RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018



ԱՆՑՅԱԼԻՑ

Տեղադրվել է` 2018-05-19 09:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1796, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ` 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ

Հայոց մեծ հաղթանակների (Ավարայր, Մեծ հայրենական, Շուշի) Մայիսի ու համաժողովրդական ոգեւորության ալեբախումների ընդհանուր ետնախորքի վրա կրկին ու կրկին անհրաժեշտություն է զգացվում գնահատել ու ամենայն պատասխանատվությամբ արժեւորել մեր պետականությունը` որպես բարձրագույն արժեք, որպես համազգային ոգու, նվիրումի ու մաքառումների արդյունք, որպես հայոց գոյի, տեսակի ու գալիքի երաշխիք: Ակամա մտաբերեցի մարդկային ցեղի ու հասարակական երեւույթների հայտնի «Սպիրալաձեւ զարգացման» տեսությունը: Համաձայն որի բոլոր ժամանակներում բոլոր երեւույթները կրկնվում են նոր մակարդակներում:

Մարդկային ճերմակ հեղեղով բերնեբերան լցված Հանրապետության հրապարակում շատ դանդաղ առաջանալիս ակամա «մտաբերեցի» Հայաստանի Առաջին հանրապետության հռչակման օրերին ողջ հայությանը պատած ոգեւորությունը: Փառք տիրոջը, փոփոխություններն այս անգամ համեմատելի չեն նույնիսկ: 1918-ին ցեղասպանված, սոված ու տկլոր հայությունն էր ոգեւորվել անկախության փաստով, իսկ այսօր` երկու հազար տարի անընհատ զիջելուց ու փոքրանալուց սթափված` Արցախյան հաղթանակը կռած, ինքն իրեն ու բոլոր կաշկանդող խոչընդոտները հաղթահարած նոր, երիտասարդ հայը:

Պատմաբանիս համար հոգեհարազատ «Սպիրալաձեւ զարգացման» տեսության դիտակետից նայելով էլ անհրաժեշտ համարեցի շատ հակիրճ խոսել Առաջին հանրապետության մասին:

Ռուսաստանում 1917 թ. Փետրվարյան «մեծ ու անարյուն» հեղափոխության հաղթանակից հետո, իշխանության հին կառույցների վերացումը եւ նորերի ստեղծումն առաջ բերեցին խառնաշփոթ ու խիստ անկայուն վիճակ: Հեղափոխության մեղրամիսը կարճ տեւեց եւ Ժամանակավոր կառավարության նշանակած Անդրկովկասյան հատուկ կոմիտեն (ՕԶաԿոմ, նախագահ` Խառլամով) շատ արագ հեղինակազրկվեց: Ստեղծված խառը կացությունից ելք գտնելու նպատակով հայ ազգային կուսակցությունները հրավիրեցին Արեւելահայերի 1-ին համագումարը, որը տեղի ունեցավ 1917թ. սեպտեմբերի 28-հոկտեմբերի 3-ը Թիֆլիսում:

Համագումարը, որի պատվիրակների կեսից ավելին ՀՅ Դաշնակցություն կուսակցության անդամներ էին, քննության առավ արտաքին ու ներքին բնույթի (ինքնապաշտպանության, գաղթականության, պարենավորման եւ այլն) մի շարք կարեւոր խնդիրներ: Վերջում բազմակուսակցական սկզբունքով ընտրվեց Հայոց (կենտրոնական) ազգային խորհուրդ (այսուհետեւ` ՀԱԽ): Խորհրդի նախագահ ընտրվեց հասարակական-քաղաքական գործիչ, գրող Ավետիս Ահարոնյանը: Նշենք, որ պատմական դեպքերի բերումով համախորհրդակցությունը ստեղծելով համազգային միասնական պատասխանատու մարմին` հանձին Հայոց ազգային խորհրդի, իրականացրեց իր հիմնական եւ գլխավոր նպատակը: Ավելացնենք, որ Հայոց ազգային խորհուրդը փաստորեն դարձավ հայ ժողովրդի գերագույն իշխանությունը մինչեւ Հայաստանի անկախության հռչակումը:

Այստեղ էին կենտրոնացել արեւելահայ մտավորականության սերուցքը եւ տարածաշրջանի հայ քաղաքական եւ գործարար ասպարեզի գործիչների հիմնական մասը: ՀԱԽ-ը կազմված էր 15 անդամից` 6 դաշնակցական (Ավետիս Ահարոնյան, Աբրահամ Գյուլխանդանյան, Ռուբեն Տեր-Մինասյան, Խաչատուր Կարճիկյան, Նիկոլ Աղբալյան, Կորյուն Ղազազյան), 2 սոցիալիստ-հեղափոխական (էսէռ Հովհաննես Տեր-Օհանյան, Լեւոն Աթաբեկյան), 1 հնչակյան (Ղազար Տեր-Ղազարյան), 1 մենշեւիկ (Արամայիս Երզնկյան), 3 անկուսակցական (Տիգրան Բեկզադյան, Ստեփան Մամիկոնյան, Պետրոս Զաքարյան) եւ Հայ ժողովրդական կուսակցության 2 ներկայացուցիչ (Սամսոն Հարությունյան, Հարություն Այվազյան) (1):

Բացի Թիֆլիսում ստեղծված Հայոց կենտրոնական ազգային խորհրդից, տեղերում նույնպես ստեղծվեցին ազգային խորհուրդներ` որպես մասնաճյուղեր եւ տեղական իշխանություն: Այսպես, հայ ազգային խորհուրդներ ստեղծվեցին Բաքվում, Երեւանում, Ղարաբաղում, Ախալքալաքում եւ այլուր:

Մայիսի 28-ին Թիֆլիսում` Արամյանցի տանը, բուռն քննարկումներից հետո Հայոց ազգային խորհուրդը որոշեց եւ իր առաջին կոչում հայտարարեց. «Ազգային խորհուրդը ստանձնում է ազգային բոլոր գործերի գերագույն ղեկավարությունը որպես գործադիր մարմին»: Հայոց ազգային խորհուրդն ուներ իր բաժինները կամ կոմիսարիատները` զինվորական, գաղթականության, բժշկական, դպրոցական, պարենավորման եւ այլն: ՀԱԽ-ի զինվորական միությունն ստեղծեց Հայկական ազգային կորպուս` գեներալ Թովմաս Նազարբեկովի (Նազարբեկյան) գլխավորությամբ, որն ստանձնեց Հայաստանի պաշտպանությունը 1918 թ-ի ծանր ժամանակաշրջանում:

1918 թ. մայիսի 26-ին մի քանի ժամ տեւած Հայոց ազգային Խորհրդի նիստում, որի օրակարգում հիմնականը` «հայկական գաւառների ապագայի» հարցն էր, առաջարկված վեց կետերից, այդ թվում Հայաստանի անկախության հռչակում, ոչ մեկը բավարար ձայն չի հավաքում եւ չի ընդունվում, բացի մեկից: Դրա հեղինակը ՀԺԿ անդամ Լեւոն Թումանյանն էր եւ այն տվյալ պահի համար թերեւս լավագույն լուծում էր. «Նկատի ունենալով որ Վրաստանի եւ Ատրպէյճանի անկախութեան հրապարակումով լուծարուած է Անդրկովկասեան անկախութիւնը, Հայոց Ազգային խորհուրդը ժամանակաւորապէս իր վրայ վերցնում է կառավարչական գործառոյթներ հայկական գաւառների նկատմամբ»: Առաջարկն ստանում է 7 ձայն եւ համարվում ընդունված:

Անկախության մասին ՀՀ կառավարությունը հայտարարեց ավելի ուշ` 1918 թ. հունիսի 13-ին: Իսկ 1918 թ. հունիսի 7-ին Հայոց Ազգային խորհուրդը (13 կողմ եւ 2 դեմ) կառավարության նախագահ ընտրեց Հովհաննես Քաջազնունուն: Իսկ վերջինս խորհրդարանի հաստատմանը ներկայացրեց Հայաստանի Առաջին հանրապետության առաջին կառավարության կազմը` Վարչապետ` Հովհաննես Քաջազնունի, Արտաքին գործերի նախարար` Ալեքսանդր Խատիսյան, Ներքին գործերի` Արամ Մանուկյան, Ֆինանսների` Խաչատուր Կարճիկյան, Ռազմական` Հովհաննես Հախվերդյան:

Հուլիսին Երեւանում մի քանի ամիս անընդմեջ ծանրագույն պայմաններում իշխանություն իրականացնող Արամ Մանուկյանի ճնշման ներքո` 1918 թ. հուլիսի 15-ին Հայաստանի կառավարության կազմը` թողնելով իր գրեթե ողջ շարժական ու անշարժ գույքը Վրաստանում, Թիֆլիսից տեղափոխվում է Երեւան: Կառավարության կազմին մեկնելու ժամանակ կայարանում Վրաստանի որեւէ պաշտոնյա ներկա չի լինում: Դրան հակառակ Ղազախի կայարանում կառավարությանն ադրբեջանցիները ճոխ ընդունելություն են կազմակերպում ու ճանապարհում դեպի Երեւան, որտեղ հուլիսի 17-ին նրանց փառահեղ կերպով ընդունում է Արամ Մանուկյանը:

Ազգային խորհուրդն ու ՀՀ կառավարությունը Թիֆլիսից տեղափոխվելու հետեւանքով հայ քաղաքական կյանքի կենտրոնը դարձավ Երեւանը: Այստեղ կազմվեց նաեւ Հայաստանի խորհրդարանը: Նորակազմ խորհրդարանը ՀԺԿ անդամ Ստ. Մալխասյանի առաջարկով հայկական եռագույնը համարեց ՀՀ պետական դրոշ:

Նորակազմ կառավարությունը ներկայացրեց հայտարարագիր, որի համաձայն իր գործունեության առաջնահերթ խնդիրներն էր համարում. ա) կասեցնել երկրի տնտեսության հետագա քայքայումը, բ) հաստատել կարգ ու կանոն ամեն ինչում, գ) իրականացնել դատաիրավական բարեփոխումներ, դ) բացել հաղորդակցության ուղիները, ե) վերականգնել կապի միջոցները, զ) հնարավորինս մեղմացնել սովն ու գաղթականների ծանր վիճակը, է) ստեղծել սեփական դրամական համակարգ, ը) վերակառուցել երկրի ռազմուժը, թ) կարգավորել հարաբերությունները հարեւան երկրների հետ եւ այլն (2): Խմբակցությունները հիմնականում հավանություն տվեցին կառավարության այդ նախագծին (3):

Այսօր` 2018 թ. մայիսի 8-ին, ՀՀ խորհրդարանում ձայների 59 կողմ եւ 42 դեմ հարաբերակցությամբ երկրի նոր վարչապետ ընտրվեց: Գաղտնիք չէ, որ նրա անձի ու թիմի հետ ողջ ժողովուրդը մեծ հույսեր է կապում: Տիրոջ կամոք այդ սպասելիքների մեծ մասը թող իրականություն դառնան, որպեսզի պատերազմ ու հոգեբանական պատնեշներ հաղթահարած ժողովուրդս շտկի մեջքը, ժպտա ու ծիծաղի լիաթոք եւ հպարտ քայլի Նոր աշխարհում արժանավորների ամենաառաջին շարքերում: 08.05.2018

1) ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 141, թ. 1-3:

2) ՀԱԱ, ֆ. 222, ցուցակ 1, գործ 141:

3) ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 35, թ. 146:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ