բլումբերգում» (Bloomberg) տպագրված իր կարծիքի համաձայն, Էլի Լեյքը զգուշացնում է Թուրքիային. «Մ. Նահանգները պետք է հստակեցնի կեղծ դաշնակիցներին, որ դավաճանությունն իր հետեւանքները կարող է ունենալ»: Մյուս կողմից, Ռուսաստանը, որ ՆԱՏՕ-ի ներթափանցումներից եւ արեւմտյան պատժամիջոցներից է տառապում, շատ հարցեր կարող է կոմպրոմիսի ենթարկել սոսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջեւ սեպ խրելու նպատակով: Կոմպրոմիսային այդ հարցերից մեկը կարող է լինել Հայաստանի ճակատագիրը: Զարգացումները ցույց են տալիս, որ դա կարող է նույնիսկ լինել չնախատեսված հետեւանքը այդ կոմպրոմիսների: Երեւանի եւ Սեւանի վերաբերյալ ալիեւյան հոխորտանքներից հետո, Ադրբեջանը Հայաստանի սահմաններում ռազմական զորավարժություններ է անցկացնում կամ ինչպես ասում ենՙ «պատերազմական խաղեր» է ներկայացնում: Կասկածները փարատելու համար ազերի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում ակնկալվող ընտրություններից հետո, առավել կոնկրետ եւ էական բանակցություններ են անցկացվելու: Դիտորդները պիտի ուզեին իմանալ, թե նշվածը պատերազմի ռազմավարությո՞ւն է, թե՞ Բաքուն ի վերջո հասկացել է, որ ղարաբաղյան կնճռոտ հարցին ռազմական լուծում տալն անհնար է: Հայաստանից գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը փորձում է հասկանալ, թե ի՞նչ է թաքնված Ադրբեջանի այդ «պատերազմական խաղերի» հետեւում: «Զորավարժությունների քողի տակ կարող է զորքի կուտակում տեղի ունենալ, որին կարող է հաջորդել զինուժերի կազմավորումՙ որպես հնարավոր պատերազմի նախապատրաստություն: Մենք պետք է դրան պատրաստ լինենք»: Ալիեւի ռազմաշունչ հայտարարություններին եւ իրական զինվորական կուտակումներին հաջորդեց Մոսկվայից հնչած մի հայտարարություն, որն էլ իրավիճակը ավելի տագնապալի դարձրեց: ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը «Tert.am»-ին տված իր մտահոգիչ հայտարարության մեջ նշում է, որ Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը ՀԱՊԿ անդամ երկիր չէ եւ պատերազմի դեպքում այդ կազմակերպությունն Արցախին աջակցելու լիազորություն չունի»: Ինչո՞ւ է նման հայտարարությունը հենց հիմա կատարվում: Զուգադիպությո՞ւն է, թե՞ գործոնների համախմբում, որն առաջնորդում է դեպի վտանգավոր իրավիճակ: Հաշվի առնելով, որ Հայաստանը դեպի Եվրոպա է թեքվում, ի հեճուկս Մոսկվայի, սա կարող է Երեւանին ուղղված հստակ ուղերձ լինել: Թուրքիան համապատասխան լծակներն ունի մանեւրելու երկու թշնամական ճամբարների միջեւ, բայց Հայաստանի հնարավորությունները նման քաղաքականություն վարելուՙ սահմանափակ են: Վերոնշյալ գեներալը նաեւ ցինիզմին հասնող ակնարկներ արեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ: Նա ասաց, որ վստահ է, եթե Ռուսաստանը դադարեցնի զենք վաճառել Ադրբեջանին, վերջինս այն ձեռք կբերի մեկ այլ պետությունից: Դա ճիշտ, է բայց դա քաղաքական ենթատեքստ ունի, որը բոլորին հայտնի է: Նախագահ Սերժ Սարգսյանը 2009-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Արձանագրությունները չեղյալ հայտարարեց: Հետաքրքրական է իմանալ, թե այդ քայլը Մոսկվայի հետ համաձայնեցվա՞ծ էր, թե՞ ոչ: Տարածաշրջանային շատ կրիտիկական հարցերում ռուս-թուրքական համագործակցության լույսի ներքո հարցը չափազանց էական է: Եթե համաձայնեցված էր, ապա Մոսկվան քաղաքական մի հավելյալ լծակ կունենա գործարկելու Թուրքիայի հետ իր հարաբերություններում: Եթե համաձայնեցված չէր, ապա այդ քայլը կարող է է՛լ ավելի սրել իրավիճակը եւ ստիպել գեներալ Սիդորովին նման հայտարարություն անել հենց այս ժամանակ: Երեւանում առաջիկայում սպասվող Ֆրանկոֆոնիայի կոնֆերանսն ու Հայաստանի օրեցօր սերտացող հարաբերությունները Եվրոմիության եւ եվրոպական առանձին պետությունների հետ միգուցե Մոսկվայի համբերության հաշվի՞ն են կատարվում: Ե՞րբ է Մոսկվայի համբերության բաժակը լցվելու, որ կանաչ ճանապարհ հարթի Բաքվի համար մի նոր ընդհարում նախաձեռնելու Հայաստանի դեմ: Գեներալ Սիդորովի ուղերձը քաղաքական ենթատեքստ է պարունակում իր մեջ: Այլապես ինչո՞ւ ակնհայտ իրադրության վերաբերյալ նման հայտարարություն պետք է արվեր: Այդ հայտարարությունը անհեթեթ է թվում նաեւ Հայաստան-Ադրբեջան ներկա սառած հարաբերությունների կոնտեքստում: Ակնհայտ է, որ եթե, այնուամենայնիվ, պատերազմ ծագի, այն սկսելու է Ղարաբաղից եւ Ղարաբաղի պատճառով: Նման հնարավոր սցենար բացառելը հայ-ռուսական ռազմավարական գործընկերության պայմաններում չափազանց չարագուշակ զարգացում է նախատեսում, որն իր հերթին մռայլ քողով է ծածկում ռուսական զինվորականության ներկայությունը Հայաստանում: Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator) |