RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018



Տեղադրվել է` 2018-04-29 00:45:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 5971, Տպվել է` 482, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՐԳԵԼԻ ՊԱՐՈՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Հ. ԱՖՅԱՆ

Եւ այսպեսՙ Հանրապետության հրապարակը պետք է տա վարչապետի անունը: Թեկնածուները շատ չեն, ժողովրդի կողմն անցած առաջին ոստիկանը, որին բացի վարչապետի պաշտոնից, նաեւ 10 հազար ԱՄՆ դոլար են խոստացել, Իռան, որը տանը սպասում է իր ամուսնուն, որն իր հերթին հեղափոխություն է անում եւ ուշ է գնալու տուն, հենց այդ ամուսինը, որը ուղիղ եթերում (ի դեպՙ հայաստանյան հեղափոխությունը հեռարձակվում էր եւ է ուղիղ եթերով), հայտարարեց, թե` «Իռա, էսօր ուշ եմ գալու տուն», այն փոքրիկ տղան, որը մի անգամ ելույթ ունեցավ հրապարակում, քանի որ երեխաներն էլ իրավունք ունեն եւ նրանք էլ են «մերժում Սերժին», եւ վերջապեսՙ Նիկոլ Փաշինյանը: Այս բոլորից Հանրապետության հրապարակն ընտրեց Նիկոլ Փաշինյանին, ամեն դեպքում` հրապարակը բղավում էր «Նիկոլ», ճիշտ է, ոչ բոլորը, բայց դա երկրորդական հարց է:

Ավելի ուշ, բացառապես օտարերկրյա լրատվամիջոցների հետ ասուլիսին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե ժողովուրդն իր վրա դնի վարչապետի պարտականությունները, ապա ինքը պատրաստ է: Իսկ ժողովուրդը դրեց, այն նույն ժողովուրդը, որը 2008-ին, 2009-ին, բղավում էր «Լեւոն-նախագահ», այդ թվում` Նիկոլ Փաշինյանի հետ միասին, այն նույն ժողովուրդը, որը 2013-ին բղավում էր «Րաֆֆի-նախագահ», այսօր բղավում է «Նիկոլ-վարչապետ», բայց սա էլ երկրորդական հարց է, ինչպես նաեւ այն, թե ինչո՞ւ է Փաշինյանը ասուլիս անում միայն օտարերկրյա լրատվամիջոցների համար, ու այս առումովՙ ինչո՞ւ չի տարբերվում, օրինակ Սերժ Սարգսյանից:

Կարեւորն այս պարագայում մեկ այլ բան է` հարթակը, որտեղ կանգնած են Նիկոլ Փաշինյանը, Համլետ Ղուշչյանը, կարգին Հայկոն, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, ...տրամաբանում եմ, որ Նիկոլ Փաշինյանի, որը, հիշեցնեմ, ժողովրդական վարչապետն է, ապագա կաբինետը: Ի դեպ, այդ կաբինետի կազմի մասին որեւէ մեկը Փաշինյանից ինչ-որ բան լսե՞լ է: Ասենք, երբ նա դառնա ժողովրդական վարչապետ, ո՞վ է լինելու պաշտպանության նախարարը, իսկ արտաքին գործերի՞նը, մշակույթի՞նը: Հասկանալի է, կարգին Հայկոն կլինի ու ամեն Նոր տարի, վարչապետ Փաշինյանի ուղերձից հետո, կցուցադրվի մշակույթի նախարարի հեղինակած հերթական «Սուպերմաման», բայց կոնկրետ ՊՆ-ն ու ԱԳՆ-ն ովքե՞ր են ղեկավարելու: Ինչո՞ւ պարոն ժողովրդական վարչապետն այս մասին չի խոսում, չունի՞ կադրեր, թե՞ վստահ է, որ եթե նրանց անունները տա, հազիվ թե հրապարակը բղավի` «Նիկոլ-վարչապետ»: Լավ, ո՞րն է Նիկոլ Փաշինյանի թիմը, եթե այն հարթակն է, ապա կներեք, բայց այդ թիմը մի տեսակ վստահություն չի ներշնչում, ու որպեսզի ճիշտ հասկացվեմ` ավելի վստահելի չէ, քան Սերժ Սարգսյանի կաբինետն էր, եթե Փաշինյանն իր նախարարներին պետք է ընտրի իր եւ Սերժ Սարգսյանի սիրած երիտասարդներից, ապա ես վախենում եմ, քանի որ նախարար լինելու համար պետք է գոնե մեկ բուհ ավարտած լինես, իսկ տվյալ պարագայում` գոնե դպրոց... Լավ, ունի՞ Փաշինյանը քաղաքական թիմ, որը հենց վաղը պատրաստ է անցնել աշխատանքի ու դա ավելի լավ անել, քան ՀՀԿ-ականներն էին անում: Գուցե պարոն Փաշինյանն այնքան եռանդ ունի, որ բոլորի փոխարեն ի՞նքն է աշխատելու, եթե այդպես է, ապա ինչո՞ւ էր դեմ Սերժ Սարգսյանին, չէ՞ որ վերջինս էլ բոլորի փոխարեն էր աշխատում, կամ որոշում:

Եւ մի հարց էլ. գիտի՞ արդյոք պարոն ժողովրդական վարչապետը, որ օրինակ Չինաստանը կամ Հյուսիսային Կորեան կոչվում են ժողովրդական Հանրապետություններ, սակայն Սի Ցինպինին ու Կիմ Չեն Ընին անվանում են բռնապետ... Ընդ որում, եթե որեւէ հյուսիս-կորեացու պատահական հանդիպես ու հարցնես, թե ո՞վ է քո առաջնորդը, նա առանց տատանվելու եւ սիրով կասի` Կիմ Չեն Ընը: Ուրեմն գիտի՞ արդյոք պարոն Փաշինյանը, որ ժողովրդի լիակատար աջակցությունն ունեն միայն բռնապետները, իսկ ժողովուրդը սա գիտի՞...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ