ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ՆԱԽՕՐԵԻՆՙ ԷԼԻ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ ՀԵՏ Հ.Ծ. «Որպես նոր սերունդի ներկայացուցիչներ մենք պետք է վստահ լինենք, որ ամեն տարի ավելի մեծ թվով ներկայություն ապահովենք «Թայմս Սքուերում» Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ: Այս տարի այն կայանալու է ապրիլի 22-ին կեսօրից հետո ժամը 2-ից 4-ը: Իսկ նախորդ օրը երեկոյան 8-ից 12-ը (կեսգիշեր) այստեղ «Սիթի Պերչում» երիտասարդների հավաքը նպատակ ունի միմյանց հետ շփվելու, լուրը տարածելու եւ ոգեւորություն հաղորդելու հաջորդ օրվա միջոցառմանը», նշել է Վարդանանց ասպետների կազմակերպության անդամ Ժիրայր Խորոզյանը : Հիշատակի օրվա նախօրեի այս միջոցառումը արդեն 4-րդ տարին է, ինչ անցկացվում է: Այս տարի դրան մասնակցելու է սփյուռքում շռնդալից հաջողությունների հասած օպերային երգիչ եւ պոպ երաժշտությանը նոր շունչ հաղորդած Էլի Բերբերյանը, ով հավատացած է, որ «մշակութային մոմը» միշտ վառ պետք է պահել յուրաքանչյուր հայի տան մեջ: Էլին 35 տարեկան է: Ծնվել է Բաթրունում, Լիբանան, պրոֆեսիոնալ կրթությունը կատարելագործել է Մոնրեալի Մկգիլ համալսարանում, իսկ ներկայիս ելույթներ է ունենում Մ. Նահանգներում: Նա յուրահատուկ ոճ ունի եւ մեծ վարպետությամբ կարողանում է ավանդական հայկական երգերը մատուցել ժամանակակից պոպ երաժշտության ելեւէջներով: |