RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018



Տեղադրվել է` 2018-04-29 00:45:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 5752, Տպվել է` 477, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԻԿՈԼ ՓԱՇԱ՞

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ ընկեր Բ. Փանջունին փոքրիկ երեխա էր, ամեն ինչ քանդում էր: Երբ փոքրիկ Փանջունիին հարցնում էին, թե ի՞նչ է անում, նա ասում էրՙ շինում եմ:

Հիմա, ինչպես հասկանում ենք, Նիկոլ Փաշինյանը շինում է մեր երկիրը: Նա հենց այդպես էլ ասում էՙ բավական է, որքան շինեց ՀՀԿ-ն, հիմա իմ շինելու ժամանակն է: Ու ժողովրդի հետ, որի թվի մասին դեռ կխոսենք, շրջում է թաղիցՙ թաղ ու շինում: Օրինակ, երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, ես Աբովյան պուրակում էի, հիվանդանոցի մոտ: Հիվանդներն իրենց սենյակների պատուհաններից թաշկինակներ էին թափահարումՙ ողջունելով քաղաքի տոնական իրարանցումը: Հիվանդները, նրանքՙ ովքեր որպես կանոն տանել չեն կարողանում աղմուկը: Սա եւ առհասարակ ապրիլի 23-ի Երեւանը թերեւս լավագույն գնահատականն էՙ Սերժ Սարգսյանի իշխանության տարիների, եթե հարցին ռոմանտիկ մոտենանք:

Բայց եթե մի կողմ դնենք ռոմանտիկան, ապա վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցավ միայն երկու ուշագրավ բան: Սերժ Սարգսյանը հրաժարական տվեցՙ ընդունելով, որ ինքը սխալվել է, եւ Հանրապետությանՙ լեփ-լեցուն հրապարակը բղավեցՙ Նիկոլ-Նիկոլ-Նիկոլ: Հիմա, ինչպես պնդում են նրանք, ովքեր վստահ են, որ այս ամենը նախօրոք պատրաստված սցենար չէր, պայքարի վերջնական փուլն է: Ճիշտ է, այդ նույն մարդիկ չեն բացատրում, թե իրենք որտեղի՞ց գիտեն, որ սա պայքարի վերջնական փուլն է, եթե ամեն ինչ նախօրոք ու մանրամասն մշակված չէր: Ինչեւէ: Ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասումՙ հիմա ժողովուրդը պահանջում է, որ ՀՀԿ-ն էլ հեռանա, դե այսինքն իշխանությունն անցնցում հանձնի ժողովրդի կողմից ընտրված վարչապետին, որը կկազմի ժամանակավոր կառավարություն, հետո ԱԺ-ն, որին ամենեւին էլ ժողովուրդը չի ընտրել, կլուծարվի, կնշանակվեն նոր ԱԺ ընտրություններ, ժողովուրդը կընտրի խորհրդարան, որն էլ իր հերթինՙ վարչապետ: Սա, ինչպես ասում են, ժողովրդի օրակարգն է:

Ես իհարկե ներողություն եմ խնդրում ժողովրդից, բայց օրինակ եթե մեկ այլ ժողովրդի, ասենքՙ շվեդներին ասենք, որ հայ ժողովուրդը պահանջում է ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, ապա մարդիկ բարձր կծիծաղեն, չնայած այն հանգամանքին, որ շվեդները որպես կանոն բարձր չեն ծիծաղում: Բացատրեմ, ՀՀ Սահմանադրությունը, որի դեմ, կարծես թե ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ ժողովուրդը որեւէ բան չունեն, սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետին ընտրում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, ընդ որում, վարչապետի թեկնածու կարող է առաջադրել միայն խորհրդարանում մեծամասնություն կազմած ուժը (լինի դա առանձին կուսակցություն, թե կոալիցիա): Այսինքն ՀՀ Սահմանադրությունը չի սահմանում, որ վարչապետին ընտրում է ժողովուրդը, բայց եթե անգամ սահմաներ, ի՞նչ է նշանակում ժողովրդի կողմից ընտրված վարչապետ: Ժողովուրդը որքա՞ն է: Եթե հավատանք ՀՀԿ-ին, 3 միլիոնից մի փոքր ավելին, եթե հավատանք սեփական աչքերինՙ շուրջ 2 միլիոն, այսքանից քանի՞ տասնյակ, լավՙ հարյուր հազարն են Հանրապետության հրապարակում «Նիկոլ» բղավել: Հարյո՞ւր, երկու հարյո՞ւր, լավ կես միլիոնը...քիչ չէ՞, որպեսզի ժողովուրդ կոչվի: Գուցե Նիկոլ Փաշինյանի կարծիքով ժողովրդի այն հատվածը, որը «Նիկոլ» չի բղավում, ժողովուրդ չէ՞, բայց սա դեռ ոչինչ, գուցե Հանրապետության հրապարակում հավաքվածՙ լավ կես միլիոն ժողովրդի համար մյուսները ժողովուրդ չե՞ն:

Եթե են, եթե ժողովուդրը իսկապես ուզում է, որ հենց Նիկոլը դառնա ՀՀ վարչապետ, որ քայլ անի ու մերժի Իլհամ Ալիեւին, ապա ինչո՞ւ է Նիկոլը վախենում ՀՀԿ-ի օրոք անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններից, որոնց պատրաստակամությունն ի դեպ, հայտարարեց Կարեն Կարապետյանը: Թող լինեն այդ ընտրությունները, եւ թող ժողովուրդը, որը հիշեցնեմ Նիկոլին ուզում է վարչապետ կարգել, գնա ընտրության, չվերցնի 10 հազար դրամը, ու իր ձայնը տա Նիկոլի կուսակցությանը, որն էլ կհաղթի, եթե ժողովուրդը նրա հետ է, խորհրդարանում կկազմի մեծամասնություն ու Նիկոլին կառաջադրի վարչապետի թեկնածու ու այդ ժամանակ նույնիսկ Շարմազանովն ու Արտաշես Գեղամյանը Նիկոլին կընտրեն:

Եթե ՀՀԿ-ն արտահերթը անցկացնի, հենց ինքն էլ կհաղթի՞, է, բա եթե ժողովուրդը միասնական է, համախմբված, մեծիցՙ փոքր Հանրապետության հրապարակում «Նիկոլ» է բղավում, այդ ինչպե՞ս պետք է ՀՀԿ-ն հաղթի... Եւ ուրեմն, եթե Նիկոլ Փաշինյանը չի համաձայնում ՀՀԿ-ի առաջարկած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ուրեմն Նիկլոլը վախենում է, որ ժողովուրդը, այս դեպքումՙ մեծամասնությունը, իրեն չի ընտրելու, դրա համար էլ, քանի դեռ ժողովուրդ ասելով հասկացվում է Հանրապետության հրապարակիՙ լավ կես միլիոնը, որ «Նիկոլ» է բղավում, հրաշալի պահ էՙ վարչապետ դառնալու համար: Պահ կամ առիթ:

Մյուս կողմից, չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի չի վստահում ժողովրդին, այսինքն ինքը համոզված է, որ եթե ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններ անի, ժողովուրդը դավաճանելու է իրեն, բայց եթե առաջնորդը չի վստահում ժողովրդին, ժողովուրդն իրավունք ունի չէ՞ դա իմանալ:

Ի դեպ, առաջնորդի մասին: Ժողովրդական վարչապետ տերմինը ըստ ձեզ լավ է հնչո՞ւմ: Ասենք որքանո՞վ է այն տարբերվում ժողովրդի հայր, կամ առհասարակ հայր տերմինից: Իմ կարծիքովՙ ոչնչով, ես նաեւ կարծում եմ, որ եթե որեւէ մեկը գալիս է իշխանության (թեկուզ ժամանակավոր, թեկուզ սրիկաներին տապալելով) Սահմանադրույան խախտմամբ, ապա նա ոչնչով լավը չի լինելու իր նախորդներից, որոնց դեմ պայքարում էր, քանի որ նրանք Սահմանադրություն էին խախտում: Ամեն դեպքում, հարգելի ժողովուրդ, ժողովրդական լինում է, օրինակ երգը, կամ պարը, կամ հեքիաթները, ...բայց ոչ երբեք առաջնորդը: Որտեղ առաջնորդը դարձավ ժողովրդական, այդտեղը կոչվում է բռնապետություն:

Հա, մի բան էլ. երբ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, նա պահպանելո՞ւ է ուժեղ վարչապետի ինստիտուտը, որը ստեղծվեց հատուկ Սերժ Սարգսյանի համար, թե՞ ինքնակամ հրաժարվելու է իր լիազորությունների մի մասից: Նման բան ասել է՞...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ