QUO VADIS? ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Յո՞ երթաս, Հայաստան Վերնագիր դարձրած մեր հարցի պատասխանը որոնենք գերմանական հայացքով: Հայաստանում կատարվող իրադարձություններն ամեն օր տեղ են գտնում գերմանական ռադիոյիՙ Deutschlandfunk (DLF)-ի լրահոսում, որ օգտվում է ֆրանսպրեսի ծառայությունից, մեկումեջ հեռուստատեսության առաջինՙ ARD եւ երկրորդՙ ZDF ալիքներն են անդրադառնում դրանցՙ հիմնականում իրենց Մոսկվայում հավատարմագրված թղթակիցների միջոցով, տպագիր, առցանց լրատվամիջոցներն էլ իշխանափոխության պահանջով բողոքիՙ բռնությունից զերծ ցույցերի մասին իրենց հրապարակումներում օգտվում են տարբեր աղբյուրներից: Նույնիսկ հարեւան Իրանում հավատարմագրված թղթակից չունեցող Հայաստանն իհարկե չի կարող պահանջել, որ յուրաքանչյուր արտերկրի լրատվամիջոց թղթակից ուղարկի Երեւանՙ տեղում պատրաստելու իր ռեպորտաժն ու վերլուծականը, բայց պաշտոնական Երեւանը կարող է գոնե իր լրատվությունն «Արմենպրեսով» արագ տարածել մի քանի լեզուներովՙ ներառյալ չինարեն: Մեր հետազոտած գերմաներեն տարածվող ահռելի նյութից այս աղբյուրը ցավալիորեն միշտ բացակա է: Անցյալ շաբաթ գերմանական հեղինակավոր թերթերից «Զյուդդոյչե ցայթունգը» որոշեց Երեւանի փոթորկուն առօրյայի մասին ծանուցել այնտեղ գործուղված իր թղթակցի միջոցով: Նա եզակի չմնաց: Ապրիլի 24- ին ARD- ի լրատվական «Օրվա համայնապատկեր» ծրագրի ժամը 17- ի եթերում Մոսկվայի թղթակից Ուդո Լիլիշկին Երեւանից էր հնչեցնում իր մեկնաբանությունը: Պատասխանելով հաղորդավարիՙ մե՞ծ է Հայաստանում խաղաղ բարեփոխումներ անցկացնելու հավանականությունը հարցին, Լիլիշկին ասացՙ մեծ է, քանի որ վարչապետի հրաժարականից հետո ժողովրդի ուրախությունը տեղը զիջել է մտախոհությանը, ուղիներ որոնելուն, քննարկումներին, ինչը կբացառի բռնությունը: Բացառապես ներքաղաքական պայքարի մասին կարեւոր մեկ ուրիշ եզրակացություն հնչեց նույն ծրագրի ապրիլի 25-ի ժամը 10-ի թողարկմանը: Մոսկվայից Բիրգիթ Վիրնիչը շեշտադրեց, թե «թավշյա» անվանյալ հեղափոխությամբ ժողովուրդը պայքարում է կոռուպցիայի եւ օլիգարխների դեմ: Ապրիլի 24-ին ժամը 19-ի թողարկմանը Մոսկվայից թղթակից Մարկուս Զամբալեն էլ ընդգծելով ցույցերի խաղաղ բնույթը, անդրադարձավ դրանց վերաբերյալ արտերկրից հնչող գովաբանող արձագանքներին: ԳԴՀ կոչ է ուղղել բոլոր կողմերին հետագա օրերին էլ խոհեմություն ցուցաբերել, Ռուսաստանը, որ նախկին ԽՍՀՄ տարածքում բողոքի հանրահավաքների մասին մշտապես քննադատություն է հնչեցրել, Հայաստանում կատարվողի վերաբերյալ այլ կերպ է արձագանքել. ՌԴ արտգործնախարության խոսնակ Զախարովան ասել էՙ Ռուսաստանը Հայաստանի կողքին է: ԼՂ հակամարտության հարցին անդրադարձել է ԵԱՀԿ- նՙ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ անելով պահպանել հրադադարը, ծանուցեց ARD- ի թղթակիցը: Գերմանական լրատվական հայացքն ընդհանուր առմամբ ճիշտ է փոխանցում հայաստանյան իրականությունը, տրամադրություններն ու տրամաբանությունը, արձանագրում է, թե ԵԱՏՄ անդամ Հայաստանի համար ԵՄ- ի հետ 2017-ին կնքած համաձայնագիրը բացվող նոր հնարավորությունների պատուհան է, բողոքող զանգվածի ցանկությունները չի բխեցնում աշխարհաքաղաքական կենտրոններից որեւէ մեկի հուշարարությամբ, ընդգծում է, որ Հայաստանի ներքին խնդիրն է, սակայն նշում, որ ընդդիմության առաջնորդ Փաշինյանը Սփյուռքի սատարմանն էլ է դիմել: Սոցցանցերով տարածված «Քայլ արա», «Մերժիր Սերժին» կոչերը հաջողություն ունեցանՙ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Վիեննայում, Բրյուսելում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունների, հյուպատոսությունների առջեւ զանգվածային հանրահավաքներ գումարվեցին: Բեռլինում այն տեղի ունեցավ ապրիլի 21- ին, եւ ըստ մասնակիցներից մեկիՙ լրագրող Արփի Մախսուդյանի մեզ փոխանցած տեղեկության, հանրահավաքին 250-300 հոգի է եղել, ելույթ է ունեցել նաեւ Բեռլինի Մաքսիմ Գորկի թատրոնում այդ օրերին հանդես եկող կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը : Ապրիլի 24- ինՙ անցյալը ոգեկոչելով, ներկայի հանդեպ հույսով «Ազատագրում անցյալից», այսպես էր վերնագրել ապրիլի 24-ի իր հրապարակումը ARD-ի թղթակից Զիլվիա Շթյոբերը, որ արձանագրել էրՙ ցեղասպանության հիշատակի օրը հայերն անցյալից ավելի ապագային են հառում իրենց հայացքը: Ապրիլի 23-ին Մայնի Ֆրանկֆուրտի Ս. Պողոսի տաճարում, հաջորդ օրը Բեռլինի քաղխորհրդի հանդիսությունների սրահում, Քյոլնի Ս. Սահակ-Մեսրոպ եկեղեցում կայացած Հայոց ցեղասպանության հուշահանդեսների գրավոր ելույթները չփոխվեցին իհարկե, ոչ էլ երաժշտական ծրագիրը փոխվեց, բայց ՀՀ դեսպանը, Գերմանահայոց առաջնորդը, հայ համայնքի ներկայացուցիչները իրենց գրավոր ելույթին, հայոց լեզվով բանավոր մի պարբերություն ավելացրեցինՙ խոհեմության կոչ, խաղաղ մնալու աղոթք Հայաստանի ժողովրդին, քաղաքական գործիչներին: Սփյուռքում ապրիլի 24-ին երբեք չեմ տեսել, որ մասնակիցներից շատերը նկատելի պայծառ տրամադրություն ունենան, Սերժ Սարգսյանի հրաժարականը արձանագրած ժողովրդի միակամությունն ու հաղթանակը հույս էր տվել, թե Հայաստանը պատմության նոր էջ է բացել, որ ամրացնելու է անկախ, ժողովրդավար պետության հիմքը:Պարսկահայերից մտահոգություն էլ լսեցիՙ մենք մի հեղափոխություն տեսել ենք, փախել ենք դրանից: Իսկ նախկին հայաստանաբնակներից մի քանիսը չբացառեցին, որ ԳԴՀ-ն կթողնեն, երկիր կվերադառնան: |