RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2018-04-29 00:45:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 4412, Տպվել է` 481, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՊՈՌՆԻԿ ՉԷ»...

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հեղափոխությունն ու իշխանությունը մի շարք ընդհանրություններ ունեն. երկուսի դեպքում էլ օգտվում են նրանք, ովքեր արժանի չեն, երկուսի երկար ձգվելուց էլ համը դուրս է գալիս, երկուսից էլ` մինչեւ հանցագործություն մեկ քայլ է, եւ վերջապես երկուսում էլ խուժանությունը շատ է, այնքան շատ, որ եթե իշխանություն է, դրա դեմ ելնում են, եթե հեղափոխություն է, դրանից հիասթափվում են:

Ճիշտն ասած, հեղափոխություն ասելիս` նկատի չունեմ Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցածը, որը, չնայած ոչ պակաս հետաքրքրական է, քան յուրաքանչյուր հեղափոխություն:

Թերեւս կարիք չկա հիշեցնելու, թե որ օրը եւ ժամը քանիսին Գագիկ Ծառուկյանը որոշեց միանալ «հեղափոխականներին»: Միայն հիշեցնեմ, որ այս պատմական միացումից մի քանի րոպե հետո Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Երեւի պետք չէ նաեւ հիշեցնել, թե ի՞նչ էր խոսում Նիկոլ Փաշինյանը` Գագիկ Ծառուկյանի մասին մինչեւ հեղափոխությունը: Նաեւ այն պետք չէ հիշեցնել, որ պարոն Ծառուկյանը ամենադասական օլիգարխն է, ըստ որոշ տվյալների` դրանց բոլորի «պապան», իսկ օլիգարխիայի դեմ այս «հեղափոխությունը» պայքարում է, ամեն դեպքում մարդիկ ասում են, որ նոր Հայաստանում, որ արդեն եկել է, պարզապես դեռ չի երեւում, օլիգարխներ չեն լինելու: Հիմա նրանց «պապան» հեղափոխականների կողքին է: Նրանց հետ է նաեւ Արթուր Բաղդասարյանը, նրանց հետ է արդեն նաեւ ՀՅԴ-ն, շուտով նրանց կողքին կլինեն թաղային հեղինակությունները, մի խոսքովՙ այն ամենն ու բոլորը, որոնք ՀՀԿ-ի հետ էին, այսօր հեղափոխականների կողքին են: Ստացվում է, որ սա իրոք «ազգային հեղափոխություն» էր, բայց որեւէ մեկին չի հետաքրքրում, լավ, բայց ո՞ւմ դեմ, ի՞նչը փոխելու համար, եթե օլիգարխներն էլ են մնում, թաղային հեղինակություններն էլ, պարոն Ծառուկյանի միլիոններն ու առյուծներն էլ, նույնիսկ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխարկն է մնում, եւ Արթուր Բաղդասարյանի մուրաբաներն ու երազանքները: Լավ, ի՞նչը փոխեցիք: Վարչապետի՞ն, շատ լավ, է՞լ... Մինչ կմտաբերեք, ասեմ, որ հեղափոխությունից հետո Հայաստանում երթուղայիններում էլի ճխլված են գնում, տատիկներն էլի կանգնած նայում են, թե ինչպե՞ս են հանգիստ նստած հաղթանակած երիտասարդները, որոնց ցավն այս օրերին այնքան շատ ու շատերը տարան, որ ինձ թվում է Հայաստանում մի քանի սերունդ այլեւս ցավ չի ունենալու:

Չէ, ես հասկանում եմ, որ օրինակ տրանսպորտի հարցը լուծելու համար «հեղափոխականներին» ժամանակ է պետք, որպեսզի նրանք սափրվեն, հանեն զինվորական համազգեստը, ուսապարկը, վարդի բույրով օճառով լոգանք ընդունեն, հագնեն իրենց կոստյումները, գան ԱԺ, ընտրվեն վարչապետ, ձեւավորեն կառավարություն ու օրինագծեր ուղարկեն ԱԺ, որոնցով մեր կյանքը կբարգավաճի, սառնարանները կլցվեն, բոլորս կսկսենք ընտիր մեքենաներ քշել` ընդ որում արագաչափեր չեն լինի, քանի որ դրանք հեղափոխության օրերին կացիններով ջարդել ենք ու պետհամարանիշեր չեն լինի, որովհետեւ առանց դրանց էլ հեղափոխության օրերին լավ քշել ենք:

Չէ, լուրջ. ի՞նչ կարիք կա կարգուկանոնի, չէ՞ որ դրա բացակայությունը երկրում անվանում են «ժողովրդի հաղթանակ»: Բայց խուժաններին հաստատ կպատժեն, սրանում չկասկածեք: Կպատժեն, քանի որ ամեն հեղափոխություն բերում է իր խուժաններին ու որպեսզի նոր խուժանները կարողանան խուժանություն անել, հները պետք է պատժվեն: Չէ, «հեղափոխականները» մեղավոր չեն, որ իրենց հետ Բաղրամյան փողոցի շենքեր են լցվելու խուժանները, մեղավոր չեն, քանի որ այդ շենքերը առանց նրանց չեն լինում: Պարզապես ոչ մի հեղափոխություն խուժանությունից չի ազատում, լինի այն կարմիր, նարնջագույն, թե թավշյա:

Կոնկրետՙ Նիկոլի «հեղափոխությունը» մեզ նաեւ օլիգարխներից չի ազատում: Նրանցից ոմանց գործերն, իհարկե, կվատանան, ոմանց հնարավոր է ոտքով հարվածեն, որպեսզի նրանք զգան, թե ինչ են զգում, երբ ոտքով հարված են ստանում, ուրիշներին հնարավոր է արգելեն զբաղվել, օրինակ ֆուտբոլով, որ հասկանան, թե ինչ է նշանակում մեծ ֆուտբոլին կողքից նայելը, բայց սա չի նշանակում, որ օլիգարխիան երկրում անհետանալու է: Կան օլիգարխներ, որոնք բարի հոգի ունեն ու միշտ ուրախ են ու հպարտ, որ ժողովրդի կողքին են: Մի խոսքով, Չե Գեւարան, որը մեր Նիկոլից տարբերվում է, օրինակ նրանով, որ հեղափոխություն է արել, մի անգամ ասել է` «Հեղափոխությունը պոռնիկ չէ, որ ով երբ ուզի` անի»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ