RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018



ՀԻՆ, ՆՈՐ, ՆՈՐԱՑՎԱԾ

Տեղադրվել է` 2018-04-29 00:45:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 5560, Տպվել է` 512, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԻԿՈԼԻ ԹՎԻ ՄՏՔԵՐԻՑ

ՆԱԻՐ ՅԱՆ

Սե՞ւ ես, թե սպիտակ, ոստիկա՞ն ես, թե ոչ ոստիկան, չա՞ր ես, թե բարի, բարիկադի ա՞յս կողմում ես, թե այն. մի քանի օրում հայաստանյան հասարակությունը բաժանվեց երկու բեւեռի: Առօրյա կյանքումՙ երկու տասնամյակից ավելի այս բաժանումը կար: Այդ բաժանման հետ համակերպված կամ չհամակերպված, դրանից բողոքելով կամ չբողոքելով ապրում էինք: Իշխող կուսակցության ղեկավարման, վարքագծի ու ինքնարտահայտման հատկապես վերջին մեկ տասնամյակը հասարակության համբերության բաժակը պռնկեպռունկ լցրեց: Վրադիրՙ ապրիլյան պատերազմը, երբ պարզվեց, որ մերն ամենեւին էլ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը չէ, իհարկե, սպառազինման առումով: Ապրիլյանն էլ իր հերթին ընդգծեց հասարակության իշխանավորների ու ժողովրդի միջեւ անջրպետը: Մենք սովոր էինք, որ կա հասարակության այս մի հատվածի համար նախատեսված թանձր իրականությունՙ վիրավորված ինքնասիրությամբ, նսեմացված արժանապատվությամբ, խոցված բարոյականությամբ, թանկ ապրուստով, կոմունալ ուռճացված վարձերով, առաջնագծում ծառայելու դատավճռով, բյուջեն լցնելու պարտավորություններով եւ այսպես շարունակ: Եվ կա չասենք հասարակության կամ հանրույթի, ասենքՙ ընտրյալների հատվածը, որի համար կա մեկ այլՙ հասարակության առաջին հատվածի ապրած իրականության հետ ոչ մի աղերս չունեցող մեկ այլ իրականություն: Եվ ուրմեն երկու իրականությունների բախումն ուշանում էր, բայց անխուսափելի էր: Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը: Նա խաղաքարտերը դրեց հասարակության ոտնահարված արժանապատվության, տասնամյաներով ձեռք բերված ընկճախտի, երկրում իշխող ՀՀԿ-ական ամենաթողության ու անպատժելիության համար պատասխանատու գլխավոր կերպարիՙ Սերժ Սարգսյանի նկատմամաբ համաժողովրդական ատելության վրա: Ինչքան էլ փշաքաղեցնող ու հակաքրիստոնեական է այս բառը, բայց այն, ինչ տածում է մեր հասարակությունը Սերժ Սարգսյանի նկատմամբ, իսկապես, ատելություն է: Ատելությունՙ մեկ անհատի նկատմամբ, որը, հասարակության համոզմամբՙ իր անտանելի կյանքի գլխավոր մեղավորն է: Ու քանի որ անկախության սերունդն ավելի ազատամիտ է, տարիքի բերումով իրադարձություններին ավելի բուռն ու էմոցիոնալ արձագանքող, ավելի հախուռն ու էնտուզիաստ, Նիկոլը խաղաքարտերը հենց ջահելների վրա էլ դրեցՙ հենվելով նրանց էներգիայի, առաջ մղվելու ձգտումների, նույնիսկ ինքնազոհության պատրաստակամության վրա: Սակայն այսաքնով հանդերձՙ միեւնույն է, անգամ նա չէր սպասում, որ իր նախաձեռնած քայլերթերն ու հանրահավաքներն այսքան բազմամարդ կլինեն: Անգամ քաղտեխնոլոգների կանխատեսած թվերը չէին գերազանցում մի քանի հազարը, լավագույն դեպքումՙ 15 հազար մարդ: Բայց հանրահավաքները ձնագնդիի սկզբունքով մեծացան ու հզորացան, դարձան ձնասար: Մի քանի տասնյակի հասնող հանրահավաքներում ահա թե ինչ տեսա:

Ես տեսա ճաշակով ու բրենդային հագնված հարյուրավոր երիտասարդ ընտանիքների. ամուսինները միասին ամսական ստանում են 2-3 հազար դոլար աշխատավարձ: Նրանք հրապարակ էին եկել ոչ թե հանուն Նիկոլի, այլ հանուն իրենց գաղափարների: Նրանց խնամված արտաքինը, խելացի հայացքները, երեխաների լուսավոր դեմքերը վկայում էին, որ ապրում են կյանքի բարձ արժեհամակարգովՙ մեծ ուշադրություն դարձնելով ինտելեկտի զարգացմանը, մեր երկրի ընդհանուր վիճակի հետ համեմատածՙ չունեն սոցիալական խնդիր, հավանաբար իրենց թույլ են տալիս տարին մեկ անգամ ճամփորդել եւ երեխաներին ուղարկել ոչ թե հանրակրթական, այլ մասնավոր վճարովի դպրոց: Նման ցուցարարների թափառիկ հայացքները սպասողական էին ու անհանգիստ: Հենց նրանք էին կազմում Նիկոլի հանրահավաքների սերուցքը: Ու բնական է, որ հենց նրանք էին գիտակցաբար, գաղափարապես մերժում Սերժին: Որովհետեւ նրանց ընդվզումը պատճառաբաված ու հիմնավորված էրՙ իրենք կիրթ, գրագետ քաղաքացի են, բանիմաց, որակյալ մասնագետ, այլ երկրներում կվարձատրվեին ոչ թե 2, այլ 20 հազար դոլար: Բայց որ ամենաէականն էՙ Սերժին ու առհասարակ Հայաստանի իշխանական ամբողջ համակարգին մերժելու նրանց դրդապատճառը սոցիալական խնդիրը չէր, այլ այն, որ իրենց հայրենիքում նրանք անհեռանկար, լճացած ապագա էին տեսնում: Նրանք ընդվզում էին օրինազանց, անպատժելի վարչակարգի դեմ, ուզում էին, որ իրենց երեխաներն ապրեն արժանապատիվ կյանքովՙ բարոյահոգաբանական առողջ մթնոլորտում, գնահատված ու կարեւորված ոչ թե միայն հարկերը վճարելիս կամ երբ ընտրություններ են, այլ ամեն օրՙ որպես ՀՀ ինքնաբավ քաղաքացի:

Ես տեսա փրփրուն, ոգեւորված, ծովը ծնկներից երիտասարդ ուսանողների, որոնք պատրաստ էին խորտակել ցուցարարի իրենց ճամփան փակող դեկանատներ ու ռեկտորատներ, պատրաստ էին հանուն Նիկոլի անգամ մահապարտ դառնալ: Նրանք ամենաբարձրն էին վանկարկում հավաքների կարգախոսը: Այս եռուն երիտասարդները երկու շաբաթ տան երես չէին տեսել, Նիկոլի երեսը մինչ ցույցերը տեսած չլինելովՙ հաշված օրերի ընթացքում նրան կուռք էին սարքելՙ մտքում երազելով, որ մի տասը տարի հետո իրենք էլ են մորուք պահելու, ուսապարկ կրելու, զինվորականի շապիկ հագնելու եւ փորձելու են իշխանափոխություն անել: Ու երանի՜ թե իրենց աջ ձեռքն էլ փշալարերը չէ, ավելի լավ էՙ ոստիկանի արձակած գնդակը վիրավորի, իրենք վիրակապ դնեն, փաթաթեն ու Նիկոլի պես շաբաթներով այն չհանեն, հերոսանան, աստվածանան, սրբանան:

Ես տեսա այս էնտուզիաստ, բոցավառ երիտասարդների հակառակ սեռինՙ աղջիկ տեսակին նույնպես: Ճիչըՙ բարձր, «Մերժիր Սերժին»-ըՙ անհագուրդ ու խրոխտ: Մանկությանս պատկերացումների լենինյան դրոշակակիր կամ կոմերիտուհի: Երազող աչքերով նայում էին ամբիոնի վրաՙ Նիկոլի կողքին կանգնած նրա կնոջըՙ Աննային ու մտքում ուրվագծում իրենց ընտրյալի նիկոլանման կերպարը: Եվ ուրեմն բոցավառ աչքերով, բոցաշունչ վանկարկումներով առանձնացող այսօրինակ հազարավոր աղջիկ-տղաներն անկասկած Նիկոլի քաղաքական անցյալի մասին ոչինչ չգիտեն: Դե ասենք, մի քանի տասնյակ հազարավոր ցուցարարներին այդ անցյալը չէր էլ հետաքրքրում. նրանք եկել էին ի դեմս երկրի իշխանությունների ու ղեկավարիՙ իրենց համար անընդունելի կերպարին հրապարակավ ո՛չ ասելու, ռեժիմից ազատվելու: Նրանց մեջ պռնկեպռունկ լցված այդ ատելությունն առաջացել է ոչ միայն տարեկիցների շրջանում, բուհում, բակում, բանակում, քաղաքում արժանի ու անարժանի, թիկունքովի ու անթիկունքի միջեւ անարդար ու անհավասար «մենամարտերից». այդ ատելության առաջին սերմերը գցվել են նրանց ընտանիքներում: Իսկ համաձայնեք, որ հատկապես վերջին տասնամյակում հասարակ մահկանացուներս իրավունք ու պատճառ ունենք մինչեւ մեր հոգու խորքը բողոքելու երկրիս իշխանությունների իշխանավարությունից: Եվ ուրեմն Նիկոլը հենվեց քաղաքականապես ոչ հասուն հենց այս էնտուզիաստների թվաքանակի ու մինչեւ վերջ գնալու պատրաստակամության վրա: Այստեղ հիշենք Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմը:

Ես վերհիշեցի Լեւոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննսիյանի տապալված ցույցերի խաբված մասնակիցներինՙ միջին ու հատկապես ավագ սերունդ, որի երազանքներն առավելապես կապված էին կենսաթոշակները մի-երկու հազար դրամով բարձրացնելու, ամիսը գոնե մեկ անգամ միս ուտելու պայմանական բարեփոխումների հետ: Ի դեպ, հենց Նիկոլին բռնեցին, Րաֆֆին եկավ, իր մասին հիշեցրեց: Նա իհարկե չգրավեց բացակա Նիկոլի տեղը, թեեւ շատ կուզենար: Նիկոլի բացակայությունից փորձեց օգտվել Զարուհի Փոստանջյանը: Բայց դե իր ամուսնուն «ծախված» որակած Փոստանջյանին Նիկոլի կին Աննան չներեց ու բարձրախոսը մեծ ջանքերի գնով խլեց նրա ձեռքից: Սա, իմիջիայլոց, նախկին ու ներկա ընդդիմադիրների մասին: Եվ ուրեմն Րաֆֆիի ու Տեր-Պետրոսյանի հետ այլեւս ոչ մի հույս չկապող միջին ու ավագ սերունդը սկսեց սեփական որդու չափ սիրել Նիկոլին: Ես տեսա այդ ծնողական անկեղծ սերը: Միգուցե Նիկոլի կերպարը նրանց երազանքների տրամաչափը մի քիչ ավելացրել էՙ արդեն ոչ թե մի-երկու հազար դրամով, այլ միանգամից 5 հազար դրամով բարձրացած թոշակ եւ միսՙ ամիսը ոչ թե մեկ, այլ երկու անգամ:

Ես տեսա, որ Նիկոլը ջարդեց ընդդիմադիր քաղաքական գործչի, ցույցեր նախաձեռնողի դասական կարծրատիպըՙ ոչ թե կոստյում ու փողկապ, այլ զինվորականի շապիկ, ուսապարկ, կեպի գլխարկ: Ոչ թե «թող օգնականներս հանրահավաքը կազմակերպեն, ես հետո որպես շեֆ կգամ ու հարմարավետ ամբիոններից իմ բոցաշունչ ելույթը կունենամ»: Ո՛չ, Նիկոլը ճիշտ հակառակն արեց. հանրության վսատահությունը շահելու նրա խաղաքարտերից մեկը ցույց տալն էր, թե ես ձեզանից մեկն եմ, հագնվել եմ ավելի հասարակ ու էժան, քան դուք, քայլում եմ ձեր կողքով. մենք նույն հարթության վրա ենքՙ փողոցում ու ես չեմ խորշում դրանից: Նա իր հանրահավաքներին անգամ ձայնային հզոր տեխնիկա չօգտագործեց. ու սա դարձյալ քաղաքական տեխնոլոգիա էրՙ ինձ լսելու համար դո՛ւք, ձեզնից յուրաքանչյուրն ինքնակամ կջանա ավելի մոտ կանգնել ինձ, հավաքվել, խտանալ, լսողությունը լարել, որպեսզի իմ ամեն բառը փորձի լսել: Սա հոգաբանական գործոն է: Նիկոլն այդպես էլ չփոխեց իր իմիջը, անգամ ձեռքի փաթաթանը չհանեց: Այդպիսով նա ստեղծեց միայն իրեն հատուկ ու ազդեցիկությամբ անգերազանցելի, տպավորիչ կերպարՙ ազգի փրկչի, հեղափոխականի, չարին հաղթած բարու ինքնակերտ կերպար: Թեեւ պետք է նշել, որ այդ կերպարի կերտման մեջ ակամայից իր ներդրումն ունեցավ նաեւ Սերժ Սարգսյանը: Բերման ենթարկվելու պահից սկսածՙ մինչեւ ազատ արձակում, ամեն րոպե Նիկոլն ավելի ու ավելի հերոսացավ: Նրա որպիսության մասին հասարակությունն ավելի մտահոգ էր, քան սահմանին կանգնած զինվորների: Ու կալանավայրից Նիկոլը դուրս եկավՙ որպես մեր ժամանակների հերոս, որպիսին համենայն դեպս անկախության շրջանում չէինք ունեցել:

Ես տեսա երեխաների, որոնք ծնողներին նմանակելովՙ անգիր արած կրկնում էին «Քայլ արա, մերժիր Սերժին»: Նրանք հաստատ ճանաչում են ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ Կարեն Կարապետյանին, Գալուստ Սահակյանին, Գագիկ Ծառուկյանին եւ էլի շատ ու շատ քաղաքական դեմքերի: Բայց, օրինակ, Հովհաննես Թումանյանին, Գրիմմ Եղբայրներին, Անդերսենինՙ դժվար թե: Այ այսպիսի քաղաքականացված մանկություն ունեն մեր երեխաները, իհարկե, ոչ լավ օրից: 9 տարեկան աղջկաս համադասարանցի տղան մորը հարցրել է. «Մամ, ինձ 9 տարի մնաց ապրելու, չէ՞»: «Ինչպե՞ս թե, բալես, ինչո՞ւ 9 տարի»,- սարսափել է մայրը: «Դե 9 տարի հետո բանակ եմ գնալու»: Պարզվեցՙ այդ տարիքի երեխաներից շատերն են այսպես մտածում:

Ես տեսա նաեւ դասադուլի մասին դասագրքերում կարդացած ու առաջին անգամ դասադուլին իրական մասնակցած պատանիների, որոնք նույնպես բավականաչափ քաղաքականացված են: Պատանիներն էլ ուսանողների նման հույսեր չեն կապում իրենց հայրենիքի հետ, թե այստեղ լավ ապագայի նախադրյալներ կան: Հարցախույզ արեք ու կհամոզվեքՙ միջակ սովորողից մինչեւ պատանի Նյուտոն, բոլորի գերնպատակը հետագա կրթությունն ու կյանքն արտասահմանում դասավորելն է: Ու այդպես են նրանց ուղղորդում հենց նրանց ընտանիքում: Ուրեմն եւ ծնողները դեմ չէին, որ իրենց անչափահաս զավակները պայքարեն արմատական իշխանափոխության համար:

Ես տեսա մաքուր, ազնիվ, սեփական արժանապատվությունը, ազգային արժեքներն ամեն ինչից վեր դասող հրաշք-բազմության: Նրանք փողոց ու հրապարակ էին դուրս եկել ոչ թե հանուն Նիկոլի, այլ իրենց աննկուն կամքը, ոգին, արդար խոսքը վերջապես լսելի դարձնելու համար: Նրանք մեր երկրի շարժիչ ուժն են, պետականության, քաղաքացիական հասարակության կորիզը: Նրանք իրենց խնդիրների, ճնշված ինքնասիրության, անարդարությունների մասին չեն թմբկահարում, նրանք սիրում են իրենց հայրենիքը, ուզում են այստեղ ապրել, բայց իրենց օտարված, ավելորդ չզգալ:

Հին հեքիաթներում թագավորները դերվիշի շորեր հագածՙ հաճախ էին դուրս գալիս, մտնում ժողովրդի մեջ ու պալատականների թաքցրած ճշմարտությունները, իրական իրականությունն այդ կերպ բացահայտում: Ես դերվիշի շորերով թագավոր չտեսա հանրահավաքների ժամանակ, բայց կուզեի տեսնել: Կուզեի, որ ոչ ոք հանկարծ ու հանկարծ չհամարձակվեր շահագործել բազմահազար երիտասարդների ազնիվ մղումները, մաքուր երազանքները, հավատն ու նվիրումն իրենց պայքարին ու հաղթանակին: Կուզեի, որ հանկարծ ու հանկարծ որեւէ մեկը համազգային ընդվզման ալիքը չծառայեցներ իր հակապետական, հակաազգային, բայց սեփական շահերին: Կուզեի, որ այս շարժումը հանկարծ ու հանկարծ ուղղորդված չլիներ ներսի կամ դրսի մութ ուժերի կողմից: Ու նաեւ կուզեի, որ Օմար Խայամի քառյակի ու իմ երկրում տիրող իրավիճակի միջեւ ոչ մի ընդհանրություն չլիներ:

Հավերժության գաղտնիքը մութ ոչ դու գիտես եւ ոչ էլ ես,

Ոչ դու կարող ես վերծանել գրերն այս մութ եւ ոչ էլ ես:

Իրականըՙ քողի ետեւ զրույցն է միայն,

Երբ քողն ընկնի, էլ չենք լինի այս աշխարհում ոչ դու, ոչ ես:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ