RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018



Տեղադրվել է` 2018-04-29 00:45:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 5596, Տպվել է` 523, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՎՍ ՄԵԿ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՔԱՅԼ

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Երեւան -Բերձոր-Ստեփանակերտ-Երեւան

Ժամանակները փոխվում են, փոխվում է նաեւ Արցախի Քաշաթաղի շրջանիՙ Վահան Թեքեյանի անունը կրող Բերձորի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսումնական միջավայրը: Ասում են լավ սկիզբը գործի կեսն է, իսկ մեր գործում լավ ու ազգանվեր սկիզբը դրվել է տարիներ առաջ: Բերձորի դպրոցում այժմ սովորում է շուրջ 200 աշակերտ, որոնք արդեն հնարավորություն ունեն ուսանել վերանորոգված չորրոդ դասարանում, որը կրում է Սարգիս Հացպանյանի անունը: Դասարանի վերանորոգումը հովանավորել է Արշակ Չոպանյան ինստիտուտը (Փարիզ):

Նորոգված դասասենյակի բացման եւ անվանակոչության արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 21-ին: Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Փարիզում գործող Արշակ Չոպանյան ինստիտուտի տնօրեն Վարուժան Սիրապյանը, Հայաստանում ԱՄՆ եւ Կանադայի ԹՄՄ ներկայացուցիչ Գայանե Մուրադյանը, Քաշաթաղի շրջանային վարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներ եւ աշակերտներ:

Դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը բացման իր խոսքում նշեցՙ դպրոցի աշակերտները միշտ աչքի են ընկել իրենց բարձր առաջադիմությամբ, մասնակցելով տարբեր մրցույթների եւ օլիմպիադաներիՙ արժանացել են պարգեւների եւ նվերների: Աշակերտների առաջադիմությունը եւ ոգեւորությունը է՛լ ավելի բարձրացավ հատկապես վերջին 1,5 տարում, երբ դպրոցում վերանորոգվեցին մի քանի դասասենյակներ, իսկ դասերը սկսեցին անցկացվել նորոգված, լուսավոր, մաքուր ու ջերմՙ հայոց լեզվի եւ գրականության (Կանադա), Հրանտ Դինքի անվան պատմության (Կանադա), զինվորական պատրաստության (Ֆրանսիա), Սարգիս Հացպանյանի (Ֆրանսիա) անվան դասարաններում:

Անահիտ Քոսակյանը ընդգծեց, որ դպրոցի տնօրենությունը եւ ուսուցչական ողջ կոլեկտիվը որոշել են միաձայն այդ դասարանը կոչել Սարգիս Հացպանյանի անունովՙ հաշվի առնելով նրա ծառայությունը հայրենիքին, մասնակցությունը Արցախյան գոյամարտին:

Այնուհետեւ դպրոցի տնօրենը շնորհակալագիր հանձնեց Արշակ Չոպանյան ինստիտուտի տնօրեն Վարուժան Սիրապյանին: Վերջինս շնորհակալություն հայտնելով շնորհակալագրի համարՙ նկատեց, որ իրենց միության համար կարեւոր է հայ մանուկների եւ երիտասարդների կրթությունը, Չոպանյան ինստիտուտը աջակցել եւ շարունակելու է աջակցել հայրենանվեր այսպիսի ձեռնարկների իրականացմանը:

9-րդ եւ 10-րդ դասարանների աշակերտները բովանդակալից ներկայացրին Սարգիս Հացպանյանի կենսագրությունը, ակնածանքով փաստեցին, որ նա 1990 թվականին եկել է Հայաստան եւ ընդգրկվել Լեոնիդ Ազգալդյանի ազատագրական բանակի կազմում: Աշակերտները հանգամանորեն ներկայացրին Արցախյան գոյամարտում նրա անցած պայքարըՙ մանրամասնեցին, թե ինչպես է պաշտպանել Քարվաճառի տարածաշրջանում գերության մեջ մնացած ադրբեջանցի կանանց ու երեխաներին:

Աշակերտների ելույթից հետո խոսեց Արցախի հանրապետության կրթության գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը : «Այս փոքրիկ միջոցառումը մեծ խորհուրդ ունի: Մեր երկրի իշխանությունները պատերազմից հետո առաջին հերթին դպրոցաշինության ծրագիր են իրականացրելՙ կարեւորելով կրթության բնագավառը երկրի կայացման գործում: Այս տարիների ընթացքում մի քանի տասնայակ դպրոցներ, այդ թվում նաեւՙ Քաշաթաղի շրջանում, կառուցվել են, հիմնանորոգվել, եւ գործընթացը շարունակվում է: Այս կարեւոր գործում մեծ է Սփյուռքի մեր հայրենակիցների դերը: Սա խոսում է հայության միասնության մասին»,- ասաց Նարինե Աղաբալյանը: Նախարարը շնորհակալություն հայտնելով բարերարներին եւ միջոցառումը կազմակերպիչներինՙ ակնածանքով նկատեց, որ այսօրվա երիտասարդությունը բանիմաց ու գիտակ է: Նախարարը հավելեց նաեւ, որ նախարարությունը հետամուտ կլինի, որպեսզի հնարավորինս շուտ լուծվեն առկա խնդիրները եւ ապահովվի լավագույն կրթություն, քանզի այսօրվա աշակերտներն են մեր ապագան եւ երկրի վաղվա տերը:

Այնուհետեւ ներկաները բարերաների հետ քննարկեցին հետագա անելիքները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ