RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018



Տեղադրվել է` 2018-04-29 00:45:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 4628, Տպվել է` 483, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Հայաստանում տեղի ունեցող թավշյա, շատերի բնորոշմամբՙ հայկական հեղափոխությունը, աշխարհում ժողովրդավարության հաղթանակի մի փայլուն օրինակ է, այսօր այնքան երանելի շատ երկրների համար: Այս պայքարով հայ ժողովուրդն աշխարհին կրկին ներկայացավ որպես ազգ-անհատականություն, ազգ-որակ, ով ի վիճակի է մերժելու իրեն պարտադրված սուտն ու բռնատիրությունը: «Վարդագույն», «Նարնջագույն», «Արաբական գարուն», «Մայդան»... Այն չկրկնեց իր ետեւում արյան բաղնիքներ թողած ոչ մի գունավոր հեղափոխության տարբերակը: Կար մարտի մեկի դառն ու անամոք հիշողությունը, որի կրկնումից խուսափելու համար երկուստեք ցուցաբերվում է խոհեմություն: Անշուշտ նման մասշտաբի երեւույթը զերծ չէր լինելու տարաբնույթ սադրանքներից, այնպիսի նսեմ արարքներից, ինչպիսինՙ քաղաքացիական հագուստով ոստիկանների բռնություններն էին երիտասարդների հանդեպ, կամ ոստիկանության կոպիտ վերաբերմունքը կանանց ու տարեցների նկատմամբ, կամ որոշ ցուցարարների առանց համարանիշով մեքենաներ վարելը մարդաշատ փողոցներումՙ վթարի ենթարկելով մարդկանց: Համացանցը գերբեռնված է այսօր հայաստանյան իրադարձությունների մասին հրապարակումներով: Աշխարհասփյուռ հայությունը քուն ու դադար կորցրած գամված է էկրաններին, «գութ» հայցելով «նորին մեծություն» ինտերնետի արագությունից: Միջազգային հանրությունն առաջատար լրատուների միջոցով իրազեկվում է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդական շարժման յուրաքանչյուր քայլի մասին, բարձրանում է մեր երկրի ժողովրդավարության վարկանիշը:

«Հետխորհրդային այս հեղափոխությունը Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերի մասին չէ: Երբեմն հայկական ցույցերը պարզապեսՙ հայկական ցույցեր են: 1999 թվականից ի վեր Հայաստանում իշխում է մեկ կուսակցությունՙ ՀՀԿ: Ապրիլին Ս. Սարգսյանի երկրորդ եւ վերջնական ժամկետի ավարտից հետո ՀՀԿ մտահոգ էր իր իշխանության անվերջ վերարտադրման խնդրով»,- գրում է Թոմաս դե Վաալը «Foreign Policy» պարբերականում:

«Ես սխալ եմ, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է»: Միջազգային լրատվամիջոցների համար նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի այս արտահայտությունն այդպես էլ առեղծված մնացՙ դիրքորոշման շատ կտրուկ եւ հանկարծակի փոփոխություն էր սա Նիկոլ Փաշինյանին «Մարիոթ» հյուրանոցում բոյկոտելուց հետո: Թերեւս վերեւներից կտրուկ պարտադրանքը միայն կարող էր ստիպել օգտագործել այս ինքնախարազանող խոսքը, ենթադրում են որոշ վերլուծաբաններ, եթե ոչ, ապաՙ ինչպե՞ս կարող էր տաս տարիների քաղաքական փորձ ունեցող երկրի ղեկավարը այս աստիճանի «զինաթափվել» հակառակորդի առջեւ: Այդուհանդերձ, պետք է գնահատել արյունահեղությունը կանխող Սերժ Սարգսյանի հրաժարականի քայլը ապրիլի 24-ից առաջ, որպես մեծ կամքի դրսեւորում:

Փաշինյանը ճիշտ է, քանզի նա մտավ ժողովրդի մեջ, ընկավ դռնե-դուռ դեռ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում, հուսալքված մարդկանց ավետելով իր «Ելքը»: Իր իշխանության 10 տարիների ընթացքում ե՞րբ է երկրի նախկին ղեկավարը խոսել ժողովրդի հետՙ «Էլեկտրական Երեւանի» ցույցերի՞ ժամանակ, քառօրյա պատերազմի՞ց հետո, «Սասնա ծռերի» խռովությա՞ն ընթացքում:

Փորձության ժամանակ է ի հայտ գալիս իսկությունը: Մենք վկաներն ենք այսօր ՀՅԴ հարյուրամյա կուսակցության խայտառակ հեղինակազրկմանը, ի դեմս նրա բյուրոյի եւ ԱԺ երեսփոխանների: Թե ինչպես տասը տարիների ընթացքում այն կորցրեց ընդդիմադիր կուսակցություն լինելու իր իմունիտետը, դառնալով ՀՀԿ հաճկատարն, ու այսօր էլ, ըստ քաղաքական պատեհության շտապեց երանգափոխվել, դուրս գալով ՀՀԿ-ի հետ խորհրդարանական կոալիցիայից: Մենք տեսանք ժողովրդին ոչինչ ասել չցանկացող հայերի հոգեւոր առաջնորդՙ Ամենայն Հայոց կաթողիկոսի տարօրինակ պահվածքը: Հիշենք Ն.Ս.Օ Տ.Տ. Վազգեն Առաջինի օրհնությունն ու աջակցությունն իր ժողովրդին մեր ազգի համար բախտորոշ պահին:

Ինչեւէ, քաղաքակիրթ ժողովրդի մեր դարավոր իմաստությունը մեզ թույլ չպետք է տա վերածվելու Եգիպտոսի կամ Ուկրաինայի: ՀՀԿ-ի դեմ պայքարն էլ չպետք է ուղեկցվի սեւ ու սպիտակի մերժողությամբ, ատելությամբ, վհուկների որսով: Կարեւոր է, որ չկրկնվեն ՀՀՇ-ական քաոսն ու ապաշնորհ մարդկանց պորտֆելավորման ժամանակները: Այսօր եզակի պատմական պահի ենք ականատես բոլորս, եւ ամենքի պարտքն է Հայաստանում եւ Սփյուռքում մասնակցել մեր հզոր, ուժեղ Հայոց պետության կերտմանը:

Իսկ Թրամփն այս անգամ էլ չարտասանեց «ցեղասպանություն» բառը: Աստված իր հետ, մեր կառուցվելիք ամուր Հայաստանով մի օր կստիպենք այդ անել ոչ միայն Թրամփին...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ