RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018



ԸՆԴԳԾՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2018-05-19 09:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1531, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԻՐԻԱՑԻ ՔՐԴԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՆԱՄԵՏ

Պ.Ք.

ԱՄՆ-ից եւ Իսրայելից հիասթափվելովՙ նրանք հակվում են Թեհրանի կողմը

Սիրիացի քրդերն ակնհայտորեն դադարել են վստահել ԱՄՆ-ի եւ Իսրայելի հատուկ ծառայություններին: Սիրիայի քրդերին վախեցրել է Anadolu գործակալության եւ Yeni afak թերթի ապրիլի 27-ին հրապարակած այն փաստը, որ քրդերի ինքնապաշտպանական ջոկատների վերասկողության տակ գտնվող Ռումելա քաղաքի ամերիկյան ռազմաբազա են բերվել ֆրանսիական հատուկ նշանակության ուժեր: Վերջերս նաեւ հաճախակի են դարձել ֆրանսիական ուժերի տեղափոխությունները Սիրիայի եւ Իրաքի տարածքներում:

Ֆրանիացի եւ ամերիկացի զինծառայողները քրդերի ինքնապաշտպանական ջոկատների հետ տանկերով պարեկություն են անում սիրիական Մանբիջ եւ Ռաքքա քաղաքների փողոցներում: Ֆրանսիան սիրիացի քրդերին նաեւ մատակարարում է զենք ու զինամթերք: Anadolu գործակալության տվյալներով, ֆրանսիական զորքեր են տեղաբաշխված քրդերի ինքնապաշտպանական ջոկատների վերահսկողության տակ գտնվող տարածքի հինգ ռազմակայաններում:

Հարկ է նշել, որ Սիրիայի հյուսիսում հենց Մանբիջ քաղաքն է Թուրքիայի ձեռնարկած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության հերթական թիրախը: Այդ քաղաքում դեռ կան քրդական ջոկատներ, որոնք, սակայն, կռվում են ամերիկացիներին ենթակա «Սիրիական ազատ բանակի» դրոշներով: Մանբիջի շուրջը ֆրանսիացիների եւ ամերիկացիների սկսած մանեւրները լրջորեն մտահոգում են սիրիացի քրդերին: Չէ՞ որ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները քրդերին ոչնչով չօգնեցին, երբ թուրքերը հարձակվեցին Աֆրինի վրա: Քրդերին հայտնի է, որ Աֆրինում ներկայումս տեղի են ունենում ժողովրդագրական մեծ փոփոխություններ, որ այնտեղ բնակեցվում են ոչ միայն Սիրիայի, այլեւ ուրիշ երկրների արաբներ, որոնց վերջերս արտաքսել էին Համայի եւ Իդլիբի նահանգներից: Բայց քանի որ Իդլիբի ապառազմականացված գոտին Թուրքիայի վերահսկողության տակ է, թուրքերը Իդլիբի իսլամիստներին անաղմուկ վերաբնակեցնում են Հալեպի նահանգի հյուսիսային մասում, ներառյալ Աֆրինում:

Սիրիացի քրդերի համար բարդությունների պատճառը ոչ թե Իրանն է, այլ ԱՄՆ-ի եւ Իսրայելի դաշնակից Թուրքիան: Քրդերը լավ հասկանում են, որ ակնհայտորեն ձախողում է կրել իրենց անհեռատես խաղը (ակնհայտորեն թելադրված հենց ԱՄՆ-ի եւ Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից), որը պահանջում էր Աֆրինը պաշտպանել ռուսներից եւ իրանցիներից, այսինքն, փաստորեն, պատերազմ սկսել Թուրքիայի դեմ: Ահա թե ինչու քրդերի կարիքներին օժանդակելու եւ Քրդստանի բարեկամը մնալու վերաբերյալ Իսրայելի նախկին վարչապետ Օլմերտի արած հայտարարությունը խուճապ առաջացրեց սիրիացի քրդերի մեջ:

Ըստ երեւույթին, կարելի է սենսացիա համարել այն լուրը, որ մայիսի 2-ին Թեհրան է մեկնել սիրիացի քրդերի պատվիրակությունՙ Խալիդ Ատիայի գլխավորությամբ: Հարկ է նշել, որ սիրիացի քրդերի միջավայրում ցեղային միասնականության մասին ակնարկներ չեն արվում: Չի բացառվում, որ պատվիրակության վերադարձից եւ սիրիացի քրդերի մյուս ցեղերի հետ բանակցություններից հետո վերահաստատվի այն ներքին պառակտումը, որը 2014-2015 թթ. քրդերի մեջ տիրում էր այն առնչությամբ, թե պե՞տք է արդյոք բռնել ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմը կամ միանալ «Սիրիական ազատ բանակի» գործողություններին:

Հատկանշական է, որ սիրիացի քրդերի պատվիրակությանը Թեհրանում ընդունել են բարձր մակարդակով, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Պատվիրակության անդամների հետ բանակցել է Նպատակահարմարության խորհրդի անդամ եւ Իրանի առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:

«Ես վստահ եմ, որ Սիրիայում ապրող քրդերը ԱՄՆ-ին եւ Իսրայելին երբեք թույլ չեն տա գրավել իրենց հողերը: Սիրիայում մեր քուրդ բարեկամները ԱՄՆ-ին եւ սիոնիստներին թույլ չեն տա արմատավորվել իրենց երկրում: Սիրիական ազգի հաջողության գաղտնիքը ցեղերի եւ կրոնների միասնության մեջ է: Բարեբախտաբար, արաբները, քրդերը եւ մյուս ժողովորդները Սիրիայում ապրում են հաշտ ու խաղաղ եւ պայքարում արտաքին ուժերի դեմ, քրիստոնյաները եւս մյուսների հետ ուս ուսի տված նշանակալի դեր են խաղացել թշնամու դեմ մղվող պայքարում», հայտարարել է Վելայաթին:

Քրդերին քրիստոնյաների մասին հիշեցնելովՙ նա ակնարկել է, որ Սիրիայի քրդաբնակ շրջաններում ապրում են նաեւ քրիստոնյա հայեր, հույներ եւ ասորիներ: Քանզի սիրիացի քրդերը հակաահաբեկչական պայքարի մասին խոսելիս իսլամիստների դեմ տարած հաղթանակները վերագրում են բացառապես իրենց ուժերին եւ կազմավորումներին:

Այնուհետեւ Վելայաթին սահուն կերպով խոսք է բացել Իսրայելի մասին: Նրա կարծիքով, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Իրանի ամենաթույլ թշնամին է: Նաթանյահուի հակաիրանական դիրքորոշումը կապված է տարածաշրջանում գերիշխելու նրա անկարողության հետ: Վելայաթին ասել է, որ Իրանի եւ իր դաշնակիցների հաջողությունները, ինչպես նաեւ տարածաշրջանում թշնամական ուժերի ձախողումները վերջիններիս անտրամաբանական գործողությունների արդյունքն են:

Սիրիացի քրդերի պատվիրակ Ատիան իր հերթին ասել է, որ Իսլամական հեղափոխությունն ամրապնդեց Իրանի եւ Սիրիայի փոխհարաբերությունները: Սիրիացի քրդերը համոզվել են, որ իրենց իսկական դաշնակիցները կարող են լինել միայն շիա մահմեդականներըՙ Իրանը եւ տարածաշրջանում գործող շիա կազմավորումները: Եվ Աֆրինի քրդերի ու եզդիների ողբերգությունը ցույց տվեց, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը մշտապես կարող են հուսախաբ անել քրդերին:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իտալական Panorama հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը հուսախաբ չի արել քրդերին եւ որ խաբեության մեջ պետք է մեղադրել նրանց, ովքեր «անջատական տրամադրություններ են հրահրումՙ խոստանալեվ հովանավորություն, խոչընդոտում են երկրի ընդարձակ տարածքների վրա օրինական կառավարության վերահսկողության հաստատմանը, ովքեր քրդերին հորդորել են միակողմանիորեն հռչակել դաշնություն եւ զբաղվել են դրա ուժային այն կառույցների ձեւավորմամբ, որոնք Սիրիայի կառավարության բացառիկ իրավասությունն են: Սիրիական կառավարության հրավերով այդ երկրի տարածքում գտնվող ռուսական զորքերը ըստ ամենայնի նպաստել են «Իսլամական պետությունը» ներկայացնող ահաբեկչության ռազմաքաղաքական օջախի վերացմանը»:

Այսպիսով, Իրանի հետ Արեւմուտքի եւ Իսրայելի փոխհարաբերություների ճգնաժամի խորացման պայմաններում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հատուկ ծառայություները Մերձավոր Արեւելքում հերթական մարտավարական պարտությունը կրեցին: Այնտեղ սիրիացի քրդերը վերջիններն էին, որ խուսափում էին հարաբերությունների հաստատումից: Իհարկե շփումներ եղել էին, սակայնՙ ոչ պաշտոնական մակարդակով: Վերոնշյալն ամփոփելովՙ կարելի է ենթադրություն անել, որ սիրիացի քրդերը պատրաստվում են հեռանալ ԱՄՆ-ից եւ Իսրայելից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ