RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018



Տեղադրվել է` 2018-04-29 00:45:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 4392, Տպվել է` 506, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳԻՏՆԱԿԱՆԸ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՄՈՒՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ

ՀՀ ԳԱԱ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

Ակադեմիկոս Վիլեն Պարույրի Հակոբյանի ծննդյան 80-ամյակը

Առաջիկա մայիսի 1-ին լրանում է ճանաչված դեղաբան, մանկավարժ եւ հասարակական գործիչ, Երեւանի պետական բժշկական համալսարանի երկարամյա նախկին ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլեն Պարույրի Հակոբյանի ծննդյան 80-ամյակը:

Վիլեն Հակոբյանի գործունեության մեջ ցայտունորեն առանձնանում են մի շարք հիմնական կոչումներՙ գիտնական, ուսուցիչ, բժշկական բարձրագույն կրթության հմուտ կազմակերպիչ եւ հասարակական գործիչ:

Վ.Պ. Հակոբյանը ծնվել է 1938 թ.-ի մայիսի 1-ին, Հայկական ԽՍՀ Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղում: 1960 թ.-ին ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի Բուժական ֆակուլտետը: Աշխատել է Արթիկի շրջանումՙ որպես գյուղական բժշկական տեղամասի վարիչ: 1967 թ.-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1977 թ.-ինՙ դոկտորական թեզերը:

Վ.Պ. Հակոբյանը բարեխղճորեն աշխատել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսումնավարչական գրեթե բոլոր օղակներումՙ ավագ լաբորանտից հասնելով ամբիոնի վարիչի, ռեկտորի պատասխանատու եւ պատվաբար պաշտոններին:

1987 թ.-ին ընտրվելով Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, Վ.Պ. Հակոբյանը 19 տարի շարունակ դրսեւորել է կազմակերպչի եւ նորարարի մեծ հմտություն: Հիշենք թեկուզ անցումային շրջանի 1991-1994 թվականները, տնտեսական ու էներգետիկ ճգնաժամը: Սակայն այդ պայմաններում Երեւանի պետական բժշկական համալսարանը հանրապետության միակ բուհն էր, որը կարողացավ ունենալ անխափան էլեկտրաէներգիա եւ ջեռուցում, եւ ոչ միայն ապահովեց իր աշխատանքի բնականոն գործընթացը, այլ նաեւ նկատելիորեն վերընթաց ապրեց:

Հիրավի, նրա անդուլ եւ հետեւողական աշխատանքների շնորհիվ մեծացավ ու խորացավ Երեւանի պետական բժշկական համալսարանի միջազգային ճանաչումը: Անուրանալի են նրա ծառայությունները արտասահմանյան ուսանողների ներգրավման, անգլալեզու ուսուցման համակարգ ստեղծելու, սեփական համալսարանական կլինիկական հիվանդանոցներ եւ հանրակացարաններ ունենալու գործում:

Ակադեմիկոս Վ.Պ. Հակոբյանի հետեւողական գործունեության շնորհիվ 1991 թ.-ին Երեւանի պետական բժշկական ինստիտուտը վերանվանվեց մեծն բժշկապետ Մխիթար Հերացու անվամբ, իսկ 1995 թ.-ին ինստիտուտը վերակազմավորվեց համալսարանի:

Ճանաչված գիտնականն իր ներդրումն է կատարել տեղական եւ միջազգային մի շարք հանդեսների աշխատանքներում: Բավական է նշել, որ Վ.Պ. Հակոբյանը երկար տարիներ (1989-2007 թթ.) խմբագրել է ՀՀ ԳԱԱ «Հայաստանի բժշկագիտություն» հանդեսը: Գիտնականի եւ կազմակերպչի նրա վաստակը գնահատվել է արտասահմանյան մի շարք ակադեմիաների եւ գիտական ընկերակցությունների անդամ ընտրվելով:

Վ.Պ. Հակոբյանի գիտամանկավարժական գործունեությունն արտացոլված է նրա ավելի քան 300 աշխատություններում (որոնց զգալի մասը հրատարակվել է միջազգային գիտական հանդեսներում): Նա հեղինակ է 6 մենագրությունների (որոնցից 2-ը հրատարակվել է արտասահմանումՙ Մոսկվայում եւ Աթենքում), 11 ուսումնամեթոդական ձեռնարկների, ֆարմակոլոգիայի 3 դասագրքերի: Իր գործընկերների հետ ստեղծած այդ ուսումնական ձեռնարկները ֆարմակոլոգիայի հայերեն լեզվով առաջին բուհական դասագրքերն են Հայաստանում: Վ.Պ. Հակոբյանն ստացել է 24 հեղինակային արտոնագիր: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 5 դոկտորական եւ 19 թեկնածուական ատենախոսություններ:

Նա բազմիցս հրավիրվել է աշխարհի տարբեր երկրներ եւ զեկուցումներով հանդես եկել միջազգային գիտաժողովներում:

Վ.Պ. Հակոբյանն իր գիտական աշխատանքներն սկսել է տակավին ուսանողական տարիներին, տասնամյակներ շարունակ զբաղվել է կենտրոնական նյարդային համակարգի արյան շրջանառության ուսումնասիրության հարցերով: Գիտական հետազոտությունների նոր ուղղություն դարձան նրա առաջադրած սակավաշարժության եւ ֆիզիկական ակտիվության պայմաններում ուղեղային արյան շրջանառության կարգավորման մեխանիզմներին ուղղված աշխատանքները: Նա հաջողությամբ զարգացրել է ուղեղային արյան շրջանառության ինքնակարգավորման նյարդաքիմիական տեսությունը:

Վ.Պ. Հակոբյանն ակտիվորեն մասնակցել է մեր նորանկախ հանրապետության ստղեծման ու կայացման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման արդար պայքարին, ինչպես նաեւ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը:

Պատշաճ ձեւով գնահատելով մեր անկախ պետականության համար ֆիզիկապես ամուր, առողջ եւ մարտունակ բանակ ունենալու եւ այն բարձրորակ զինվորական բժիշկներով ապահովելու կարեւորությունըՙ Վ.Պ. Հակոբյանի անմիջական նախաձեռնությամբ եւ ղեկավարությամբ 1994 թ.-ին Երեւանի պետական բժշկական համալսարանում հիմնադրվեց եւ մինչ օրս հաջողությամբ գործում է Ռազմաբժշկական ֆակուլտետը:

Հայրենիքի պաշտպանության եւ բանակաշինության գործընթացում ներդրած ուրույն ավանդի համար ակադեմիկոս Վ.Պ. Հակոբյանն արժանացել է բժշկական ծառայության գնդապետի կոչմանը, ինչպես նաեւ «Դրաստամատ Կանայանի», «Գարեգին Նժդեհի», «Սպարապետ Վ. Սարգսյանի» եւ ԼՂՀ-ի «Մայրական երախտագիտության» մեդալներով:

Ակադեմիկոս Վ.Պ. Հակոբյանը պարգեւատրվել է նաեւ հանրապետության մի շարք բարձրագույն պարգեւներով, ներառյալ «Մխիթար Հերացու» մեդալով, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին, գիտության վաստակավոր գործչի կոչմանը:

Իր բազմաբնույթ գործունեության մեջ Վ.Պ. Հակոբյանը միաժամանակ ծավալել է հասարակական բուռն գործունեություն, որի շնորհիվ արժանացել է «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչմանը, ինչպես նաեւ պարգեւատրվել է բազմաթիվ հուշամեդալներով եւ շնորհակալագրերով:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, բարձր գնահատելով Գերագույն Հոգեւոր Խոհրդի անդամ Վ.Պ. Հակոբյանի ազգանվեր աշխատանքը, նրան պարգեւատրեց «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» եւ «Սուրբ Ներսես Մեծ» շքանշաններով:

Նա արժանացել է նաեւ «Ամենափրկիչ Քրիստոսի տաճարի» Մոսկվայի Պատրիարքության երախտավորագրին:

Բժշկագիտության եւ մարդասիրության բնագավառում, ինչպես նաեւ հասարակական գործունեության մեջ իր արժանի ծառայությունների արդյունքում Վ.Պ. Հակոբյանը պարգեւատրվել է Ալբերտ Շվեյցերի եւ Վերանդսկու անվան «Ոսկե աստղ» բարձրագույն պարգեւներով, Ֆ. Նանսենի անվան ոսկե հուշամեդալով եւ այլն:

Ներկայումս Վ.Պ. Հակոբյանն իր կուտակած փորձն ու հմտությունը ներդնում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական կազմակերպություններում:

Ակադեմիկոս Վ.Պ. Հակոբյանի բազմաթիվ աշակերտներն ու հետեւորդները, հանրապետության եւ արտերկրի բժշկական հասարակությունը, բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Վ.Պ. Հակոբյանին, զգացել են նրա հոգատար, սրտացավ վերաբերմունքը, իրենց երախտագիտության եւ հարգանքի տուրքն են մատուցում անխոնջ մանկավարժին եւ հայրենասեր քաղաքացուն, որն իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերել է իր հայրենիքին ու ժողովրդին ծառայելու պատվավոր գործին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ