RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018



Տեղադրվել է` 2018-05-19 09:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1516, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄԵՆ ԻՆՉ ԲԱՑԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ

Հ. ԱՖՅԱՆ

Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչ կանեիք, եթե մեկ օրով հայտնվեիք Բաղրամյան 26-ում, հենց այնպես չէՙ որպես երկրի վարչապետ: Նիկոլ Փաշինյանն, օրինակ, որը հիշեցնեմ, Հայաստանի վարչապետն է, առաջին օրը Բաղրամյան 26-ում անցկացրեց բավականին ուրախ: Նա նախ ընդունեց ԱԱԾՙ արդեն նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին, լսեց նրա զեկույցը, ապա ընդունեց ՊՆՙ կրկին նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանին, նրա զեկույցն էլ լսեց, իսկ երեկոյան, իր մտերիմներով հավաքված, ուղիղ եթեր մտավ իր իսկ հեռախոսովՙ հենց Բաղրամյան 26-իցՙ Հայաստանի բոլոր հպարտ քաղաքացիներին ցուցադրելով նախագահիՙ հիմա արդեն վարչապետի նստավայրըՙ սենյակներից մինչեւ խոհանոց: Ավելինՙ հայտնվեցին վարչապետի նստավայրի շոկոլադների լուսանկարները, որոնք ոսկեգույն փաթեթավորված էինՙ վրան ՀՀ զինանշանը: Մի խոսքով, ամբողջ ժողովուրդն իմացավ, որ Բաղրամյան 26-ն իրականում այդքան փակ տեղ չէ, որքան դրա մասին խոսում էին, ավելինՙ այնտեղ հնարավոր է անցկացնել հրաշալի երեկոներ, ինչպես օրինակ Սպիտակ տանը, կամ Ելիսեյան պալատում, որոնց ներսը տեսնելն ամենեւին էլ առանձնահատուկ բան չէ, ամեն դեպքում ոչ ամերիկացիներն են զարմանքից քարանում, երբ Սպիտակ տան սենյակներն էկրանից բացվում են իրենց առջեւ, ոչ էլ ֆրանսիացիներն են անհանգստանում, որ Մակրոնը կարող է ուղիղ եթերում բացել Ելիսեյան պալատում գտնվող գաղտնի փաստաթղթերը:

Այնպես որ Փաշինյանի կոնկրետ այս քայլն իմ կարծիքով լավ է: Այլ հարց է, որ մենք, կամ մեզանից շատերը սրան պատրաստ չենք: Շատերի կարծիքով երկրի ղեկավարի կացարանը, նստավայրը պետք է փակ լինիՙ լայն մասսսաների տեսադաշտից, քանի որ այն Ծիծեռնակաբերդի պես սուրբ վայր է: Ճիշտ է, այդ մարդիկ չեն ասում, թե ինչո՞ւ կարելի է Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին սելֆի անել, բայց Բաղրամյան 26-ում չի կարելի, բայց ոչինչ: Մենք մի տեսակ չտես ենքՙ պաշտոնական բաց շենքերի հանդեպ: Մենք սովոր ենք, որ երկրի ղեկավարը պետք է խոսի բացառապես թղթից, ընդ որում այնպես, կարծես առաջին անգամ է տեսնում այդ թուղթը, որ նրա ուղերձները պետք է նախ մանրակրկիտ խմբագրվեն, սրբագրվեն, ապա մամուլի քարտուղարը որոշի ո՛ր մասերը հրապարակել, որոնքՙ ոչ, մենք սովոր ենք, որ երկրի ղեկավարը չի կարող ուղերձ հղելիս, կամ պարզապես խոսելիս խիստ մարդկայնորեն հազալ, կմկմալ, մի խոսքով... Մենք ազատության չտես ենք: Այս համատեքստում Փաշինյանի մուտքըՙ Բաղրամյան 26 եւ նրաՙ այնտեղ անցկացրած առաջին երեկոն հույս է տալիս, որ երկրի ղեկավարի նստավայրը մեզ համար այլեւս չի ընկալվի Նուբարաշեն ՔԿՀ-ի պես մի վայր, երբ բոլորս գիտենք որ այն կա, որտեղ է, ինչ արտաքին տեսք ունի, բայց ներսից ոչ մեկս չի տեսել, ավելինՙ տեսնել չի կարելի:

Բայց վարչապետի ուղղաթիռը, որով Փաշինյանը մեկնեց ու վերադարձավ Ստեփանակերտ, Բաղրամյան 26 չէ: Հիշեցնեմ, որ այդ ուղղաթիռից էլ վարչապետ Փաշինյանը ուղիղ եթեր մտավՙ Երեւան վերադառնալու ճաապարհին, պատմեց իրՙ Արցախ այցի մասին որոշ բաներ, կադրում երեւաց ուղղաթիռի ներսը, մարդիկ, ովքեր այնտեղ էին, իսկ այնտեղ բավականին հետաքրքրական մարդիկ էին, օրինակ Սասուն Միքայելյանն ու ՊՆ ԳՇ պետ Մովսես Հակոբյանըՙ կողք կողքի: Սա արդեն ազատություն չէ: Իհարկե շատերիս է հետաքրքրում, թե ինչ տեսք ունի վարչապետի ուղղաթիռըՙ ներսից, բայց բոլորս գիտենք որ Հայաստանը չավարտված պատերազմի մեջ է, իսկ երկրի առաջին դեմքը պարզապես իրավունք չունի ուղիղ եթեր մտնել իր ուղղաթիռից, քանի որ հակառակորդը, որն այս օրերին, ինչպես Փաշինյանն անձամբ է համոզվել Արցախում, բավականին ակտիվ է, կարող է ուղիղ եթերի ընթացքում հստակ իմանալ, թե որտեղ է գտնվում ՀՀ առաջին դեմքի ուղղաթիռը, որտեղ բացի վարչապետից նաեւ ՊՆ ԳՇ պետն է (ՊՆ ղեկավարի փաստացի հրաժարականի ֆոնին), իսկ երբ այս մասին հակառակորդն իմանա... Մի խոսքով, խնդրում ենք պարոն վարչապետ Փաշինյանին այսուհետ երբեք ուղիղ եթերներ չմտնել վարչապետի ուղղաթիռից, բայց շարունակել դա Բաղրամյան 26-ից: Օրինակՙ ո՞վ է ՀՀ վարչապետի համար կերակուր պատրաստում, որտե՞ղ, ի՞նչ գրքեր է կարդում ՀՀ վարչապետը, կարդո՞ւմ է, որտե՞ղ է նստում նա, երբ մտածում է երկրի ապագայի մասին, մտածո՞ւմ է... Բաղրամյան 26-ում իսկապես շատ բան կա ցուցադրելու, բայց ավելի շատ բան ունի ցուցադրելու ՀՀ վարչապետը, ցուցադրելու կամ ապացուցելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ