ԲԱՐՁՐԱՑՆԵՆՔ ՌՈՒՍԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՅԱՆՔՈՒՄ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա Եվ այսպես Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետՙ ղեկավար: Սփյուռքահայերի, այդ թվում նաեւ ռուսահայերի համար խիստ շահեկան էին Փաշինյանի հավաստիացումները հայրենի երկրում բիզնեսի համար արդարացի պայմաններ ստեղծելու հարցում: Որպես Ռուսաստանում երկար տարիներ ապրած մարդ կարող եմ վստահաբար ասել, որ ռուսահայ շատ բիզնեսմեններ միշտ էլ մեծ ցանկություն են ունեցել ներդրումներ կատարել Հայաստանում, սակայն հիասթափվել են, բախվելով հայրենիքում բուն դրած հրեշավոր կոռուպցիայի, չինովնիկների շահախնդրական կամայականությունների հետ: Մնում է միայն, որ Փաշինյանը կարողանա իրագործել իր մտահղացումները: Ընդսմին, ռուսահայ համայնքի հնարավորությունները իրոք մեծ են: Սակայն այս թեմայով խոսակցությունը կուզենայինք սկսել առաջին հայացքից անսովոր մի դիտարկումով: Ռուսաստանում եւ Հայաստանում տեղի ունեցող բեկումնային քաղաքական իրադարձությունների ժամանակ էական մի տարբերություն է նկատվում: Նման պարագայում իրենց երկրում ռուսները պարտադիր «հրեական հետք» են փնտրում: Նույնիսկ այս օրերին, երբ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին ցույցեր էր կազմակերպում «Ցար Պուտինի» դեմ, «առկա էր» հրեաների ակտիվ դերը այդ ընդվզումներում: Հայաստանում քաղաքական բզկտումների ժամանակ բոլոր կողմերում էլ հայեր են, եթե նույնիսկ դրսից են, ապա ուրեմն սփյուռքահայեր են: Նույնիսկ Շարմազանովն էլ է հայ: Լավագույն դեպքում որոշ հերոսներ կարող են տեղայնացվել ըստ ծննդավայրի, ոչ ավել: Հրեական կամ այլ գործոն համենայն դեպս չկան: Բայց որ հրեաներըՙ հրեական համայնքը իսկապես հսկայական դեր են խաղում Ռուսաստանի քաղաքական-տնտեսական կյանքում, աներկբա է: Լավ թե վատ, դա ուրիշ հարց է: Ընդ որում, սա ասելով, բնավ էլ պարտադիր չէ, որ դու մեղադրվես անտիսեմիտիզմի մեջ: Պարզապես փաստն ես արձանագրում: Նույնիսկ մեր օրերում, երբ Իսրայելը պարբերաբար օդային հարձակումներ է գործում Սիրիայի ռազմական օբյեկտների վրա, ռուսները դրա մեջ էլ են հրեական «նենգ» խաղեր տեսնում ռուս-ամերիկյան առանց այն էլ գերլարված հարաբերությունները էլ ավելի փչացնելու գործում: Բավական հաճախ բանը հասնում է նույնիսկ ծայրահեղությունների: Անգամ Թրամփի հակասական շատ գործողություններ ռուսները շաղկապում են ամերիկյան հզորագույն հրեական լոբբիի եւ Իսրայելի հետ: Հատկապես ներկա Արեւմուտք-Իրան խրթին հարաբերությունների պայմաններում: Անշուշտ հրեաներն իրենց բավարարված կզգային, եթե տապալեին Ասադին եւ Սիրիան կրկին հետ շպրտեին քաոսային իրավիճակի, լեգիտիմացնեին Գոլանի բարձունքները եւ առհասարակ քայլ առ քայլ իրականացնեին Նեղոսից մինչեւ Եփրատ Մեծ Իսրայել ստեղծելու իրենց մշտնջենական երազանքը: Սակայն այդ ճանապարհին, ռուսների կարծիքով, Իսրայելը այնուամենայնիվ չի կարող անտեսել Ռուսաստանի հետ ռազմական բախման հավանականությունը, ինչը կարող է ճակատագրական լինել առաջինի համար: «Իսրայելի համար շատ ավելի անվտանգ է, գրում է «Զավտրա» թերթը, ոչ թե մենամարտել Ռուսաստանի հետ, այլ իր շահերն իրագործել ներռուսաստանյան համայնքի միջոցով, որը մեր երկրում առանցքային դիրքեր ունի այն բոլոր ոլորտներում , որոնք վերաբերում են (ուշադրություն դարձրեք. Ռ.Հ.) պետության ազգային անվտանգությանն ու նրա ստրատեգիական զարգացմանը: Դրանք ենՙ իշխանական կառույցները, էկոնոմիկան, ֆինանսները, մշակույթը, կրթությունը,քաղաքականությունը, ԶԼՄ-ները, հասարակական ու ոչ կառավարական կազմակերպությունները»: Թերթի կարծիքով, պատերազմ հրահրելու դեպքում ռուսաստանցի հրեաների դիրքերը մեկ ակնթարթում կարող են կորսվել, քանի որ ոչ մի իրեն հարգող պետություն չի կարող պատերազմական պայմաններում հանդուրժել նման «հինգերորդ շարասյուն» իր կարեւորագույն ստրատեգիական ճյուղերում: Այդ դեպքում ինչո՞ւ չգործել Ամերիկայի միջոցով: Ասվածի մեջ գլխավոր ուշադրությունը կենտրոնացնենք հենց «հրեական համայնք» գործոնի վրա: Նացիոնալիստական «Զավտրա» թերթը բնավ էլ չի չափազանցեցնում հրեաների հիրավի ազդեցիկ դերը ռուսաց պետության վերոնշյալ ասպարեզներում: Իսրայելի բոլոր ղեկավարները, տարբեր առիթներով լինելով Մոսկվայում, պարտադիր քաղաքի խոշորագույն հանդիսասրահներում հանդիպում են իրենց ազգային համայնքի ներկայացուցիչների հետ, խորհրդակցում են նրանց հետ, «ցուցումներ» տալիս: Պետք է միայն տեսնել, թե ովքեր են այդ «ներկայացուցիչները»: Ռուսաստանցի հրեա մեծահարուստները հաճախ են խմբովին «ուխտագնացություն» կազմակերպում դեպի Ավետյաց երկիր: Զարմանալի համառությամբ եւ ունակությամբ մարդկային այս ցեղը կարողանում է պաշտպանել իր ազգային գերակա շահերը: Եվ այս ֆոնի վրա նույնիսկ դժվար է համեմատություններ անել ռուսահրեա եւ ռուսահայ համայնքների միջեւ: Այսօր Ռուսաստանում ավելի շատ հայություն է ապրում, քան հայրենիքում, ինչը հազիվ թե դուրեկան փաստ է: Առիթներ են եղել նշելու, որ Հայաստանում հնչողՙ«ապազգայնացված ու ձուլվող» համայնքի վերաբերյալ մտայնությունները սկիզբ են առնում տակավին խորհրդային տարիներից, երբ Ռուսաստանում պաշտոնապես չկար հայ ազգային կյանքը: Հիմա շատ բան է փոխվում եւ հատկապես Հայաստանից արտագաղթածների շնորհիվ ազգային կյանքը վերելք է ապրում: Ուրիշ հարց է, որ մինչ այժմ Հայաստանի ղեկավարության ու ռուսահայ համայնքի հարաբերությունները աչքի չեն ընկել առանձնակի ջերմությամբ ու ակտիվությամբ: Մինչդեռ մենք էլ Ռուսաստանում ունենք բազմաթիվ աչքի ընկնող անհատներ ամենատարբեր բնագավառներում: Սակայն մենք ճանապարհ ունենք անցնելու գոնե սկզբունքային հարցերում միասնական ամբողջություն դառնալու համար: Եվ իհարկեՙ հայրենիքի հետ ունեցած առնչություններում: Ըստ իս, Հայաստանի նոր ղեկավարությունը ճիշտ կվարվի, եթե հատուկ ուշադրություն դարձնի ռուսահայ համայնքին: Հայաստանի ներդրումային քաղաքականությունը, առանց չափազանցության, թռիչք կկատարի, եթե Նիկոլ Փաշինյանին իրոք հաջողվի բիզնեսի համար ստեղծել խոստացած արդարացի պայմանները: Սա շատ բարդ խնդիր է, որ շատերին չի հաջողվում: Կոնկրետ ռուսահայերի վերաբերյալ կարծում են մեծ լումա կարող է ներդնել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը եւ մասնավորապես «Ազգի» բարեկամ դեսպան Վարդան Տողանյանը: Գուցե անհրաժեշտություն զգացվի ընդլայնել դեսպանության, այսպես ասած, տնտեսական բլոկը, որը հնարավորություն ստեղծի ակտիվ գործունեություն ծավալել հայկական (եւ ոչ միայն) գործարար շրջանակներում, նրանց մոլորյալ հայրենիքի տնտեսական կյանքին մասնակից դարձնելու նպատակով: Հ.Գ. Նրբանկատ մի նկատառում: Հարգելի պարոն վարչապետ: Ընդդիմադիր գործունեության ընթացքում դուք հաճախ էիք սարկազմի ենթարկում Սերժիկ եւ Սաշիկ անունները, դրանք դիտելով որպես ինտելեկտուալ թուլության արգասիք: Սոցցանցերում, սակայն, գոհունակություն չի արտահայտվում նաեւ ձեր հայրանվան կապակցությամբ: Փառք աստծո, ձեր հայրը ողջ-առողջ է եւ կարող է փոխել իր անունը: Ցանկալի կլիներ, որ առնվազն Ռուսաստան մեկնելուց առաջ հանդես գայիք նոր հայրանունով: Ես կառաջարկեի հետեւյալ տարբերակըՙ Նիկոլ(այ) Վարդանի Փաշինյան: |